Արցախյան քաղաքական խճանկարն ու նախընտրական ինտրիգները
նչպես հայտնի է՝ գարնանն Արցախում բավական լուրջ քաղաքական վերաձևակերպումներ են սպասվում՝ կապված մարտի 31-ին սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ։ Ահա այս ֆոնին Արցախում արդեն սկսվել է ոչ պաշտոնական նախընտրական սեզոնը, և արդեն հայտնի նախագահի թեկնածուները զբաղված են իրենց ուժերի գնահատման և ընտրապայքարի ռազմավարություն մշակելու գործով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իրենց մտադրությունների մասին նախնական կամ վերջնական ձևով հայտնել են թվով 6-7 քաղաքական գործիչներ՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի վերածնունդ կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանն ու նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:
Պետք է փաստել, որ այսօր որքան էլ մոդայիկ է Փաշինյանի քաղաքական ճաշակով շարժվելը, սակայն դա ոչ բոլոր արցախցիներին է բավարարում: Փաստացի ներկայումս Փաշինյանն Արցախում դիրքավորվելու և սեփական թեզերը տեղում ընկալելի կերպով մատուցելու խնդիր է տեսնում և հնարավոր ամեն կերպ փորձելու է Արցախում ուժեղ թեկնածու ունենալ։ Այս պարագայում մնում է հասկանալ, թե այդ թեկնածուն որքանո՞վ է ընդունելի Արցախի բնակչության համար։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ընդգծված հակառակ թրենդի մեջ է՝ հակափաշինյանական հիմնական գաղափարների տարածողն ու թիվ մեկ քննադատը, ապա ստացվում է, որ Արցախի առաջիկա ընտրություններում առանցքային նշանակություն են ունենալու ներհայաստանյան զարգացումներին անմիջական հարող թեկնածուների դիրքորոշումները։
Ստեղծված քաղաքական իրավիճակում ընտրություններին ակտիվ արշավի դեպքում հաջողության հասնելու հնարավորություն ունի նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով իրեն առավել հավասարակշռված է դրսևորում, սրա նրա գիրկն ընկնելու խնդիր չի լուծում: Ղուլյանի կուսակցությունը, ճիշտ է, վերջին տարիներին խորհրդարանական ընտրություններում որոշակի տեղեր է կորցրել, սակայն առաջիկայում սպասվող ընտրություններին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական դաշտում առկա է գործող ուժերի և ֆավորիտների միջև հստակ բևեռացում՝ կապված պրոփաշինյանական և հակափաշինյանական քաղաքականությանը հարող ուժերի միջև, Ղուլյանի դիրքերը թույլ համարել չի կարելի։ Դա միգուցե նրան չօգնի նախագահական ընտրարշավում, սակայն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը գրագետ վարելու դեպքում նա կհաջողի այդ հարցում: Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ ներկայումս Արցախում նախագահական ընտրությունների շեմին հիմնական երկու ֆավորիտներն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանն են, որոնք աչքի են ընկնում ընդգծված «փաշինյանամետ» դիրքորոշումներով և բացահայտ գործում են Փաշինյանի «գծի մեջ»:
Օրերս Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե ովքեր կասկածի տակ են դնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը, դավադիր ուժեր են, խոստանում է մեծ հակազդեցություն ստեղծել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չընդունող կամ նույնիսկ չեզոք դիրքավորված ուժերի համար: Հետաքրքրական է, որ Հայաստանի նախկին իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունեցած Արայիկ Հարությունյանը ՀՀ նոր իշխանությունների դրական տրամադրությունն ապահովելու համար այրում է հին կամուրջները, որը նրա դեմ լուրջ դիմադրություն է առաջացնելու:
Չնայած այն հանգամանքին, որ Մասիս Մայիլյանը ֆավորիտների թվում է, սակայն արդեն իսկ տեղեկատվություն շրջանառվեց, որ Փաշինյանն իր ընտրությունը կատարել է, և, ըստ ամենայնի, նրա թեկնածուն կլինի Արայիկ Հարությունյանը, ով հնարավորությունը բաց չի թողնում քծնել և սիրաշահել Փաշինյանին ու դա անում է չմիջնորդավորված՝ ուղղակի, բաց տեքստով։ Միգուցե հենց դա էլ այն գինն է, որի դիմաց Փաշինյանի իշխանությունը վերջնահաշվարկում կանգնել է հենց Արայիկ Հարւթյունյանի թեկնածության վրա:
Ինչ վերաբերվում է նախագահի ընտրությունների մեկ այլ ֆավորիտին՝ Մասիս Մայիլյանին, ապա Արցախում Մայիլյանը փաստացի չունի քաղաքական հենարան, որպեսզի կարողանա լուրջ քաղաքական պայքար ծավալել ընտրություններին։ Ճիշտ է, որոշ քաղաքական շրջանակներ և տարբեր «տրամաչափի» գործիչներ փորձում են նրա համար քաղաքական հենարան ստեղծել, բայց ըստ տեղեկությունների՝ նրանց չի հաջողվում Մայիլյանի կերպարին ու դիրքին համապատասխան հենարան ստեղծել։
Սամվել Բաբայանը, ով բավականին բուռն ֆուրորով էր փորձում մտնել քաղաքական դաշտ, ներկա փուլում փոխել է իր տակտիկան։ Քանի որ Բաբայանն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, փորձում է պահել որոշակի քաղաքական ակտիվություն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելով։ Հասկանալի է, որ անձամբ Բաբայանը չի պատրաստվում գնալ խորհրդարան, սակայն ձևավորել է քաղաքական ուժ, որի քաղաքական խորհրդում և ընդհանրապես ողջ կուսակցությունում որևէ լուրջ քաղաքական դեմք չկա։ Ըստ էության՝ Բաբայանի կուսակցության քաղաքական «ստավկան» կապված է Բաբայանի կայուն ընտրազանգվածին, ով տարիներ շարունակ կարողացել է դրա հաշվին պահել իր վարկանիշը։ Նախնական իրադրության համաձայն՝ դա Բաբայանի կուսակցությանը 5-10 տոկոսանոց ձայներ ապահովող զանգված է, որն ընտրություններում լավ աշխատելու դեպքում կարող է մինչև 15-17 տոկոսի հասնել, ինչը հնարավորություն կտա նրան փոքր խումբ ապահովել Արցախի խորհրդարանում և դրանով բավարարել՝ ինչպես Սամվել Բաբայանի քաղաքական ամբիցիաները, այնպես էլ՝ մեղմել նրա կողմնակիցների քաղաքական որոշակի նկրտումները։
Հավելենք, որ վերջերս խորհրդարանական ընտրությունների ակտիվ մասնակցության մասին հայտարարեց Ապրիլյան պատերազմի հերոս հրամանատարներից Գրիգորի Սահակյանը, ով Հայկազովի զորամասի նախկին հրամանատարն է, 27 տարվա զինվորական, պահեստազորի գնդապետ։ Սահակյանի հիմնած կուսակցության անվանումը «Վստահություն» է, նա բավականին մեծ հեղինակություն ունի՝ հատկապես ուժային կառույցների շրջանակում, իսկ Արցախում ուժայինները մեծ թիվ են կազմում։ Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք նա կմասնակցի նախագահական ընտրություններին, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող Գրիգորի Սահակյանի թիմն ապագա խորհրդարանում հարմար տեղավորվելու լավ հնարավորություններ ունի: Այսօր Սահակյանն իր ուժերն է փորձում քաղաքական դաշտում, որտեղ ընդդիմությանը համախմբելու լուրջ գործընթաց է սկսել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ստեփանակերտում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում Սահակյանը հանպատրաստից, բոլորի համար անակնկալ՝ մոտ 5000 ձայն էր հավաքել՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Եթե համառոտ ներկայացնենք մյուս թեկնածուների քաղաքական քայլերի մասին, ապա նշենք, որ Վահան Բադասյանը, չնայած հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, փաստացի ոչ մի լուրջ քաղաքական աջակցություն չունի։ Ավելին, հավաստի տեղեկություններ կան, որ Բադասյանը «տակից» համագործակցում է Արայիկ Հարությունյանի հետ, չնայած առերես իմիտացիա է ստեղծում՝ իբրև թե ինքն առանձին և ինքնուրույն խաղացող է։ Ըստ լուրերի՝ Հարությունյանի վարչապետ և պետնախարար եղած տարիներին Բադասյանը բավականին էժան պետական վարկային միջոցներ է ստացել։
Մյուս թեկնածուն՝ Հայկ Խանումյանը, չնայած հայտնել է ընտրություններին մասնակցելու մասին, սակայն առանձնապես ակտիվություն չի դրսևորում։ Նշենք նաև, որ նա չունի համապատասխան քաղաքական աջակցություն լայն շրջանակների կողմից։ Ներկայումս կան որոշակի փոքրաթիվ խմբեր, որոնք սատարում են նրան. ի դեպ, չի բացառվում, որ Խանումյանը մի փուլում միանա Մասիս Մայիլյանին։
Արմեն Հովասափյան