«Մոսկվան շարունակում է հետևել Նիկոլ Փաշինյանի գործողություններին՝ չնախաձեռնելով «կտրուկ շարժումներ». Տրոֆիմչուկ

168.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:

– Պարոն Տրոֆիմչուկ, հոկտեմբերի 1-ին Երևանում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն  խորհրդի նիստը, որին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարը, ինչպես նաև Մոլդավայի ու ԻԻՀ նախագահներն ու Սինգապուրի վարչապետը:  Միջոցառման շրջանակում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը Հայաստան, Փաշինյան-Պուտին հանդիպումը: Հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո կան կամ կային որոշակի խնդիրներ, սակայն Պուտինի հետ վերջին հանդիպմանը ծավալված զրույցը ՀՀ վարչապետը փայլուն որակեց՝ ակնարկելով, որ հայ-ռուսական հարաբերություններում չկան խնդիրներ: Իսկապե՞ս հարթվել են բոլոր խնդիրները: Ինչպե՞ս եք գնահատում այցն ու հանդիպումը Փաշինյանի հետ:

– Գագաթաժողովը պլանային էր, ուստի այստեղ առանձնահատուկ սենսացիա չկա:  Այս հանդիպումից առաջ մի շարք փորձագետներ ու լրատվամիջոցներ, իհարկե, ինտրիգ էին հասունացնում՝ կապված այն բանի հետ, թե կոնկրետ ինչպես կանցնի Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումը հատկապես երկկողմ ձևաչափում, որը ևս դեռ հավանական չէր 100 տոկոսով: Հասկանալի է, որ մեծ ուշադրությունը պայմանավորված էր նրանով, որ Երևանն իր որոշ նախաձեռնություններով ռուսական կողմին միանշանակ չի թվում: Եվ այդ ողջ ոչ միանշանակությունը, այսպես թե այնպես, արտահայտվեց այդ միջոցառման շուրջ մթնոլորտում:

Այդ մթնոլորտից պարզորոշ նկատելի էր, որ հայկական կողմն իրեն մեղավոր է զգում և ուղղակիորեն չգիտի՝ ինչպես վարվել:  Իսկ Մոսկվան, իր հերթին՝ ըստ էության շարունակում է հետևել Նիկոլ Փաշինյանի գործողություններին՝ չնախաձեռնելով կտրուկ շարժումներ:

Կարծում եմ՝ Փաշինյանն իր համար դրանից որոշակի հետևություններ պետք է անի, քանի որ այսպիսի սիրալիր դիտարկումը չի կարող շարունակվել ընդմիշտ:

Կարծում եմ նաև, որ Մոսկվան ՀՀ վարչապետին զգուշությամբ է վերաբերվում, քանի որ իր նախաձեռնած խնդիրներից ոչ մեկը չի կարգավորվել՝ ՀԱՊԿ-ից սկսած՝ Քոչարյանի բանտային հեքիաթով  ավարտված: Չխոսենք Նիկոլ Վովաևիչի  ուղիղ փորձի մասին՝ հիմնովին փոխել Ղարաբաղյան բանակցային գործընթացը: Ուստի «հեղափոխությունից հետո» երկկողմ հարաբերություններում որոշակի խնդիրներ, ինչպես Դուք ասացիք, ոչ միայն «եղել են», դրանք իրենց տեղում են մինչ այսօր և շարունակում են բազմապատկվել:

Ինքը՝ Փաշինյանը, բնականաբար, Ռուսաստանի ղեկավարի կողմից Հայաստան այցի ընթացքում ավելի պաշտոնական, նույնիսկ ցուցադրական վերաբերմունք էր սպասում, քանի որ համարժեք է գնահատում սեփական որոշ քայլերի հետևանքները: Սակայն, ինչպես արդեն ասացի, ամեն ինչ արարողակարգի շրջանակում էր՝ առանց ավելորդ սենսացիաների, այդ պատճառով Նիկոլ Վովաևիչն արդյունքում հիացավ՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցն անվանելով փայլուն:

Հայաստանի համար գազի տարիֆների հարցը կրկին բարձրացվել է համատեղ հանդիպումների ժամանակ: Ես՝ որպես փորձագետ, չեմ հասկանում միայն մեկ բան. եթե Նիկոլ Փաշինյանն իրեն հենց սկիզբից դիրքավորել է՝ որպես դեմոկրատ և լիբերալ, ապա ինչո՞ւ է նա շարունակում պնդել, փաստորեն, գազի ոչ թե շուկայական գներ, այլ սովետական:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այդ այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Բելլա Քոչարյանի հետ:

– Ինչպես հայտնի է, ՌԴ ղեկավարն ընկերական հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ուստի տարօրինակ կլիներ անտեսել հանդիպումը Բելլա Քոչարյանի հետ, երբ նրա ամուսինը բանտում է, ի դեպ, մի պատրվակով, որը, ինչպես երևում է, պարզ չէ ոչ մեկին, բացի Փաշինյանից:

Մյուս կողմից կարծում եմ, որ դա արդեն բավականին հստակ նշան էր՝ ուղղված Փաշինյանին, որ նա վերջապես պետք է կողմնորոշվի սեփական քաոտիկ «հեղափոխական» գործողություններում, քանի որ Մոսկվայի համբերությունն ընդմիշտ չէ:

Փաշինյանի խնդիրը ՀՀ նախկին նախագահի կալանավորման թեմայում այն է, որ նա ընթանում է ամենավատ ճանապարհով՝ չի կարողանում կայացնել Քոչարյանի ուղղությամբ թե ամենածանր որոշումը, թե հանել մեղադրանքը: Եվ դա տեսանելի է բոլորին: Ուստի կարևոր է, որպեսզի նա ինքն իր համար կողմնորոշվի այդ հարցում: Այլապես նա այդ հարցում վերջնականապես կշփոթվի: Առավել ևս, երբ գտնվելով փակի տակ՝ Ռոբերտ Քոչարյանն ավտոմատ կերպով դառնում է Փաշինյանի դեմ պայքարի խորհրդանիշ՝ հեռու 2008-ի պատճառով նրա դեմ առաջադրված մեղադրանքների համատեքստից դուրս:

– Օրերս ռուսական «Վալդայ» քննարկումների ակումբի միջազգային նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին մեղադրելով հայկական կողմին ըստ էության ապակառուցողականության մեջ: Նույն միջոցառման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվելու է: Չե՞ք կարծում, որ ռուսական կողմը խախտում է ռազմական և քաղաքական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև, ինչը կարող է հանգեցնել հակամարտության գոտում լարվածության, որը նկատելի է վերջին օրերին:

– Ռուսական կողմի նմանատիպ դիտարկումները, որոնք կապված են ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի հետ, լարվածություն չեն առաջացնում հակամարտության գոտում: Դա ևս մեկ զգուշացում էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ ԼՂ հակամարտության կարգավորման բազմամյա բանակցային գործընթացն անհնար է, անթույլատրելի է խարխլելը: Ռուսական կողմը երկար լռեց՝ ամփոփելով Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, ահա, վերջապես տվեց նրան առաջին ազդանշանը: Ես՝ որպես փորձագետ, ևս սպասում էի նման ազդանշանի: Այլ բառերով՝ Մոսկվան թույլ չի տա, որպեսզի այդ հակամարտությունը, վարչապետ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված թեզերով, խախտի կայունությունը ողջ Հարավային Կովկասում:

Մյուս կողմից՝ աճում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ, ինչը լիովին բնական է թվում Ղարաբաղի ուղղությամբ ՀՀ վարչապետի «հեղափոխական» հայտարարությունների ֆոնին:

Այլ բան սպասելը տարօրինակ կլիներ: Սա իրադարձությունների բնականոն ընթացք է, երբ Փաշինյանի օրոք անհասկանալի Հայաստանի ֆոնին՝ Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ պաշտոնապես չանդամակցելով ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ԵԱՏՄ-ին: Ուստի ռուսական կողմն այստեղ որևէ հավասարակշռություն չի խախտում:

Անցյալ տարվա գարնանից հավասարակշռություն է խախտում ՀՀ նոր իշխանությունը, և դատելով ամեն ինչից՝ սա դեռ բոլոր խախտումները չեն: Նորերը ճանապարհին են:

Մենք հստակորեն տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հանդիպումների բոլոր փայլուն գնահատականներից հետո համառորեն շարունակում է իրականացնել սեփական գիծը՝ չարձագանքելով պրակտիկ կերպով ոչ մի ազդանշանի:

Տեսանյութեր

Լրահոս