Խնդիրը միայն գազի գինը չէ
Ռուսաստանի նախագահը հոկտեմբերի 1-ին այնուամենայնիվ կգա Հայաստան։ Այդ այցի հետ մեծ հույսեր են կապվում հատկապես Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ դեռևս անցած տարվանից ստեղծված անհասկանալի իրավիճակի հանգուցալուծման առումով։ Ենթադրվում է, որ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի շրջանակներում ի վերջո կհաջողվի ավարտին հասցնել շուրջ մեկ տարի շարունակվող բանակցությունները, որոնք այդպես էլ արդյունք չեն տալիս։
Բայց խնդիրը միայն գազի գինը չէ։ Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախներ են ի հայտ եկել, որոնք պակաս կարևոր չեն։
Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի վարչապետին, ըստ ամենայնի, ծանր խոսակցություն է սպասվում՝ ոչ միայն գազի գնի, այլև՝ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, ռուսական պետական ընկերության կառավարմանը հանձնված Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա ճակատագրի, ատոմակայանին տրամադրված վարկի, ինչպես նաև Վերին Լարսում հայկական բեռնափոխադրողների համար ստեղծված նոր դժվարությունների մասին է։
Չնայած պաշտոնապես դեռևս ոչինչ չի ասվում հաջորդ տարի Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ, այնուհանդերձ այլևս միանշանակ է, որ այն թանկանալու է։ Եվ ոչ միայն՝ սահմանին, այլև՝ ներքին շուկայում։ Այս պահին խնդիրը բացառապես թանկացման չափի մեջ է։
Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմը մտադիր է հաջորդ տարվա սկզբից ընդհուպ մինչև 30 տոկոսով բարձրացնել գազի գինը։ Եթե այդպես լինի, ապա սահմանին գազի գինը կհասնի 215 դոլարի։ Այլ կերպ ասած, կթանկանա ևս 50 դոլարով, ինչը ենթադրում է բավական լուրջ ճնշում ներքին սակագների վրա։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանը ռուսական գազը գնում է 165 դոլարով։ Այն ժամանակ թանկացումը կազմեց 15 դոլար։
Այժմ ռուսական կողմի մտադրություններն անհամեմատ ավելի մեծ են։ Իհարկե, դա դեռ չի նշանակում, որ հենց այդպես էլ կլինի։ Հայաստանը հույս ունի Պուտինի երևանյան այցի ընթացքում ավելի հարմարավետ գին ստանալ։
Ինչքանո՞վ կհաջողվի, շուտով պարզ կդառնա։ Մի բան, ամեն դեպքում, ակնհայտ է, որ այս անգամ խնդիրը շատ ավելի բարդ է։ Գազի գնի բարձրացումը ցանկացած պարագայում չի շրջանցի նաև սպառողներին։ Իսկ դա լուրջ գլխացավանք է դառնալու Նիկոլ Փաշինյանի համար, ով ժամանակին խոստանում էր նվազեցնել սակագները։ Կստացվի, որ իշխանափոխությունից հետո սակագները ոչ միայն չնվազեցին, այլև պիտի բարձրանան։
Գազի ներմուծման հետ կապված իրավիճակը դեռևս չպարզված` հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն է առաջացել Հայաստանի երկաթուղու համակարգի շահագործման շուրջ։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը, որը դեռևս 2008թ. ստանձնել է մեր երկրի երկաթուղային ցանցի կառավարումը 30 տարի ժամկետով, մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը։
Լարվածությունը երկաթուղու շուրջ, իհարկե, նոր չէ, բայց այն ըստ էության խորացել է վերջին ամիսներին։ Այն աստիճան, որ կառավարիչ ընկերությունն այլևս չի ուզում շարունակել պայմանագիրը։ Խնդիրները կապված են հարուցված քրեական գործերի հետ։
Ինչպես հայտնի է, իշխանափոխությունից շատ չանցած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց երկաթուղում 60 մլն դոլար չարաշահումների բացահայտման մասին։ Սակայն ռուսական կողմը չի ընդունում իրականացված ստուգումների արդյունքները։ Ու հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում` Հայաստանը կարող է կանգնել երկաթուղային փոխադրումներ իրականացնելու անհնարինության խնդրի առջև։
Թե դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ, դժվար չէ պատկերացնել։ Որքան էլ այսօր Հայաստանի երկաթուղային ցանցի հնարավորությունները՝ բեռնափոխադրումներ իրականացնելու առումով, սահմանափակ են, այնուհանդերձ, նույնիսկ այդ պարագայում անհնար է թերագնահատել երկաթուղու դերը երկրի անվտանգության ապահովման գործում։ Ու այդքանից հետո կարող է այնպես ստացվել, որ վաղը Հայաստանը հանկարծ կանգնի փաստի առջև, եթե իրականում տեղի ունենա այն, ինչի մասին խոսվում է։ Նման հավանականությունը գուցե փոքր է, բայց կա։
Երկաթուղու շուրջ ստեղծված լարվածությունը լիովին տեղավորվում է հայ-ռուսական այն հարաբերությունների տիրույթում, որոնք կան վերջին մեկուկես տարում։ Լարվածությունն առայժմ ոչ միայն չի լիցքաթափվում, այլև խորացման նշաններ է ցույց տալիս։ Պատճառներից մեկն էլ կարող է դառնալ Հայկական ատոմակայանի վերակառուցման և արդիականացման նպատակով հատկացված վարկի ուշացումը։
Հիշեցնենք, որ այդ նպատակով ՌԴ-ի կողմից տրամադրվել է 270 մլն դոլար` վարկի, և 30 մլն դոլար` դրամաշնորհի ձևով։ Սակայն վարկի մի մասի հատկացումն ուշանում է։ Հարցն օրերս բարձրացվել է Հայաստանի ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձանաժողովի և ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցերով կոմիտեի համատեղ նիստում: «Մենք ունեինք տեղեկություն, որ 200 միլիոն դոլարն արդեն տրամադրվել է, իսկ 70 միլիոնի պարագայում վարկը դեռ չի տրվում «ՌոսԱտոմի» կողմից: Խնդիր կունենանք, որովհետև հունվարից այդ վարկի ծախսը ներառվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, այսինքն՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կլինի»,- լրագրողներին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Իհարկե, սրանով ևս չեն ավարտվում հայ-ռուսական հարաբերություններում ծագած խնդիրները։ Մյուս բաց կետը Վերին Լարսն է, որտեղ պարբերաբար խոչընդոտներ են ի հայտ գալիս բեռնափոխադրողների համար։
Հիմա էլ դրանք կապված են տրանսպորտային միջոցների թույլատրվող ծանրաբեռնվածության նորմերի խախտման հետ, որի հետևանքով հայկական հարյուրավոր բեռնատարներ հայտնվել են դժվար կացության առջև` կամ պետք է դատարկեն ավել բեռը, կամ տուգանք վճարեն հավելյալ ծանրաբեռնվածության դիմաց, որը քիչ գումար չէ։ Ու որքան էլ հայտարարվի, թե պատճառը տեխնիկական է և կապված է որոշ բեռնափոխադրողների կողմից մեքենաների ծանրաբեռնվածության թույլատրելի նորմերի գերազանցման հետ, ինչի հետևանքով հավելյալ ձևակերպումների իրականացման անհրաժեշտություն է առաջանում, դրանից խնդրի էությունը չի փոխվում։
Նորմայից ավելի բեռնավորումը նորություն չէ, և միշտ էլ այդպես է եղել։ Այլ հարց է, թե ինչո՞ւ հիմա ծագեց դրան անդրադառնալու անհրաժեշտություն։
Սրանք խնդիրներ են, որոնք լուրջ կարևորություն ունեն Հայաստանի համար։ Դրանց լուծումից շատ բան է կախված։ Ընդ որում, ինչպես՝ տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական առումով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