ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկել միայն համապարփակ գործարքի կնքման դեպքում
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները կչեղարկի հիրավի համապարփակ գործարքի կնքման դեպքում, որը կներառի միջուկային ու հրթիռային խնդիրները, ինչպես նաւե մարդու իրավունքները: Այդ մասին Բրյուսելում կայացած հեռախոսային բրիֆինգում հայտարարել է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Նոր գործարքը պետք է լինի իրոք համապարփակ, ներառի միջուկային հիմնախնդրի, բալիստիկ հրթիռների խնդրի, մարդու իրավունքների եւ տարածաշրջանում Թեհրանի գործունեության խնդրի լուծումները: Միայն նման գործարքի կնքումից հետո ԱՄՆ-ը լիովին կչեղարկի պատժամիջոցները եւ կվերականգնի դիվանագիտական հարաբերությունները»,-հայտարարել է նա:
Բացի այդ, Հուքի խոսքով՝ ԱՄՆ-ը հունիսի 24-ին կհորդորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հասնել Իրանից Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովման՝ սկսելով Իրանի վրա առավելագույն դիվանագիտական ճնշում գործադրելու արշավը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսապես շահագրգռված չէ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը պահպանելու հարցում, որով համաշխարհային շուկա է փոխադրվում մերձավորարեւելյան նավթի մեծ մասը, քանի որ Միացյալ Նահանգներն ինքն է դարձել այդ հումքի խոշոր արտադրողը:
Թրամփն ասել է, որ աշխարհի այս շրջանում իրենց լցանավերի պահպանմամբ պետք է զբաղվեն Չինաստանը, Ճապոնիան եւ այլ երկրներ, որոնք կախված են Մերձավոր Արեւելքից նավթի մատակարարումներից: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի խորհրդական Հեսամոդին Աշնան հունիսի 24-ին Twitter-ում գրել է, որ իր երկիրը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել պատժամիջոցների ռեժիմի պահպանման պայմաններում:
«Մենք ասում ենք՝ պատերազմ չենք ցանկանում, բայց եւ չենք ընդունում պատժամիջոցները,-գրել է Աշնան:-Բանակցություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից արվող առաջարկներն այն պայմաններում, երբ պահպանվում են սպառնալիքներն ու պատժամիջոցները, չեն կարող ընդունվել»: Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարին առընթեր պետական քարտուղար Ամելի դե Մոշալենը հունիսի 24-ին CNews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան բացասաբար է վերաբերվում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հայտարարությանը:
«Ֆրանսիան չի կարող հավանությամբ վերաբերվել այն բանին, ինչը նպաստում է (Իրանում) իրադրության էսկալացմանը: Այն, ինչ ներկայում տեղի է ունենում Իրանի շուրջ, մենք դիտարկում ենք որպես չափազանց վտանգավոր իրադարձություններ: Տարբեր կողմերից՝ Իրանի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների կողմից, հնչում են քաղաքական գործիչների ռազմաշունչ հայտարարություններ, որոնք չի կարելի խելամիտ եւ պատասխանատու համարել, թեեւ դրանք հենց այդպիսին պետք է լինեին ներկա իրավիճակում»,-նշել է դե Մոնշալենը: Նա ընդգծել է, որ այդ կապակցությամբ «գլխավոր խնդիրը խաղաղության պահպանումն ապահովելն է»:
ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ նոր հակաիրանական պատժամիջոցներից, որոնք սոսկ կբարդացնեն իրադրությունը: «Դա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով, փոխանակ ընդունի այդ իրավիճակում ակնհայտ մոդելը՝ այն է՝ գտնել հնարավորություններ եթե ոչ ուղղակի քաղաքական երկխոսության, ապա երկխոսության եւ առկա խնդիրների դիվանագիտական լուծման համար,- ասել է նա:- Իրադրությունը սոսկ կբարդանա: Դա ամբողջ իրադրության սրման գիտակցված, նպատակամիտված գծի արատացոլումն է»: Ռյաբկովը նաեւ խոստացել է, որ Ռուսաստանը մյուս ողջամիտ ուժերի հետ մեկտեղ կհակազդի ԱՄՆ-ի նոր հակաիրանական պատժամիջոցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: