Բաժիններ՝

Հարվարդի պրոֆեսորը՝ ընդդեմ ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուների

Հարվարդի համալսարանի տնտեսագետ, պրոֆեսոր Դենի Ռոդրիկը կամ բավականին միամիտ մարդ է, կամ ծանոթ չէ ՀՀ իշխանությունների տաղանդին։

Պրոֆեսոր Դենի Ռոդրիկը վերջերս «Project Syndicate» պարբերականում նշել է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում բուռն աճ հնարավոր չէ։ Նա համոզված է, որ հատկապես աղքատ և զարգացող երկրներում ինդուստրիալ հատվածը դատապարտված է լճացման։

«Արդյունաբերական արտադրությունը շարունակում է աղքատ երկրների համար մնալ որպես վերելակ, սակայն այդ վերելակն այլևս արագ չի շարժվում և շատ չի բարձրանում։ Աճն այժմ մեծապես կախված է մարդկային կապիտալում, ենթակառուցվածքներում և արդյունավետ կառավարման համակարգերում կատարվող ներդրումներից։ Իսկ դա նշանակում է, որ աճը լավագույն դեպքում կլինի դանդաղ ու դժվարին»։

Քանի որ Հայաստանն էլ զարգացող ու, եթե չասենք աղքատ, ապա` ոչ հարուստ երկիր է, ուրեմն՝ ասվածը նաև մեզ է վերաբերում։ Սակայն մինչ Ռոդրիկը հոռետեսություն է ցուցաբերում, Հայաստանի արդյունաբերությունը երկնիշ թվով աճում է՝ երևան հանելով ՀՀ տնտեսական դպրոցի անվիճելի գերազանցությունը հարվարդյան գիտական մտքի նկատմամբ։

Կարդացեք նաև

Մինչ պրոֆեսորը խոսում է այն մասին, որ բուռն աճ հնարավոր չէ,  ՀՀ տնտեսությունը 4%-ի փոխարեն աճում է 7%-ով։ Կամ՝ Դենի Ռոդրիկն ասում է, որ Չինաստանը լուրջ մրցակից է դարձել ցանկացած երկրի համար ու մրցակցության մեջ բարդացնում է սկսնակների (նկատի ունի զարգացող կամ զարգանալ ցանկացող երկրներին) կյանքը։ Ի՞նչ իմանա հարվարդյան խեղճ պրոֆեսորը, որ հայկական տնտեսագիտական մտքի հանճարը դեռ տարիներ առաջ գտել է «չինական խնդրի» լուծումը՝ արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք Չինաստանը չի արտադրում։ Պարզ ու հանճարեղ։ Ոչինչ, որ Չինաստանն արտադրում է գրեթե ամեն ինչ։ Կարևորը՝ հասկացել ենք ինչ փնտրել։

Կարճ ասած՝ Ռոդրիկ-ՀՀ իշխանություններ հեռակա բանավեճում հաշիվը 5:0 է՝ էլ չասենք` հօգուտ ում։

Սակայն, եթե ավելի խորը դիտարկենք, Ռոդրիկի ասածները չեն հակասում մերոնց ասածներին։ Դենի Ռոդրիկն ասում է, որ արդյունաբերությունը թույլ է տալիս արագ հասնել զարգացած երկրներին, քանի որ համեմատաբար հեշտ է կրկնօրինակել և կիրառել արտասահմանյան տեխնոլոգիան անգամ ամենաաղքատ երկրներում։ Անգամ հաշվարկներ է արել. արդյունաբերությունը թույլ է տալիս կրճատել զարգացած երկրների հետ տարբերությունը տարեկան 3% արագությամբ՝ անկախ քաղաքական վիճակից, պետական կարգից և աշխարհագրական դիրքից։ «Աղքատ երկիրը կարող է հեշտությամբ մրցակցել Շվեդիայի հետ որևէ արտադրության հարցում»,- ասում է Ռոդրիկը։ Թվում է՝ ամեն ինչ պարզ է, ու մեր նման երկրները բոլոր շանսերն ունեն հասնելու և անցնելու գերզարգացած երկրներին։

Սակայն պրոֆեսորն ավելացնում է. երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն ինդուստրիալիզացիա, այլ նաև ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացում, որն անհրաժեշտ է աճը պահպանելու համար։ Հենց դրա համար էլ պրոֆեսորը շարունակում է Շվեդիայի օրինակը. «Սակայն աղքատ և զարգացող երկրներին հասնելու համար նրան հարկավոր կլինեն տասնամյակներ, ագամ՝ 1 ամբողջ դար՝ Շվեդիային հասնելու համար ինստիտուտների որակի տեսակետից։ Դրա մեջ մտնում է տնտեսության կառուցվածքը, պետության կողմից որակյալ ծառայությունների մատուցումը, խտրականության բացակայությունը, սեփականության իրավունքների պաշտպանությունը, արդար դատաիրաական համակարգը, կոռուպցիայի ցածր մակարդակը և այլն)։ Առանց այս ամենի և առանց մարդկային կապիտալի մեջ ներդրումների՝ աճը (եթե այն լինի) դատապարտված է լճացման»:

Եթե կարճ ձևակերպենք, ապա ասելիքը հետևյալն է՝ հզորներն արդեն սպառել են արդյունաբերական արգացման իրենց պոտենցիալը, իսկ զարգացող երկրներում պակասում է ավելի կարևոր բան՝ ինստիտուտների կայացած համակարգը։

Այնպես որ` ոչ մի հակասություն էլ չկա: Օրինակ, ՀՀ իշխանություններն իրենք էլ խոստովանում են, որ տնտեսական աճի ցուցանիշից ոչ պակաս կարևոր է այդ  աճի որակը։ Ամբողջ տարբերությունն այն է, որ Դենի Ռոդրիկը նայում է ոչ թե խոսքերին, այլ՝ կատարված քայլերին:

Իսկ օրինակ Հայաստանում անկախությունից ի վեր խոսում են նորմալ ընտրություններ անցկացնելու մասին, սակայն ընտրությունների որակի բարելավման փոխարեն կատարելագործում են ընտրակեղծիքների որակը: Այսքանից հետո պետք չէ զարմանալ ու մեղադրել Դենի Ռոդրիկին հոռետեսության համար։ Ամեն դեպքում՝ Հարվարդը մնում է Հարվարդ։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս