Հայ-իրանական սահմանը հատող մեքենաների հետ կապված խոչընդոտները կվերացվեն համատեղ ավտոապահովագրական ընկերության ստեղծմամբ
Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով կապ հաստատել աշխարհի հետ, որի համար պարտավոր է զարգացնել իր երկրի ներքին ճյուղերը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, Մեղրու ազատ տնտեսական գոտուն և հայ-իրանական սահմանում երկուստեք մեքենաների՝ սահմանը հատելու հետ կապված հարցերին։
Նրա խոսքով՝ Հայաստանից մարդատար և բեռնատար մեքենաները չեն կարողացել հատել հայ-իրանական սահմանը, քանի որ խնդիրներ են եղել ապահովագրության հետ կապված, որն էլ այսօր փորձում են լուծել հայ-իրանական համատեղ ապահովագրական ընկերության հիմնադրմամբ։
«Պատմությանը հայտնի են շատ հուշագրեր, որոնք մնացել են սեղանին, սակայն որևէ օրենք ու կանոն չի կարող ստիպել, որպեսզի համագործակցություն ձևավորվի և զարգանա, եթե չլինի ժողովուրդների ցանկությունն ու բարեկամությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկուստեք կա մեծ ցանկություն, ամուր կամք, պատմամշակութային հենք, մենք դրա հիման վրա ենք քայլեր ձեռնարկել։ Երկու տարի առաջ, երբ ստանձնում էի այս պաշտոնը, Նորդուսում չկար այդ մեծ շուկան՝ իր ենթակառուցվածքներով։ Մենք հիմնվելով պահանջարկի վրա և տեսնելով այդ պոտենցիալը և այն, որ մենք դարեր ի վեր իրար կողքի ենք ապրում, միլիոնավոր ներդրումներ կատարեցինք, որպեսզի կարողանանք ապահովել այն անհրաժեշտ պայմանները, որն այսօր տեսնում են մեր երկու երկրների ժողովուրդները»,- ասաց Մ. Նարիմանը։
Անդրադառնալով Մեղրու ազատ տնտեսական գոտուն՝ նա տեղեկացրեց, որ 1,5 տարի առաջ հյուրընկալել է Մեղրու քաղաքապետին, միասին քննարկել են ազատ տնտեսական գոտում առակ խոչընդոտները և փորձել են լուծումներ գտնել։
«Փորձում ենք այնպես անել, որ տարածաշրջանն ակտիվացնենք։ Այսօր մեր համագործակցության լավագույն արդյունքն այն է, որ ես տեսնում եմ 100 տոկոսանոց առևտրաշրջանառության աճ, որը մենք պատժամիջոցների արդյունքում կարողացել ենք ապահովել։ Այսինքն՝ նույնիսկ առանց պատժամիջոցների, մենք չենք ունեցել առևտրաշրջանառության նման աճ, սա արդեն մեծ ձեռքբերում է, որը մեր աշխատանքի շնորհիվ է»,- եզրափակեց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը։
Հիշեցնենք, որ Մեղրու ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ժամանակ։ Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում նախատեսվել է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք պետք է իրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, ինչպես նաև ստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և արտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։
Զվարթ Խաչատրյան