Մեկնարկեց «Երկրորդ կարծիք» առողջապահական ծրագիրը. աջակիցն է Կոնվերս բանկը
Նոյեմբերի 20-ին՝ եռակողմ համաձայնագրերի ստորագրումից հետո հայտարարվեց Առողջապահության ոլորտում հայ-արգենտինական կապերն ընդլայնող «Երկրորդ կարծիք» ծրագրի մեկնարկը: ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Արգենտինայի՝ տարածաշրջանային նշանակության Գարրահան մանկական հիվանդանոցը կհամագործակցի հայաստանյան երկու մանկական հիվանդանոցների՝ «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հետ: Նախագծի աջակիցն է Կոնվերս Բանկը:
«Միջազգային պրակտիկայում շատ կիրառվող «Երկրորդ կարծիք» ծրագիրը հնարավորություն կտա մանկաբուժության ոլորտում ապահովել հեռահար մասնագիտական խորհրդատվություն, հատուկ դեպքերի քննարկում և փորձի փոխանակում արգենտինյան և հայաստանյան կարևորագույն մանկական կլինիկաների միջև», – նշեց ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը:
Համագործակցության այս համաձայնագիրը կարևոր քայլ է առողջապահության ոլորտում երկու երկրների միջև փոխհարաբերություններում՝ հատկապես փորձի և տեղեկատվության փոխանակման առումով:
«Աջակցելով այս նախագծին՝ Էռնեկյան խումբը հերթական անգամ իր ներդրումն է կատարում Հայաստանի առողջապահության ոլորտում միջազգային փորձի ներդրման ու կիրառման հարցում: Հուսով ենք, որ արգենտինյան ու հայաստանյան երկու բուժհաստատությունների միջև հաստատվող համագործակցությունը կդառնա Սփյուռք-Հայաստան փոխգործակցության ևս մեկ արդյունավետ օրինակ՝ հնարավորություն ընձեռելով օգտագործել Սփյուռքի ներուժը, իսկ փորձի փոխանակման արդյունքում ստացված նոր հմտությունները հաջողությամբ կիրառել առօրյա բժշկական պրակտիկայում»,- ասել է Հայաստանում էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ, Կոնվերս բանկի խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը:
Միջոցառմանը ներկա էին Գարրահան մանկական հիվանդանոցի նախագահ, արգենտինահայ մանկաբույժ Կառլոս Կամբուրյանը, «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը, ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Արթին Չիլինգիրյանը,հյուրեր: