«Եթե նրանք իրոք ձգտում են բարդացնել հարաբերությունները Իրանի հետ, ապա ճիշտ ուղու վրա են կանգնած». Քաղաքագետը` ՀՀ կառավարության որոշման մասին
Կառավարությունն օգոստոսի 29-ի նիստում հաստատեց Շիրակի մարզում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշումը:
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախաձեռնողը «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊ ընկերությունն է, որը հիմնվել է հատուկ այս ազատ տնտեսական գոտին կազմակերպելու նպատակով: Իսկ ընկերության 100% բաժնեմասերի սեփականատերն Իսրայելի Պետությունում գրանցված «ELP Logistic Park Euro Asia» LTD ընկերությունն է: Ծրագրի ղեկավարը և լոգիստիկ պարկի հայեցակարգի հեղինակն իսրայելցի Ցվի Կան-Տորն է, որը 2015թ.-ից Իսրայելահայկական առևտրային պալատի նախագահն է:
Այս գոտին, սակայն, ըստ որոշ կարծիքների, կարող է ծնել ՀՀ ազգային անվտանգության հանդեպ ռազմավարական մարտահրավեր՝ հաշվի առնելով Իրանի և Իսրայելի խիստ թշնամական հարաբերությունները։ Ըստ նույն տեսակետների՝ այն ռազմավարորեն հյուծելու է Իրանի սահմանին Մեղրիում տեղակայված Ազատ տնտեսական գոտին և խաթարելու է Հայաստանի և Իրանի միջսահմանային հարաբերությունների զարգացումը:
Վերջինի առնչությամբ 168.am-ը լսեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքը.
«Բնականաբար, դա կվնասի հայ-իրանական հարաբերություններին: Կարող եմ տեղեկացնել, որ Երևանում Իրանի դեսպանության աշխատակիցները տեղյակ են նման սպառնալիքի մասին, շատուշատ հայաստանյան զրուցակիցների հետ այդ հարցը փորձել են պարզել՝ ինչպես կարող է դա լինել, եթե Հայաստանը տիրապետում է տարածաշրջանի մասին ռեալ տեղեկության ու հասկանում է, թե ինչի հետ է խաղում:
Ես կարծում եմ նաև, որ Իրանի և՛ արտաքին գործերի նախարարությունը, և՛ համապատասխան ծառայությունները լավատեղյակ են՝ ինչ է կատարվում, ինչ է փորձում Հայաստանում իրականացվել Իսրայելի համար: Այնպես որ, դա լուրջ խնդիր է, բայց դա մեր՝ շարքային քաղաքացիների խնդիրը չէ, նախևառաջ մեր իշխանավորների խնդիրն է. եթե նրանք իրոք ձգտում են, ենթադրենք, խզել կամ բարդացնել հարաբերությունները Իրանի հետ, ապա նրանք ճիշտ ուղու վրա են կանգնած, բնականաբար, հաշվի առնելով, որ Իրանը և՛ ԱՄՆ-ի, և՛ Իսրայելի հակառակ քաղաքականություն է վարում ցանկացած տարածաշրջանում: Դա իրոք ՀՀ անվտանգության համար դառնում է եթե ոչ առաջին, ապա համար երկու լուրջ խնդիրը»:
Զարուհի Դիլանյան