«Օրենքի պահանջ է, որևէ մեկի կամակատարությունը չի եղել ՊՆ-ում». Արծրուն Հովհաննիսյանը՝ «Օրսիսի» տենդերի ձախողման մասին

«Օրսիս» ռուսական ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը AD TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում նշել է, որ ««Պրոմտեխնոլոգիան» ՌԴ-ում ռազմամթերքի արտադրության ոլորտում խոշորագույն ընկերություն է, որը և՛ մինչ հեղափոխությունը, և՛ հեղափոխությունից հետո տարբեր տեսակի ռազմամթերքի բազմաթիվ պայմանագրեր ունի ՀՀ ԶՈՒ-ի հետ»:

«Այս տարի գարնանը հայտարարվեց մրցույթ, ինչը զարմանալի է, որ նոր ՀՀ-ում ռազմամթերքն է անգամ մրցույթով գնվում: Մինչ այդ հիմնականում պայմանագրեր են եղել: «Օրսիսը» մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել: Ընդ որում՝ այդ ռազմամթերքի տեսակը հենց իրենք են արտադրում,  ԱՊՀ-ում որևէ մեկը չի արտադրում: Այնպես չի, որ ուրիշից պիտի առնեն և վերավաճառեն ՀՀ-ի վրա, գործնականում այլ մասնակից չէր կարող լինել: Մրցույթը գնաց նորմալ, և «ֆոկուսները» սկսվեցին ամենավերջում: Մրցույթի պայմաններից մեկը հետևյալն է՝ դու պետք է, ի թիվս այլ հատկանիշների, ապացուցես, որ նախկինում նմանատիպ աշխատանքներ կատարել ես: Մեր դեպքում սա ծիծաղելի էր, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) լավ գիտի, որ նախկինում մենք նման աշխատանքներ կատարել ենք, այդ թվում՝ ՀՀ ԶՈՒ-ի համար: Բայց քանի որ նման պայման կար, ուստի մարդիկ ներկայացրեցին 4 խոշոր պայմանագիր այլ պետությունների հետ, որոնց շարքում Ադրբեջանը չկար: Մեր ՊՆ հանձնաժողովն ասաց, որ սա բավարար չի, և պետք է փաստաթղթեր ներկայացնեք նաև այն մասին, որ պայմանագիրը ոչ միայն ստորագրվել է, այլև՝ կատարվել»,-նշել է նա՝ հավելելով, որ փաստեր են ներկայացրել ռազմամթերքի առաքման մասին, որի մասով ՊՆ-ից ասել են, թե առաքումը չի նշանակում՝ ստացում: «Մեզ ՊՆ հանձնաժողովն ասաց այս փաստաթղթերից հետո, թե՝ չապացուցեցիք, որ նախկինում նման աշխատանքներ կատարել եք»,- ընդգծել է փաստաբանը:

 168.am-ը ռուսական ընկերության փաստաբանի հայտարարության մասով փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ-ից, ինչին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց.

«Պարոն Սիրունյանն այնքան էլ լավ չի տիրապետում եղելությանը՝ կապված «Պրոմտեխնոլոգիա» ընկերության վիճակի հետ, ինչպես նաև գործի մանրամասներին, այլապես կիմանար, որ հստակ խնդիրներ կան: Նախ՝ լրագրողի հարցին, թե արդյոք նորմա՞լ է, որ զինվորականները, ՊՆ պաշտոնյաները զբաղվեն այդ գործով, նա դիվանագիտական պատասխան է տալիս՝ մոռանալով, որ ինքն իրավաբան է, և իրավաբանական խնդիրները մնում են իրավաբանական խնդիրներ: Դա հետո կպարզվի, բայց չեմ կարծում, որ անգամ սովորական հեռուստադիտողը չգիտի՝ ով պիտի զբաղվի բիզնեսով, ով պիտի ընկերություն հիմնադրի, կա՞ արդյոք շահերի բախում: Ինչ վերաբերում է «Պրոմտեխնոլոգիա» ընկերության դիրքին, ապա այն ՌԴ-ում զինվորական ոչ մի տեսակի արտադրանքի պարագայում ամենախոշոր արտադրողը չէ: Ինքը ոչ մասնագիտական բառեր է օգտագործում՝  զինամթերք, և այլն: Զինամթերքը լրիվ ուրիշ բան է, դա կոնկրետ բանի է վերաբերում: Բայց անգամ զինամթերքի մեջ «Պրոմտեխնոլոգիան» ամենամեծը չի հաստատ, կան շատ ուրիշ ընկերություններ: Նա միակը չի այն արտադրանքի դեպքում, որը փորձել է գնել ՊՆ-ն, ինչպես ներկայացնում է պարոն Սիրունյանը: Ես հասկանում եմ, որ այս ոլորտում փորձ չունի, և խորհրդատուները հենց «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունից են: Բայց դժվար չէ ինտերնետով որոնել և գտնել, օրինակ, համանման «Պուլսար» ընկերությանը, և այլն: ՊՆ-ն «Պրոմտեխնոլոգիա» ընկերության դեմ ոչինչ չունի և պատրաստ է շարունակել համագործակցությունը: Ավելին, իմ անունից անձամբ կարող եմ ասել՝ օգտագործում եմ «Օրսիսի» որսորդական զենքը և շատ գոհ եմ որակից: Եկեք մեկը մյուսի հետ չխառնենք»:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ ռազմական գաղտնիք հայտնելու խնդիր չկա, թե իբր նման բան պարունակող թղթեր են պահանջել ՊՆ-ից: Նա շեշտեց, որ ՀՀ գնումների մասին օրենքով և դրա հստակ ենթակետով սահմանված է՝ տվյալ ընկերությունը կոնկրետ ապրանքատեսակի հետ կապված պայմանագրի կնքումից առաջ պետք է ներկայացնի նմանատիպ սարքավորմանն առնչվող նախկինում ունեցած պայմանագիր՝ որոշակի սահմանաչափով:

«Եթե, օրինակ, 2 միլիարդ դրամանոց պայմանագիր էր ՊՆ-ի հետ կնքում, դրա մոտ 30-50 տոկոսի չափով պիտի ներկայացներ: «Օրսիս Արմսը» բազում թղթեր է ներկայացրել, որտեղ հիմնավորում է իր գործարքները, բայց դրանք ընդհանուր բնույթի գործարքներ են: Սա օրենքի պահանջ է, որևէ մեկի կամակատարությունը չի եղել ՊՆ-ում, որ այդ փաստաթղթերը ներկայացվեն»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Մանրամասնենք,  որ գնումների մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետով սահմանված է «հայտի ապահովում» հասկացությունը, որի համաձայն՝ դա օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց է:

Օրենքի 32-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ մասնակիցը հայտով՝ հրավերով սահմանված պահանջով ներկայացնում է հայտի ապահովում, որի չափը հավասար է հայտով առաջարկվող գնի մինչև հինգ տոկոսին: Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի կամ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա՝

հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից,

խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, հայտերի բացումից հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից:

Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետի համաձայն՝ հրավերում նախատեսվում է նաև, որ մասնակիցը գնումներին մասնակցելու իր իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշերին համապատասխանությունը հիմնավորելու համար հայտով ներկայացնում է իր հաստատած հայտարարությունը, պայմանով, որ մասնակիցը պարտավորվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնել հայտարարությունը հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները):

Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել նաև, որ ՀՀ կառավարության 04.05.17թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 32-րդ կետի 20-րդ ենթակետով նախատեսվել է, որ, եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու և (կամ) որակավորման չափանիշերը բավարարելու մասին հայտով ներկայացված հայտարարությունները որակվում են որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը կամ առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում՝ բացառությամբ մասնակցի կողմից գնային առաջարկի և հայտի ապահովման ներկայացման դեպքերի:

Միաժամանակ կարգի 43-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հայտերի բացման նիստի ավարտից հետո ոչ ուշ, քան հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով ծանուցումն ուղարկելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնել որակավորման չափանիշերը հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը, ապրանքների գնման դեպքում՝ նաև սույն կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված փաստաթուղթը, իսկ բանկային երաշխիքի ձևով ներկայացված հայտի ապահովման բնօրինակը` կից գրությամբ:

Այսինքն՝ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ և յուրաքանչյուր գնման հրավերով նախատեսվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնելու է միայն հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու և (կամ) որակավորման չափանիշերը բավարարելու մասին հայտարարություն, իսկ առաջին տեղը զբաղեցրած ճանաչվելու դեպքում՝ պարտավոր է ներկայացնել որակավորումը հավաստող փաստաթղթերը: Հակառակ դեպքում, այն է՝ եթե առաջին տեղը զբաղեցրած ճանաչված մասնակիցը սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում իր որակավորումը հավաստող փաստաթղթերը, կամ այդ փաստաթղթերը գնահատող հանձնաժողովի կողմից որակվում են հրավերի պահանջներին չհամապատասխանող, ապա այդ հանգամանքը դիտարկվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում, և այդ պարագայում պատվիրատուն պարտավոր է ձեռնարկել միջոցներ հայտի ապահովման գումարը գանձելու ուղղությամբ: Ընդ որում, հարկ է նկատել, որ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նման խիստ կարգավորումներ նախատեսվել են մասնակիցների կողմից հակամրցակցային պայմանավորվածությունները բացառելու նպատակով:

Խնդրո առարկա հանդիսացող գնման ընթացակարգի 1-ին չափաբաժնին հայտ է ներկայացրել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն: Վերջինս հայտը ներկայացրել է համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) ոչ ռեզիդենտ «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ի հետ:

Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշերը: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող՝

1) մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը,

2) մասնագիտական փորձառություն,

3) տեխնիկական միջոցներ,

4) ֆինանսական միջոցներ,

5) աշխատանքային ռեսուրսներ:

Միաժամանակ, գնումների որակավորման չափանիշերը գնահատելու պայմանները սահմանված են կարգով, որի 61-րդ կետով նախատեսված է «մասնագիտական փորձառություն» չափանիշի գնահատման կարգը: Մասնավորապես՝ կարգի 61-րդ կետի՝

1-ին ենթակետի համաձայն՝ հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնի հայտարարություն այն մասին, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր, պայմանով, որ գնահատող հանձնաժողովը կարող է սույն կետի 2-րդ ենթակետի հիման վրա ներկայացված պայմանագրի (համաձայնագրերի, պայմանագրերի) կատարված լինելու իսկությունը ստուգել Պետական եկամուտների կոմիտեի միջոցով: Նախկինում կատարված պայմանագիրը (պայմանագրերը) գնահատվում է (գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից: Ընդ որում, առնվազն մեկ պայմանագրի շրջանակում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ չպետք է պակաս լինի տվյալ գնման ընթացակարգի շրջանակում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի քսան տոկոսից.

2-րդ կետի համաձայն՝ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը, որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (համաձայնագրերի, պայմանագրերի) պատճենները, իսկ դրանց պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած, պայմանագրի (համաձայնագրի)՝ սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն կամ պայմանագրով նախատեսված փաստաթուղթ) պատճենը կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը,

4-րդ կետի համաձայն՝ մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

Նույն կարգի 32-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ մասնակիցը համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) մասնակցելու դեպքում ներկայացնում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը, իսկ հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի այդ պայմանագրով տվյալ անդամի ստանձնած` հրավերով սահմանված որակավորման պահանջներին:

Վերոհիշյալ կարգավորումները նախատեսվել են նաև խնդրո առարկա հանդիսացող գնման ընթացակարգի հրավերում:

Ալեքսանդր Սիրունյանը վերոնշյալ հարցազրույցում նաև ասել է, որ փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ է գործի քննությունը ձգձգվում։

«Հարցն այն է, որ երբեմն իմ գրած ցուցմունքների բովանդակությունը քաղաքից գալիս-հասնում է ինձ, դա մտահոգիչ է։ Այսօր եմ խոսել ռուսական կողմի իմ գործընկերոջ հետ։ Նա ինձ ասում է, որ ինքը քննիչի մոտ որոշակի փաստեր է բերել, սակայն այդ փաստերը լսել է բոլորովին այլ տեղից, նա հարցնում էր, թե որտեղից կարող է լինել այդ արտահոսքը, եթե այդ փաստերի մասին գիտեինք ես, նա և քննիչը»,- նշել է  Սիրունյանը։

168.am-ի հետ զրույցում  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը նշեց, որ գործի շրջանակում անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են՝ պարզելու բոլոր հանգամանքները:

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի ձգձգման մասին որևէ խոսք լինել չի կարող, որովհետև ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում, ես բացառում եմ նման բան:  Ինչ վերաբերում է արտահոսք ապահովելուն, ապա  ՔԿ-ի որևէ ստորաբաժանման կամ քննիչի կողմից քրեական գործին վերաբերող նյութերի հրապարակայնացում չի լինում»,- ընդգծեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, որի հաղթող է ճանաչվել ռուսական ORSIS ընկերությունը՝ իր հայաստանյան ներկայացուցչությամբ։

Մրցույթը հաղթելուց հետո, սակայն, կարճ ժամանակ անց ՀՀ Պաշտպանության նախարարության և ORSIS ընկերության միջև զինտեխնիկայի մատակարարման մրցույթը չեղարկվել է, նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընկերությանը «սև ցուցակում» ընդգրկելու համար, իսկ ORSIS ընկերությունից էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայությանը։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ 1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս