Կոնգրեսի հայանպաստ բանաձևերն ու ԼՂ հակամարտության  գոտում ամերիկյան քաղաքականությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միանգամից երկու հայանպաստ որոշում է կայացրել։ Առաջինը «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումն է, որը վերահաստատում է Ինգըլ-Ռոյս նախաձեռնության կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Ջուդի Չուն իր ելույթում հայտարարել է, որ Արցախի դեմ ահաբեկչական արշավը պետք է ավարտվի: «Ահա թե ինչի համար եմ ես ներկայացրել լրացումներ հրադադարի ամրապնդմանն ուղղված առաջարկներին, որոնք ներկայացրել են Էլիոթ Ինգըլն ու Էդ Ռոյսը»,- ասել է նա:

Դեռ 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը և Էլիոթ Ինգըլը երեք կետից բաղկացած ծրագիր էին ներկայացրել շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջև համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում:

Մյուս հայամետ նախաձեռնությունը դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանինն է, ում առաջարկած օրենսդրական փոփոխությունն արգելում է ամերիկյան ցանկացած տեսակի պաշտպանական նշանակության արտադրանքի տրամադրում Ադրբեջանին, որը կարող է օգտագործվել՝ հարվածելու Արցախի Ստեփանակերտի օդանավակայան ժամանող կամ այնտեղից թռչող քաղաքացիական օդանավերին։ «Այս փոփոխության ընդունումից հետո ԱՄՆ նախագահը պետք է հավաստիացնի Կոնգրեսին, որ Ադրբեջանին տրամադրվող որևէ ռազմական նշանակության ապրանք չի կարող սպառնալիք հանդիսանալ քաղաքացիական ավիացիայի համար»,- հայտնել է Բրեդ Շերմանը:

Պատմական քվեարկություն Կոնգրեսում

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը, մեկնաբանելով Կոնգրեսի անդամ Ջուդի Չուի կողմից Ռոյսի-Ինգըլի առաջարկը պաշտպանող լրացման ընդունումը,  ասել է, որ, եթե հաշվի չառնենք արտասահմանյան օգնությունը, ԱՄՆ Կոնգրեսն արցախամետ միջոց չի քննարկել և չի ընդունել՝ սկսած 1998 թվականից: Ներկայացուցիչների պալատի որոշումը ողջունել է  Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ այն որակելով պատմական «Պալատի քվեարկությունը՝ հանուն խաղաղության»: Արցախի ԱԳՆ-ն ևս ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի կայացրած որոշումը։ Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հրադադարի ռեժիմի հետևողական ամրապնդումը, այդ թվում՝ միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման միջոցով, կնպաստի խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած հանդիպումն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ, նշել էր, որ գուցե անհրաժեշտություն առաջանա ունենալ «Դուշանբե պլյուս»՝ ակնարկելով, որ Դուշանբեին պետք է կցվեն 2016 թվականի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց էությունը համընկնում է Ռոյս-Ինգըլ բանաձևում նշվող առաջարկներին։

Կոնգրեսի աննախադեպ որոշումները՝ Մնացականյան-Մամեդյարով վաշինգտոնյան հանդիպումից հետո

Հարկ է նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի այս երկու աննախադեպ որոշումները տեղի են ունենում Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից  հետո, երբ ռուսական մամուլում ակտիվացել են հրապարակումներն այն մասին, որ ԱՄՆ-ը փորձում է հակազդել Կրեմլի ջանքերին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս բանաձևերը, մի շարք վերլուծությունների համաձայն, ամերիկյան այս պլանների համատեքստում են։

ԱՄՆ-ը չունի որևէ առանձին ծրագիր ԼՂ հակամարտության կարգավորման համար

Սակայն «168 Ժամի» հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ Վաշինգտոնում որևէ  սեպարատ ծրագիր չի մշակվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման  համար, ավելին, Վաշինգտոնը  շարունակում է իր   աշխատանքները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։  Նրա համոզմամբ՝ ամերիկյան առաջարկ սեղանին չկա, ավելին, Միացյալ Նահանգներն այդքան էլ ակտիվ չէ այս ժամանակահատվածում՝ որպես համանախագահ պետություն, գոնե այն առումով, որ պետքարտուղարը դեռ հանդիպում չի ունեցել ոչ Հայաստանի, և ոչ էլ Ադրբեջանի  ԱԳ նախարարների հետ, իսկ Ֆրանսիայի և Ռուսաստանի  ԱԳ նախարարները հանդիպում ունեցել են։ «Վաշինգտոնը ոչ մի առանձին սցենար չունի Ղարաբաղի համար, և նման սցենարի առկայություն կարծես թե գոյություն չունի»,- ասաց Սարգսյանը։

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո տեսնում ենք որոշակի տեղաշարժեր Երևանից դեպի Ստեփանակերտ բանակցային գործընթացում։ Նրա խոսքով՝ կա որոշակի ակտիվություն։ Տարասովը  հիշեցրեց, որ Մնացականյանը  երեք ժամ տևած բանակցություններ վարեց Բակո Սահակյանի, Մասիս Մայիլյանի հետ, և նրանք այնտեղ հանդես եկան տարբեր դիրքորոշումներով։

«Մնացականյանը խոսեց  Ստեփանակերտի հետ սերտ երկխոսության մասին, Մայիլյանը խոսեց այն մասին, որ կա Արցախի տարածքային ամբողջականության խնդիր, Շահումյանի և Մարտունիի շրջանները։ Երևանը որոշեց ավելի մանրամասն ներկայացնել բանակցային գործընթացը Ստեփանակերտին, Մասիս Մայիլյանի կոշտ հայտարարությունները խոսում են այն մասին, որ Արցախն իրեն դիրքավորում է՝ որպես սուբյեկտ, և ձևավորվել են երկու դիրքորոշումներ՝ եթե Երևանն աշխատում է Մադրիդյան սկզբունքներով, ապա Արցախը դեմ է արտահայտվում դրան։ Ամերիկացիները որոշում  կայացրել են, սակայն չունեն կարգավորմանն ուղղված առաջարկներ, ես լուրջ գլոբալ կապ չեմ տեսնում այս բանաձևերի և կարգավորման գործընթացում ամերիկյան քաղաքականության միջև։ ԱՄՆ պաշտոնական մակարդակը չի համապատասխանում այս հակամարտությունում ՌԴ ներգրավվածության մակարդակին, քանի որ ավանդաբար այս հարցով զբաղվել են Պուտինը և Լավրովը, իսկ ԱՄՆ-ում նախարարներին նույնիսկ Պոմպեոն չընդունեց, իսկ Բոլթոնն ունեցավ հանդիպումներ նախարարների հետ, սակայն  խոսեց Իրանի խնդրի մասին։ ԱՄՆ-ը Վաշինգտոնում որևէ նոր սկզբունքային դիրքորոշում չհայտնեց։  Նրանք դուրս չեն գալիս այդ ձևաչափից, կա կոնսենսուս։ Ամերիկացիները հստակ ցույց տվեցին, որ, եթե Մոսկվան թույլ է տալիս Երևանին և Բաքվին խաղարկել սեփական քարտերը, ապա ամերիկացիներն այնքան են հոգնել, որ գուցե պարտադրեն խաղաղություն։ Խնդիրը բանակցային գործընթացում է, Ստեփանակերտը պետք է միանա։ Առանց բոլոր կողմերի՝ հնարավոր չէ և հնարավոր չի լինելու»,- մեկնաբանեց Տարասովը։

ՀՀ դիվանագիտությունը չի ունեցել դերակատարում բանաձևերի ընդունման հարցում

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը պարզաբանեց, որ Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատում  հավանության արժանացած այս երկու բանաձևերը որևէ առնչություն չունեն ոչ ՀՀ արտաքին քաղաքականության, ոչ էլ դիվանագիտական ջանքերի հետ։ Նրա վստահեցմամբ, դրանք  բացառապես մեր լոբբիստների աշխատանքի արդյունքն են, և այդ  աշխատանքը շարունակական բնույթ է կրում թե այս Կոնգրեսում, և  թե նախորդ Կոնգրեսում։ «Մեծ հաշվով, Ջուդի Չուի նախաձեռնությունն  ի լրումն է այն նախաձեռնության, որը  նախկին Կոնգրեսը՝ ի դեմս Ինգըլի և Ռոյսի,  ուներ»,- ասաց Սարգսյանը։

Ի՞նչ պրակտիկ ազդեցություն կունենան Չուի և Շերմանի բանաձևերը

Սուրեն Սարգսյանն ասաց, որ Ջուդի Չուի բանաձևը որևէ պրակտիկ ազդեցություն բանակցային գործընթացի վրա ունենալ չի կարող, սա կարող է  պարզապես ազդեցություն ունենալ ԱՄՆ  քաղաքականության վրա, որպեսզի  ԱՄՆ-ը ավելի ակտիվ աշխատի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ «Այլ պրակտիկ նշանակություն  այս բանաձևն ունենալ չի կարող»,- ասաց Սարգսյանը։ Ինչ վերաբերում է  Բրեդ Շերմանի նախաձեռնությանը, ապա, նրա պարզաբանմամբ, հաջորդ տարվա համար  նախատեսվում է , որ ԱՄՆ-ը չի կարող վաճառել  Ադրբեջանին այնպիսի սպառազինություն, որով կարելի է խոցել քաղաքացիական ինքնաթիռներ։ «Միևնույն  ժամանակ՝ Շերմանը նույն փաստաթղթում մեկ այլ նախաձեռնություն է սահմանել, որով պատժամիջոցներ  է կիրառում Ռուսաստանի դեմ, և այդ պատժամիջոցները վերաբերում են ռուսական պետական ձեռնարկություններում  ամերիկյան հնարավոր ներդրումներին։ Կոնգրեսականների նախաձեռնությունները բացառապես հայ համայնքինն են»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս