Բաժիններ՝

«Այդ ջրով ոռոգելիս՝ բերքը փչանում է». ինչու են Արագածի բնակիչները «ԿամԱԶ»-ներով և տրակտորով բարձրացել են Արագած լեռը

Արագած գյուղի բնակիչները երեկ «ԿամԱԶ»-ներով և տրակտորով բարձրացել են Արագած լեռը, որպեսզի քանդեն Գեղարոտ գետի վրա դեռևս 2007թ. կառուցված Գեղարոտ 1, Գեղարոտ 2 և Արագած հէկ-երը:

Նրանց պնդմամբ՝ հէկ-երն աղտոտում են իրենց ջուրը, և հէկ-երի կողմից օգտագործված ջուրն այլևս պիտանի չէ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար:

168.am-ի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ իրենք պահանջում են ընդհանրապես դադարեցնել փոքր հէկ-երի շահագործումը:

«Ամբողջ հողը դեղին է, լրիվ թույն: Ցորեն ցանեցինք, լրիվ չորացել է, նույնը՝ կարտոֆիլի դեպքում: Փոխվել է ջրի որակը, և այդ ջրով ոռոգված բերքը փչանում է: Մի խոսքով՝ բուսականություն չկա»,- նշեցին նրանք:

«Երբ որ հէկ-երը կառուցվել են, ջրի ինքնամաքրման գործընթացը դժվարացել է: 2015 թվականին Գեղարոտի վերին և միջին հոսանքների ջրերի էկոքիմիական վերլուծություն էին արել անկախ փորձագետներ Սեյրան Մինասյանը և Արևիկ Հայրապետյանը:

Համաձայն ուսումնասիրության՝ գետի վրա գործող փհէկ-երը զգալի ազդեցություն ունեն գետի ջրերի որակի վրա: Փհէկ-երից ներքև գտնվող դիտակետերի ջրերում մի շարք տարրերի կոնցենտրացիաները գերազանցում են փհէկ-երից վերև գտնվող դիտակետերի ջրերում առկա կոնցենտրացիաներին»,- հավելեց բնապահպան Ինգա Զարաֆյանը:

Տեղեկացնենք, որ Գեղարոտ գետի վրա կառուցված են «Գեղարոտ» և «Արագած-1» փհէկ-երը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հունիսի 6-ին հանդիպման է հրավիրել Արագածոտնի մարզի Արագած գյուղի մի խումբ բնակիչների, լսել նրանց և տեղեկացրել, որ խնդրի լուծման նպատակով իր հրամանով  ձևավորված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի գործողությունների շրջանակներում «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է գետի ջրի ուսումնասիրություն։ Համալիր ուսումնասիրությունների վերջնական արդյունքներից հետո հնարավոր կլինի լուծումներ առաջարկել խնդրին։

Նախարարը նշել է, որ ներկայում Գեղարոտ գետի ջրի մոնիտորինգ իրականացնող խմբի կազմում, նախարարության աշխատակիցներից բացի, ընդգրկված Արագած գյուղի երկու բնակչին կներգրավեն նաև միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից իրականացվելիք արդյունքների ամփոփման գործընթացներում։

Հիշեցնենք, որ Արագածի բնակիչները փհէկ-երի դեմ բողոքի ակցիա իրականացրել են նաև   մարտ ամսին՝ փակելով Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհը:

Այդ ժամանակ ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան տարածել է տեղեկատվություն, համաձայն որի՝ Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր հէկ-երը շահագործող «Էլ-Կաս» և «Վակուֆլօ» ընկերությունները գետի ջրի որակի փոփոխությունները կապում են 1988 թվականի երկրաշարժի հետ: Ըստ ընկերությունների՝ 1988 թվականի երկրաշարժից հետո երկրաբանական կատակլիզմների հետևանքով գետում տեղի է ունեցել ջրի քիմիական բաղադրության կատաստրոֆիկ փոփոխություն, վերացել են գետում եղած ձկնատեսակները: Ընկերությունները, հիմնվելով, իրենց պատվիրած հետազոտությունների արդյունքների վրա, հայտնել էին, որ փհէկ-երը գետի ջրի որակի վրա բացասական ազդեցություն չեն ունենում:

Գեղարոտ գետի վրա կառուցված են «Գեղարոտ» փհէկ-ը, որը շահագործում է «Էլ-Կաս» ՍՊԸ-ն և «Արագած-1» փհէկ-ը, որը շահագործում է «Վակուֆլօ» ՍՊԸ-ն:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս