«Լենկոմ» թատրոնին շնորհվել է Մարկ Զախարովի անունը
«Լենկոմ» մոսկովյան պետական թատրոնին շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովի անունը, որը հաստատության գեղարվեստական ղեկավարն էր: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: «Մոսկվա քաղաքի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկու կողմից հրամանագիր է ստորագրվել առ այն, որ թատրոնն այժմ կոչվում է «Մարկ Զախարովի Լենկոմ»,- ասել է նա:
Ավելի վաղ «Լենկոմ»-ի արտիստներն ուղերձ էին հղել Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինին՝ թատրոնին գեղարվեստական ղեկավարի անունը շնորհելու վերաբերյալ:
Մարկ Զախարովը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 28-ին, նրան հողին են հանձնել Նովոդեւիչիե գերեզմանատանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: