Բաժիններ՝

Ստոմատոլոգիայի բնագավառում այժմ անլուծելի խնդիրներ չկան

«Պետք է նույնիսկ առանց պատճառի դիմել ստոմատոլոգին, որպեսզի պատկերը վերահսկվի: Ատամներն ու լնդերն առողջ են այն մարդկանց մոտ, ովքեր պրոֆիլակտիկ այցելություններ են կատարում ատամնաբուժարան: Պրոֆիլակտիկ զննումը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունները վաղ շրջանում և կանխարգելել դրանց հետագա զարգացումը: Իսկ թե ինչպես, դա արդեն յուրաքանչյուր մարդու համար անհատական է»,- 168.am-ի հետ  զրույցում ասաց «Սոնատո» ատամնաբուժարանի տնօրեն, բ.գ.դ, Միջազգային ստոմատոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, բժիշկ-օրթոդենտ Արթուր Փափազյանը: «Այն կարծիքը, թե նախորդ սերունդներն  ավելի առողջ էին, քան ներկայիս սերունդը, խաբուսիկ է, քանի որ իրականում պատկերն այդպես չէ: Պարզապես դա բացատրվում է նրանով, որ մենք ավելի շատ ենք հետևում մեր առողջությանը, քան նախորդ սերունդները: Այժմ բժիշկների համար էլ դա շատ ավելի հրատապ է: Ստոմատոլոգիայի բնագավառում նախկինում անլուծելի խնդիրներ կային, իսկ այժմ չկան»,- նշում է Արթուր Փափազյանը: Բժիշկ-օրթոդենտն անդրադարձավ նաև ատամների զարգացման խանգարումների, այսպես կոչված` անոմալիաների խնդրին. «Նախկինում մարդիկ անտեսում էին կծվածքի անգամ լուրջ շեղումները և կարևոր նշանակություն չէին տալիս այդ խնդրին: Բայց այդ շեղումները  ոչ միայն փոխում են դեմքի ներդաշնակ կառուցվածքը, այլև խաթարում են ծամելու ֆունկցիան: Իսկ հիմա  նույնիսկ թեթև շեղվածությունը պատճառ է, որպեսզի բրեկետ-համակարգերի միջոցով ատամնաշարը շտկելու համար ցանկացած տարիքում  դիմեն ստոմատոլոգին: Իսկ դա նշանակում է, որ նախկինում ոչ թե ստոմատոլոգիական բնույթի լուրջ խնդիրներ չեն եղել, այլ, որ դրանք անուշադրության են մատնվել: Այժմ մարդիկ իրենք  իրենց նկատմամբ առավել ուշադիր են թե՛ առողջական և թե՛ էսթետիկական տեսանկյուններից»: Իսկ անոմալիաներն ուղղելու նպատակով իրականացվող դիմածնոտային վիրահատությունների վերաբերյալ Արթուր Փափազյանն ասաց. «Անձամբ ես մասնագիտացած չեմ վիրաբուժությունում: Ես օրթոդենտիայի բնագավառում եմ մասնագիտացած: Բայց  գործում են նմանատիպ ծառայություններ, և կարելի է փաստել, որ անոմալիաների ուղղման նպատակով կիրառվող համակարգված մոտեցմամբ դիմածնոտային վիրահատությունների տոկոսն էլ է մեծացել: Եթե նախկինում հատուկենտ մարդիկ էին դիմում նման ռիսկի, ապա այժմ շատերն են գնում այդ քայլին: Արդյունքում՝ իրականացվում է ատամնաշարի կծվածքի ցանկացած բարդության շեղման ուղղում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս