«Ոչ ոք չարձանագրեց, որ այս օրերին երկրում չեն նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց կատարվածին». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նախաքննական մարմնից իմացանք, որ Հայկ Հարությունյանը խմած է եղել: Քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, ոչ ոք չի կարող ասել՝ սպանությու՞ն, թե՞ ինքնասպանություն է եղել:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ մեղադրող կողմը զրկվել է մարտիմեկյան գործի առանցքային վկաներից մեկին դատարանում հարցեր տալու հնարավորությունից: Հրապարակվել է նաև նրա ցուցմունքը, որ շատ հարցերում համարժեք չէ իրականությանը:
Մինչ ոմանք փորձում են Հայկ Հարությունյանի մահը ներկայացնել ինքնասպանության դրդում, ոմանք համարում են, որ մարտի 1-ի գլխավոր վկաներից մեկի մահը ձեռնտու է միայն գլխավոր մեղադրյալին՝ Ռոբերտ Քոչարյանին:
Ոմանք էլ առաջադրում են վարկած, թե ինչ-որ մեկին կարող էր պետք լինել մահ, որի կասկածը գնալու էր Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Այսինքն՝ կա երրորդ կողմ:
Գուցե ոչ Հայաստանից: Իհարկե, Հայկ Հարությունյանն առանցքային վկա էր, ու դատարանում նրա ցուցմունքները կարևոր էին. նա ուներ վկայի կարգավիճակ: Հայկ Հարությունյանն այն պաշտոնյաներից էր, որ աշխատանքի բերումով բազում գաղտնիքներ գիտեր, նրա բացահայտումները, եթե որոշեր խոսել, վտանգավոր կարող էին լինել շատերի համար:
Հիմա բոլորը կենտրոնացել են Մարտի 1-ի վրա, բայց Հայկ Հարությունյանը առնչվել է կալանավայրերին, ոստիկանապետ էր 2000-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը ճնշեց Արկադի Վարդանյանի ընդդիմադիր շարժումը, երբ 2004-ի ապրիլի 12-ին արյունով ներկվեց Բաղրամյան պողոտան, ջարդուփշուր արվեցին ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները, ու ձերբակալվեցին տասնյակ ընդդիմադիրներ:
Շատերն են ասում, որ Հայկ Հարությունյանն այն մարդը չէր, որ ինքնասպան լիներ։ Հեռացածներից նա միակը չէ՝ տարիներ առաջ սրտի կաթվածից մահացավ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության պետ Գրիգորի Սարկիսովը:
Մի քանի տարի առաջ ծանր հիվանդությունից մահացավ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, հետո ծանր հիվանդությունից մահացավ Ազատության հրապարակում գործողության պատասխանատու Արմեն Երիցյանը, սպանվեց Գևորգ Մհերյանը:
Ամիսներ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ից անհետացել են կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են Մարտի 1-ի գործին: Ու հիմա պետության գործն է դառնում վկաների անվտանգության ապահովումը:
Ճիշտ էր նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որ Ֆեյսբուքում գրել էր. «Փաստորեն՝ Մարտի 1-ի ողբերգությունը շարունակվում է 11 տարի անց էլ»: Եվ ոչ ոք չարձանագրեց, որ այս օրերին երկրում չեն նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, որ ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց կատարվածին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: