Հնդկաստանն արգելափակում է Ադրբեջանի՞, իսկ Պակիստանը՝ Հայաստանի՞ ՇՀԿ անդամակցության հայտը

ՇՀԿ հարթակում, որտեղ վերջին օրերին ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում ՇՀԿ անդամ և դիտորդ երկրների ղեկավարների միջև՝ դրանց վրա սևեռելով միջազգային հանրության ուշադրությունը, կարծես նոր «կրքեր» են հասունանում։  Հնդկաստանը կրկին դեմ է արտահայտվել Շանհայի համագործակցության կազմակերպությանն Ադրբեջանին լիիրավ անդամակցության տրամադրմանը։ Ադրբեջանական և ռուսական ԶԼՄ-երի փոխանցմամբ, այս մասին հայտնում է AnewZ-ը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ  Չինաստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Պեկինը հաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի դիմումին՝ նշելով դրա համապատասխանությունը ՇՀԿ սկզբունքներին։

«Իր հերթին, իրավիճակին ծանոթ պաշտոնյաները AnewZ-ին ասել են, որ Հնդկաստանի որոշումը հակասում է բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին և «շանհայական ոգուն», որոնք սահմանում են երկկողմ վեճերը բազմակողմ հարթակներ տեղափոխելու անթույլատրելիությունը։ Այս հաղորդագրությունների համաձայն, Հնդկաստանի դիրքորոշումը սերտորեն կապված է Ադրբեջանի և Պակիստանի եղբայրական հարաբերությունների հետ»,- նշում է հեռուստաալիքը։ Դեռևս չհաստատված տեղեկությունների համաձայն, ի պատասխան Հնդկաստանի այդ քայլի, Պակիստանը, որը նախօրեին դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել ՀՀ-ի հետ, արգելափակել է Հայաստանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը: Այս տեղեկությունները ներկայումս ակտիվորեն տարածվում են ռուսալեզու տելեգրամյան ալիքներում։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը շնորհավորել է Պակիստանին՝ Հնդկաստանի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, սա տեղի է ունեցել Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ։

Կարդացեք նաև

Ալիևը վստահություն է հայտնել, որ ի պատասխան Բաքվի կողմից Պակիստանին ցուցաբերվող աջակցության՝ Հնդկաստանը «փորձում է միջազգային հարթակներում վրեժ լուծել Ադրբեջանից»:

«Սակայն սա մեզ համար նշանակություն չունի, քանի որ եղբայրական հարաբերություններն են առաջնայինը»,- վստահեցրել է նա՝ ըստ էության հաստատելով տարածվող տեղեկություններն այն մասին, որ Հնդկաստանն արգելափակում է Ադրբեջանի ՇՀԿ անդամակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս