Բաժիններ՝

«Եթե գյուղում ուսուցիչ չի լինում, հնարամիտներն ուսուցիչ են հարս բերում, կամ գյուղ հաց բերող մեքենայի վարորդին խնդրում են, որ հետը նաև ուսուցչին բերի, տանի». Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը պնդում է՝ մանկավարժական բուհեր դիմողները գնալով պակասում են: Նրա խոսքով՝ պատճառն այն միջավայրն է, որում ստիպված են լինում աշխատել ուսուցիչները:

«Այն միջավայրը, որում գործում են մեր ուսուցիչները, շատ անբարենպաստ է, որովհետև ընդհանուր առմամբ աշակերտները դարձել են անտարբեր կրթության նկատմամբ: Ուսումնատենչ երեխաները փոքր թիվ են կազմում: Այս համատեքստում դժվար է ուսուցիչների համար աշխատել: Մենք սրա արդյունքը տեսնում ենք: Մանկավարաժական բուհեր դիմողների թիվը կրճատվում է: Այս տարի էլ ամենաքիչ հետաքրքրությունն առաջացնում էին մանկավարժական մասնագիտությունները: Մանկավարժական համալսարանի ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետ առաջին հայտով մեկական մարդ էր դիմել: Մոտ ապագայում մենք կարող է ուսուցիչների պակաս ունենանք: Հայաստանն այս պարագայում լավ վիճակում էր, 2005 թ. անգամ ուսուցիչների օպտիմալացում եղավ, 3000 ուսուցիչ կրճատվեց, այսօր էլ կա կրճատելու տեղ, բայց պետք է դա չարվի, քանի որ ապագայում բախվելու ենք ուսուցիչների պակասի խնդրի»:

Ըստ փորձագետի՝ ավելի վատ վիճակում են գյուղերի դպրոցները, սակայն հնարամիտները լուծումներ գտնում են:

«Եթե գյուղում ուսուցիչ չի լինում, ստիպված այլ գյուղերից կամ քաղաքներից են բերում, ավելի հնարամիտներն ուսուցիչ են հարս բերում: Եթե ուսուցիչը գյուղից՝ գյուղ, քաղաքից՝ գյուղ գնալու տրանսպորտի խնդիր ունի, հարցը լուծում են, օրինակ, այս կերպ՝ գյուղ հաց բերող մեքենայի վարորդին խնդրում են, որ հետը նաև ուսուցչին բերի, տանի: Ուսուցիչներ են լինում, ովքեր իրենց աշխատավարձի 20-30 տոկոսը ծախսում են ճանապարհածախսի  վրա»:

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս ուսուցիչներին բերել գյուղ, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ պետք է պետությունը նրանց համար հատուկ պայմաններ ստեղծի:

«Պետք է կրկնակի բարձր աշխատավարձ ստանան, պետությունը պետք է ուսուցչին բնակարան տրամադրի այդ գյուղում: Գյուղապետարանն էլ իր հերթին՝ ուսուցչին պետք է ապահովի անհրաժեշտ մթերքով: Այդ պարագայում, կարծում եմ, կգնան, թե չէ՝ 60.000-ի համար ոչ ոք էլ չի գնա»:

Ուսուցիչների ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ իրենց կատարած աշխատանքի արդյունքը չեն տեսնում. ըստ Սերոբ Խաչատրյանի՝ հիմա սովորում են 30 աշակերտից 5-ը:

«Էստոնիայում, օրինակ, Կառավարությունն ուսուցիչներին խոստացել է ամեն տարի 100 եվրոյով բարձրացնել իրենց աշխատավարձը, այսինքն՝ ամեն տարի ավելանում է այնքանով, ինչքան հայ ուսուցչի միջին աշխատավարձն է: Այս տարի  իրենց Կառավարությունը կարծես խնդիր ունի, և հաջորդ տարի  աշխատավարձերը բարձրացնելու են 65 եվրոյով, և էստոնացի ուսուցիչները շատ դժգոհ են: Երբ ուսուցչին ցածր աշխատավարձ ես տալիս, դա դառնում է խնդիր, քանի որ, եթե իրենք ցածր են ստանում, ապա փնտրում են ուրիշ աշխատանք, որով կկարողանան գումար վաստակել, և ուսուցչի աշխատանքը մղվում է երկրորդ պլան»:

Այս հանգամանքը, փորձագետի բնորոշմամբ, զարկ է տվել նաև «դասապատրաստողի ինստիտուտին»: Դասապատրաստողներին շատ են դիմում նաև մի շարք այլ պատճառներով:

«Պատճառները շատ են: Առաջինն այն է, որ ընտանիքները սկսել են առանձին ապրել, երբ մենք էինք դպրոցական, ապրում էինք մեծ ընտանիքներով, և ամեն մեկը մի առարկայի գծով օգնում էր, անգամ հարևաններն էին օգնում: Հիմա երեխաների ծնողներն աշխատում են, ուրիշ մարդ էլ չի լինում, որ օգնի, ստիպված մարդ են վարձում: Երկրորդը՝ ծրագրերը ծնողների համար անհասանելի են: Հնարավոր է, որ ծնողը ցանկանա օգնել, բայց 4-5-րդ դասարանից հետո ուղղակի էլ չկարողանա: Սա լավ կողմեր ունի, բայց ավելի լավ կլիներ, եթե այդ ուղղությամբ ծախսվող գումարներն ուղղվեին դպրոցների զարգացման վրա: Այսօր ուսուցիչ աշխատելը դարձել է երկրորդական գործ ուսուցչի համար»:

Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ մենք կորցրել ենք վերապատրաստման մշակույթը, փակվել է նաև այն կառույցը, որը դրանով զբաղվում էր: ԿԱԻ-ի լուծարման հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ կառույցը լավ չի կատարում իր աշխատանքը:

168.am-ի այն հարցին, թե սա արդյո՞ք չի նշանակում, որ այդ մշակույթը չէր էլ կայացել, և ինչպե՞ս պետք է օգնել ուսուցիչներին իրենց հետագա կայացման հարցում, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ՝ այո, ուրեմն պետք է մշակել ուսուցիչների համար հատուկ քաղաքականություն:

«Մենք պետք է ունենանք ուսուցիչների քաղաքականություն, ռազմավարություն: Կետերից մեկը պետք է լինի ուսուցիչների մասնագիտական զարգացումը, պետք է մշակել, թե ինչպե՞ս ենք դա անելու: Խոսվում է այն մասին, որ ԿԳՄՍՆ-ն մրցույթի միջոցով դա պատվիրակելու է մեկ այլ կառույցի: Ես այդ մոդելի մեջ վտանգ եմ տեսնում, քանի որ գործընթացը ցաքուցրիվ է լինելու: Դրա համար պետք է ունենալ մեկ կառույց, բայց դա պետք է լինի ոչ թե այնպես, ինչպես մինչև հիմա՝ անտեսված, արհամարհված. այլ այդ 30-40 հոգին, ովքեր կստանձնեն ուսուցիչներին վերապատրաստելու պատրաստակամությունը, պետք է բարձր աշխատավարձ ստանան, օտար լեզուներ իմանան, միջազգային թրեյնինգների մասնակցեն»:

Սերոբ Խաչատրյանի հաշվարկներով՝ մենք ունենք ծերացող մանկավարժական կազմ: Նրա խոսքով՝ 10 տարի հետո թոշակի անցնող 11.000 ուսուցչի փոխարինելու է գալիս 7000 ուսուցիչ, և այդ թիվն էլի է պակասելու:

«Հայաստանում ունենք մինչև 35 տարեկան 6700 ուսուցիչ, այդ թիվն ըստ կարգի՝ պետք է հավասար լինի 55-ից բարձրերի թվին: Ինչո՞ւ, որովհետև նայում են՝ եթե այս մարդիկ 10 տարի հետո գնան, հետևից եկող կա՞: 55-ից բարձր ունենք 11.000 ուսուցիչ, մինչև 35 տարեկան  7000 էլ չունենք»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս