Անցումային արդարադատությունը` որպես պետականաշինության տարր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկել է դատական համակարգում «վիրահատական միջամտոււթյուններ» իրականացնելու ժամանակը: Այնուհետև նա նշեց քայլերի հերթականությունը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ միջամտությունն իրականացնելու համար: Ըստ վարչապետի՝ դրանք հետևյալն են՝

1. Վեթինգ

Վեթինգն իրենից ներկայացնում է ֆիլտրացիա: Դա մի գործընթաց է, որը կարող է օգտագործվել ցանկացած որոշում կայացնելու համար: Այն հաճախ օգտագործվում է պաշտոնական ստուգումների ժամանակ, որոնց նպատակն է՝ պարզել, թե արդյո՞ք պաշտոնատար անձը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:

Ի դեպ, դատավորների ու դատախազների վեթինգ այժմ իրականացվում է Ալբանիայում՝ դատական իշխանության բարեփոխումների շրջանակներում: Դա արդյունքն է, այդ թվում, այն բանի, որ ԵՄ Եվրոպական հանձնաժողովը քննադատել էր այդ երկրի իշխանություններին դատական իշխանության ռեֆորմների և կոռուպցիայի դեմ պայքարի խիստ դանդաղ ընթացքի համար: ԵՄ-ի կողմից առկա էր հստակ պահանջ՝ դատական բարեփոխումների ուղղությամբ հրատապ քայլեր ձեռնարկելու:

Այս գործընթացի վերջնական նպատակը դատական իշխանության հանդեպ հանրային վստահության վերականգնումն էր՝ զուգորդված դատական իշխանության անկախության ապահովմամբ: Սակայն պետք չէ գերագնահատել այս գործիքի ներուժն ու կարևորությունը: Վեթինգն ընդամենն առաջին քայլն է, և առանց մշակված ռազմավարության և հետագա քայլերի հստակ պատկերացրած հաջորդականության՝ այս գործիքը չի ծառայի իր նպատակին: Խնդիրը համակարգային է, ոչ թե անձնային: Եթե համակարգային փոփոխությունների ռազմավարություն չլինի, ապա կարճ ժամանակ անց կլինի նոր վեթինգի կարիք:

2. ՄԻԵԴ որոշումներով հաստատված «կոպիտ» խախտումներով դատավճիռների հեղինակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն պաշտոններից: Այս, առաջին հայացքից՝ տարօրինակ պահանջը լիովին արդարացված է առնվազն, որովհետև կան ՄԻԵԴ այնպիսի վճիռներ, ինչպիսիք են, օրինակ, Հարությունյանն ընդդեմ Հայաստանի (դիմում համար 36549/03), որտեղ առաջին ատյանի դատարանը կապված ամբաստանյալ Միշա Հարությունյանի նկատմամբ բռնությունների կիրառման հետ՝ նշել է, որ «թեև բռնություններ են կիրառվել, բայց կիրառվել են ճշմարտությունը պարզելու համար»:

Շատ կարևոր է ճիշտ չափանիշերի սահմանումը: Պետք է չխաթարվի դատական իշխանության անկախությունը, դատավորները չպետք է ճնշումների ենթարկվեն իրենց կայացրած օրինական ակտերի համար: Այս առումով կարելի է անդրադառնալ Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դատական իշխանության անկախության վերաբերյալ ԵԱՀԿ Կիևյան կոնֆերանսի առաջարկություններին, որտեղ մասնավորապես նշվում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթները պիտի առնչվեն դատավորների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների անբարեխիղճ կատարմանը, ինչի արդյունքում հեղինակազրկվում է դատական իշխանությունը:

Դատավորների կարգապահական պատասխանատվությունը չի տարածվում նրանց որոշումների կամ վճիռների բովանդակության վրա, ներառյալ՝ դատարանների միջև իրավական մեկնաբանության տարբերությունները, ինչպես նաև դատական ​​սխալների կամ դատարանների քննադատությանը վրա: Այսպիսով, առաջնային է, որ այս գնահատման գործըթացի արդյունքում չխաթարվի դատական իշխանության անկախությունը:

3. Բոլոր այն դատավորները, որոնք «իրենց ներսում գիտեն», որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան:

4. Ամփոփել վերջին ամիսներին անցումային արդարադատության ներդրման մեխանիզմների ուղղությամբ տարված աշխատանքները:

5. ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ անցումային արդարադատությունը կյանքի կոչելու համար:

Վերջին երկու կետերն արտացոլում են անցումային արդարադատության ներդրման իրական քայլեր, մասնավորապես՝ օրենսդրական դաշտում:

Մեր հասարակությունում, որպես անցումային արդարադատության հիմնական և, որպես կանոն, միակ գործառույթ, հաճախ ընկալվում է հենց արդարադատության իրականացումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:

Անցումային արդարադատությունը մարտահրավեր է, որը ներառում է անցյալի  հավասարակշռումը ներկայի և ապագայի հետ: Այս նուրբ հավասարակշռման և հաշտեցման գործընթացում «զոհերն» անխուսափելի են, սակայն մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի անցումային արդարադատության հիմքը: Մարդու իրավունքներն անցումային արդարադատության հիմնաքարն են, առաջին հերթին՝ այն պատճառով, որ հենց մարդու իրավունքների խախտումների արդյունքում է, որ առաջանում է անցումային արդարադատության պահանջ: Ճշմարտության և արդարության  ժխտումը մերժում է մարդու հիմնական իրավունքները:

