
Իսրայելցի ներդրողները Գյումրիում ազատ տնտեսական գոտի կստեղծեն

Գյումրի քաղաքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի։ Նախաձեռնողը «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊ ընկերությունն է, որը հիմնվել է հատուկ այս ազատ տնտեսական գոտին կազմակերպելու նպատակով: Ընկերության 100% բաժնեմասերի սեփականատերն Իսրայելի Պետությունում գրանցված «ELP Logistic Park Euro Asia» LTD ընկերությունն է: Ծրագրի ղեկավարը և լոգիստիկ պարկի հայեցակարգի հեղինակն իսրայելցի Ցվի Կան-Տորն է, որը 2015թ.-ից Իսրայելահայկական առևտրային պալատի նախագահն է:
Ըստ հեղինակների՝ «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ»-ի ստեղծումը շատ երկարաժամկետ՝ 40 տարվա մեգածրագիր է, որի նպատակն է՝ մեծ դեր խաղալ եվրասիական տնտեսությունում, ինչպես նաև դառնալ փոփոխությունների անկյունաքար Հայաստանի համար, իսկ չափսերի և բնույթի շնորհիվ ծրագիրը կարող է կրել գլոբալ իրադարձությունների ազդեցությունը, ինչպիսիք են ճգնաժամը, տնտեսական վեճերը, պատժամիջոցները, քաղաքական նկատառումներն ու գլոբալացումը, և այլն: Ընկերությունն առաքելություն է հռչակել ամրապնդել Հայաստանի և, մասնավորապես, Շիրակի մարզի տնտեսության հիմքերը հավաքման ոլորտի, լոգիստիկ ծառայությունների, ներդրումների խթանման, արտահանումների ծավալների մեծացման և ԵԼՊ ԱՏԳ-ում աշխատատեղերի ստեղծման միջոցով, և ներկայացնել Հայաստանը՝ որպես օդային բեռնառաքումների լոգիստիկայի առաջատար կենտրոն:
Առաջին 10 տարիների ընթացքում ընկերությունը ծրագրում է ներդնել հիմնադիրներից և արտաքին աղբյուրներից 52 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես սեփական կապիտալ, և վարկային միջոցներից 21 միլիոն ԱՄՆ դոլար. ընդամենը 73 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագրի ամբողջական իրականացման դեպքում՝ նախաձեռնող խմբի տեսլականում մոտ 10 հազար աշխատատեղ է, սակայն սկզբնական շրջանում աշխատատեղերի թիվը քիչ կլինի:
ՀՀ կառավարությունը նախատեսում է վաղվա նիստում հաստատել ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը և հաստատել հողատարածքի հատկացումը։
Հիշեցնենք, որ լոգիստիկ կենտրոնի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը կնքվել էր 2018թ. փետրվարի 21-ին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակաշրջանում: Գյումրու քաղաքապետարանին իսրայելական արդյունաբերական պալատն այդ առաջարկով դիմել էր դեռ 2017 թ. հոկտեմբերին: