Բաժիններ՝

Ո՞վ կներկայացնի Հայաստանը Կուստուրիցայի փառատոնում. Ալմազյանը փակագծեր է բացել

Էմիր Կուստուրիցայի հիմնած Kustendorf Classic դասական երաժշտության միջազգային փառատոնին այս տարի ևս մասնակցելու են հայաստանցի երաժիշտները։ Ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման եթերում որոշ մանրամասներ է հայտնել օգոստոսի 27-29-ը նախատեսված միջազգային հեղինակավոր միջոցառմանը հայաստանյան արտիստների սպասվող ելույթների մասին։

«Ես շատ հպարտ եմ, որ բոլոր հայ երաժիշտներին այդ փառատոնին ես եմ հրավիրել։ Եթե չեմ սխալվում, Նարեկ Հախնազարյանի առաջին մասնակցությունը 2016 թ․-ին էր, և նա իր կատարումով ցնցեց բոլորին։ Դրանից հետո 2019–ին է եղել, և երրորդը` այս տարի։ Բացումը անելու է Նարեկը։

Այս փառատոնի մեխը կլինի այն, որ առաջին բաժնում նվագախումբը հանդես կգա առանց դիրիժորի, Նարեկը թավջութակով լիդերություն կանի, իսկ 2-րդ բաժնում՝ արդեն դիրիժորություն։ Շատ լավ ծրագիր է, ամբողջովին Չայկովսկի»,– նշում է Ալմազյանը։

Հայաստանից երկրորդ մասնակիցը լինելու է Երևանում կայացած «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթում պատվավոր երրորդ տեղը գրաված 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, ում համար փորձառու պրոդյուսերը մեծ ապագա է կանխատեսում։

«Շատ հետաքրքիր աղջիկ է Էլենը։ Ես իրեն անձամբ չեմ տեսել, բայց երբ իր ելույթները տեսա, զանգահարեցի Էլենի հայրիկին, խոսացինք, ասացի, որ ես ուզում եմ առաջարկեմ Կուստուրիցիային ուղարկել ձայնագրությունը։ Իրոք, ես համոզված եմ, որ ինքը մեծ ապագա է ունենալու։ Էլենն իր 15 տարեկանում այնպիսի լրջություն ունի, նա արդեն արտիստ է ու իր գործիքին փայլուն է տիրապետում»,- ասում է պրոդյուսերը։

Խաչատուր Ալմազյանը նաև պատմել է, որ իր համագործակցությունն ու ընկերությունը Էմիր Կուստուրիցայի հետ սկսվել է 2007թ–ից, երբ նրա կողմից հրավեր է ստացել և պատիվ է ունեցել իր ղեկվարած «Ալմազյան սիմֆոնի» նվագախմբի հետ բացելու աշխարհահռչակ ռեժիսորի հիմնադրած առաջին փառատոնը։

Աշխարհահռչակ սերբ կինոռեժիսոր Կուստուրիցայի փառատոնը ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է 2008թ-ից, Սերբիայի Մոկրա Գորա շրջանում. Բելգրադից 200կմ հեռավորության վրա հատուկ Կուստուրիցայի կողմից կառուցված փայտաշեն Դրվենգրադ էթնոգյուղում։ Գյուղը կառուցվել է տարիներ առաջ «Կյանքը որպես հրաշք» ֆիլմի նկարահանումների համար, և արդեն շուրջ 20 տարի ծառայում է կինոյի և երաժշտության «Կուստենֆորդ» փառատոնների անցկացման համար։

Իր հարցազրույցնեից մեկում Էմիր Կուստուրիցան նշել է, որ «Կուստենդորֆը» զերծ Է «հոլիվուդյան ոգուց»` կարմիր ուղեգորգերից, գլամուրից, գովազդային շոուներից, քանի որ այդ ամենը, նրա համոզմամբ, սպառնալիք Է հեղինակային կինոյի ու կինեմատոգրաֆի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31