Անցումային արդարադատության մասին խոսելիս «արդարադատություն» բառը պետք է ընկալվի ավելի լայն, քան Սահմանադրության 162 հոդվածում նշված նույն բառը: «Արդարադատություն» եզրույթն այս դեպքում ենթադրում է որոշակի գործընթաց, որի նպատակն է ապահովել անցումը` կարծր ավտորիտար կամ տոտալիտար կառավարման համակարգից դեպի ժողովրդավարական համակարգ: Անցումային արդարադատության գործիքները  բազմաթիվ ու բազմազան են, և անհնարին կլինի տալ այդ գործիքների սպառիչ ցանկ, սակայն ստորև հակիրճ կներկայացնենք դրանցից մի քանիսը:

1. Ռեֆորմացիա

Ռեֆորմների իրականացումն առաջնային և կենսական նշանակություն ունի թե անցյալի եղելությունների օբյեկտիվ բացահայտման համար, թե հետագայում ռեպրեսիաների, բռնությունների և այլ հակաիրավական երևույթների կանխարգելման համար:

2. Փաստահավաք խմբեր/հանձնաժողովներ

Այս գործիքի հիմնական նպատակը համերաշխության հաստատումն է՝ անցյալում տեղի ունեցած երևույթների վերաբերյալ ճշմարտության վերհանման միջոցով: Ակնկալվում է, որ սրա արդյունքում խորապես պառակտված հասարակությունները կկանգնեն հաշտեցման ուղու վրա: Սա տեղի է ունենում հետևյալ կերպ. բռնությունների զոհերը ներկայացնում են իրենց հետ տեղի ունեցածը, իսկ բռնություն գործադրողն իր հերթին՝ կարող է, այսպես ասած, «ցուցմունք» տալ:

Սակայն, որպեսզի վերջինիս «ցուցմունքը» լինի ճշմարիտ և օբյեկտիվ, հաճախ կարող է տեղի ունենալ անձեռնմխելիության տրամադրում` իր արարքների համար: Այս հանձնաժողովները չեն վերցնում իրենց վրա դատարանների գործառույթները, այլ միայն արձանագրում են եղելությունը:

Հավաքված փաստերի վերաբերյալ հրապարակվում է զեկույց: Այս գործիքի հիմնական նպատակը ճշմարտության բացահայտումն է՝ առանց պատժի կիրառման: Սա արվում է, մասնավորապես, հասարակության մեջ կոնֆլիկտները չխորացնելու համար, ինչպես նաև այն պատճառով, որ որոշ հանցագործությունների վաղեմության ժամկետներն անցած կարող են լինել:

3. Ռեպարացիոն ծրագրերի իրականացում

Շատ լայն տարածում ունեցող գործիք է, որը բազմիցս կիրառվել է անցումային արդարադատության տարբեր ծրագրերում: Օգտագործվել է Չեխիայում, որտեղ քաղբանտարկյալները ստացել են ֆինանսական հատուցում: Ռիսկը նրանում է, որ կարող է հասարակության որոշ շերտերի կողմից ընկալվել՝ որպես ժողովրդին «կաշառելու» և հնազանդությունը «գնելու» միջոց, ինչպես նաև արդարադատությունը դրանով փոխարինելու միջոց:

4. Դատական գործերի վերաբացում

Այս գործիքի միջոցով մի կողմից՝ վերականգվում են կոնկրետ անհատի իրավունքները, մյուս կողմից՝ ստեղծվում է նախկին անարդար ռեժիմի կայացրած որոշումները շտկելու հնարավորություն՝ անցում կատարելով դեպի իրական ժողովրդավարական կառավարման համակարգ:

Այնուամենայնիվ, անցումային արդարադատության գործիքակազմի ընտրությունը խիստ սուբյեկտիվ է և պիտի պայմանավորված լինի կոնկրետ իրավիճակով, տվյալ պետության և հասարակության պատմամշակութային անցյալով և ներկայով, իրավական սովորույթով և քաղաքական մշակույթով: Այսինքն, չի կարելի կուրորեն և նույնությամբ կիրառել մեկ այլ տեղ դրական արդյունք ցույց տված գործիքակազմ:

Ինչպես արդեն նշել ենք, մեր հասարակությունում՝ որպես անցումային արդարադատության հիմնական և, որպես կանոն, միակ գործառույթ, հաճախ ընկալվում է հենց արդարադատության իրականացումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, այսինքն, ըստ էության՝ քրեական արդարադատությունը: Սա շատ վտանգավոր է, քանի որ մի գործիքի վրա կենտրոնացումը կարող է հանգեցնել այլ գործիքների անտեսման, ինչի արդյունքում անցումային արդարադատությունը չի ծառայի իր բուն նպատակին:

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ անցումային արդարադատությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ պետականաշինության տարր, և, եթե անգամ այն կատարյալ ձևով իրականացվի, պարտադիր է այնպիսի քաղաքական թիմի առկայությունը, որը կարողանա շարունակել պետականաշինության գործընթացը:

Ալեքսանդր Հարությունյան
Փաստաբան
Ի.Գ.Թ.

Տեսանյութեր

Լրահոս