Այն, ինչ չկարողացավ անել գեներալ Սարոյանը, արեց «շարքային» Մարիամ  Փաշինյանը

Օգոսստոսի 21-ի իր ֆեյսբուքյան էջի ճակատագրական ուղիղ եթերից անմիջապես հետո, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսարը շահագործվելու է, վերջինս ձեռնամուխ է եղել իր՝ սրընթաց գահավիժող վարկանիշը փրկելու դժվարին գործին։

Նա հասկանում է, որ, եթե հիմա ինչ-որ կերպ իրավիճակը չշտկվի, աշնանը սրացող քաղաքական պրոցեսների ֆոնին դա շատ ավելի բարդ է լինելու իրականացնել։

Սկզբում գործի դրվեցին «փափուկ» միջոցները։ Շուրջ 1.20 րոպե տևած «քաղաքացու հետ զրույցից» հետո՝ 23:45-ին,  Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի տեսանյութ, որը պատմում էր այն մասին, որ արդեն 11-րդ զորամասն անցավ սննդի կազմակերպման նոր եղանակին։

Թեման իսկապես զգայուն է. բոլորս ենք սրտացավ ու բանակին վերաբերող ցանկացած թեմայի հանդեպ հանդուրժող. վատը չենք ուռճացնում, լավը սարքում ենք համաշխարհային իրադարձություն։ Եվ թվում էր, թե թեման պիտի փոքր-ինչ մեղմեր ամուլսարյան լայվից հետո գլուխ բարձրացրած դժգոհության ալիքը։ Չմեղմեց… Քաղաքացիների մի ստվար զանգված հասկացել էր ու Փաշինյանի տեղադրած տեսանյութի տակ հենց այդպես էլ գրում էր, որ չի ստացվելու, որ սա Ամուլսարի թեման շեղելու փորձ է, բայց, որ իրենք զգոն են։

Դրան հաջորդեց ծանր գիշերվանից հետո՝ առավոտյան 08:29-ին արված գրառումն այն մասին, որ «1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ, վճարել է 2.8 մլրդ դրամով կամ 58%-ով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26%-ով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը` 0.7 մլրդ դրամով կամ 37%-ով, «Սպայկա» ընկերությունը` 1.4 մլրդ դրամով կամ 117%-ով, «Սաս-Գրուպ» ընկերությունը` 0.9 մլրդ դրամով կամ 82%-ով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ դրամով կամ 122%-ով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ դրամով կամ 20%-ով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2.1 մլրդ դրամով կամ 10%-ով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 1.3 մլրդ դրամով կամ 20%-ով:

Հիշեցնեմ, որ այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկ վճարող ընկերությունները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջե են վճարել 14.3 տոկոսով կամ 64 միլիարդ դրամով ավելի գումար»։

Մի պահ պատկերացրեք, որ ՀՀ «հպարտ» քաղաքացին մի տարի, կես տարի առաջ անգամ կարդար, որ նույն ժամանակահատվածի համեմատ՝ 64 միլիարդ դրամով ավելի գումար է մուտքագրվել պետական բյուջե, ի՞նչ կկատարվեր, ի՞նչ համեմատություններ կանցկացվեին, ինչպես ասում են՝ հին ու նոր քանի մեռել կհանեին ու նորից կթաղեին… Բայց էլի զգալի էին #saveAmulsar հեշթեգն ու դրան վերաբերող գրառումները։ Կրկին չստացվեց…

Այդ գրառմանը երկու ժամ անց հետևեց ևս մեկը։

«Կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները ներկայացնում եմ ստորև»,- գրել էր  վարչապետն ու ներկայացրել մանրամասներ։

Էլի բանակային թեմա, սոցիալական բաղկացուցիչ, բայց քաղաքացիները կրկին Ամուլսարի թեման են քննարկում։

Օրվա ընթացքում վարչապետն աշխատանքային հանդիպում ունեցավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, կալավանցի Ռոբերտ Ղուկասյանին նշանակեց խորհրդական, բայց իրավիճակը չշտկվեց։ Ամուլսարի թեման կրկին ակտուալ էր, իր հասցեին հնչող քննադատություններն էլ ասես առատության եղջյուրից էին թափվում։

Ի դեպ, կալավանցի բիզնեսմենը վարչապետից իր գործերն ավարտին հասցնելու համար խնդրած երկու ամիս ժամանակը շատ արդյունավետ էր օգտագործել ու ըստ երևույթին դրանք ավարտել էր 1 ամսում՝ ըստ անհրաժեշտության։ Միգուցե վարչապետը նրա օգնության կարիքը շատ է զգում, ու որպես բնությանը շատ մոտ կանգնած մարդ՝ վայրկյան առաջ շտապեց օգտակար լինել ՀՀ վարչապետին ու երկրին։

Սակայն, երբ դա էլ չօգնեց, և անգամ ճանապարհաշինությանը վերաբերող տեսանյութը  առանձնապես ոչինչ չփոխեց վարչապետի սասանված վարկանիշը վերականգնելու հարցում, վերջինս անցավ արդեն ռադիկալ միջոցներ կիրառելուն։

Նախ՝ կոնկրետ լրատվամիջոցի միջոցով լուր տարածվեց, որ գեներալ Սեյրան Սարոյանի տանն ինչ-որ ոստիկանական գործողություն է իրականացվել, և դրանից խիստ վրդովված ու վիրավորված գեներալը, ով, ըստ իրեն, օրերս է վերադարձել ԱՄՆ-ից, իր տանն ասուլիս հրավիրեց։ Հաշվարկը, թերևս, ճիշտ էր արված՝ հաշվի առնելով, որ Սեյրան Սարոյանն իր խոսելու ոճով, բարբառայնությամբ, տեղ-տեղ հումորային երանգներով լուրջ մեսիջներ հասցնելու իր ուրույն կարողությամբ՝ միշտ էլ սոցցանցերում շատ դիտողականություն է ունեցել, և նրա ցանկացած ելույթ կամ հարցազրույց բավականին երկար քննարկվել է, բայց դա էլ չաշխատեց… Գեներալի կյանքում էլ է հավանաբար իրավիճակ փոխվել, և նրա հումորային խոսքը  տեղ չհասավ, հետևաբար և՝ արձագանք չգտավ։ Կամ սցենարիստն ու ռեժիսորը լավ չէին աշխատել, կամ ինքն էր վատ դերասան։

Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում վարչապետը զարգացրեց քավության նոխազների փնտրտուքի թեման՝ Ամուլսարի թեմայով բողոքողների մեջ, իր սովորության համաձայն, մեղավորներ նշանակելով ու համապատասխան որակումներ տալով։

«Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել:

Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները:

Հ.Գ. Մի հին, «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա՝ բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ, բացառվում է, որ աշխատի: Ու բարեբախտաբար, նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»,- գրել էր նա՝ առանց անուններ տալու:

Շատերն անմիջապես հասկացան, որ խոսքը Բնապահպանության և ընդերքի տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ու քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի մասին է։

Այս պահին չենք քննարկում՝ որքան է տեղին, որ վարչապետը նման որակի ու անձնական դաշտ տանող գրառում կատարի, ոչ էլ խոսում ենք այն մասին, թե իսկապես ո՞ր պահից նա հասկացավ, որ տվյալ պաշտոնյան «խայտառակ ոչ կոմպետենտ է եղել». այն պահից, երբ վերջինս սկսեց խոսել Սևանի և Ամուլսարի խնդիրների մասի՞ն… Չենք էլ անդրադառնում նրան, որ, իր սովորության համաձայն, ցանկացած թեմայի մեջ անպայման «հին իշխանություններ» ձևակերպումը կա, ու դրանով սլաքներն ակամա, ամեն դեպքում, հին իշխանությունների կողքերով պտտվում են, բայց մեծ է հավանականությունը, որ նրա այդ գրառումից հետո վարչապետի հետ առանձնազրույց ունեցող ցանկացած ոք շատ զգույշ կլինի, քանի որ չի բացառվում, որ ինչ-որ «հարմար» պահի դրանք հրապարակային դառնան։

Այսօր արդեն գործին խառնվեց վարչապետի դուստրը՝ Մարիամը, ով ընտանիքի ավագ երեխայի իրավունքով և իր վրա որոշակի պարտավորություն այդ առումով վերցրած՝ իր զայրույթն արտահայտեց՝ մտածելով, որ ժամանակն է՝ ինքն էլ լուրջ հայտ ներկայացնի որևէ ասպարեզ մտնելու համար։

«Ուղղակի ծիծաղելի է, ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների ոգևորվածությունն այս իրավիճակում: Նաև բոլոր ուժերի ֆեյսբուքյան «համակիրների» վերաբերմունքը, որ իրավիճակը վերածում են դրամայի, ինչ-որ բացականչություններ, գոռգոռոցներ… Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք, ես, իհարկե, հասկանում եմ, որ դուք օրերով ու շաբաթներով սպասում եք այսպիսի մի իրավիճակի Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքելու համար, բայց պատասխանատվություն կրեք էն ամեն ինչի համար, ինչ ասում եք ու անում եք»,- գրել էր Մարիամ Փաշինյանը։

Բայց այս առումով նա որոշակի հաջողություն, այնուամենայնիվ, ունի, որովհետև վերոնշյալ թեմաների, տեսանյութերի, ասուլիսների, աշխատանքային հանդիպումների ֆոնին՝ Մարիամն իսկապես հարվածն իր վրա վերցրեց, և եթե թվարկված դեպքերում Ամուլսարի խնդիրն ու վարչապետի անձն ամենաքննարկվողն էին, այս դեպքում գրեթե բոլորի թիրախն ինքը՝ ընտանեկան ավանդույթները լավագույնս պահպանող ու շարունակող վարչապետի դուստրն էր։

Պատրաստ ենք, իհարկե, վաղը մամուլի հասցեին թափվող հերթական սարկաստիկ չափաբաժնին, բայց ամեն դեպքում հիշեցնենք, որ մամուլը չէ Մարիամ Փաշինյանին հուշում իր գրառումների բովանդակությունն ու ոճը։

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս