Փաշազադեի մուտքը՝ Կճոյանի «Բենթլիով». Հայաստան-2026
Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների՝ Հայաստան անարգել ու հանդիսավոր մուտք ապահովելու հաջորդ օրը, Նիկոլ Փաշինյանի հրահանգով փակվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ելքը Հայաստանից:
Գուցե հենց ադրբեջանցիների այցի պատվին ու որպես նվեր՝ վերադարձից հետո գրվելիք գաղտնի զեկուցագրերում ՀՀ գործող իշխանությունների հյուրընկալության մասին ոչ միայն քաղաքական ղեկավարությանը, այլ նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին գոհացնող տեղեկություններ փոխանցելու համար: Սա ժամանակագրական զուգադիպություն չէ, այլ քաղաքական նպատակների համընկնում. Հայ Առաքելական եկեղեցու ու Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ համակարգված պայքարում են երկու սուբյեկտներ՝ Ադրբեջանի իշխանությունը՝ յուր Փաշազադեով, և Հայաստանի իշխանությունը՝ յուր Փաշինյանով:
Վեհափառի ելքը թույլ չտալու նպատակը ճղճիմ է՝ ինչպես Ադրբեջանին հաճոյանալու փաշինյանական ցանկացած ձգտում. այդպիսով փորձ է արվում խափանել այս շաբաթ Ավստրիայում նախատեսված Հոգևոր գերագույն ժողովը, որը Հայաստանից դուրս էր գումարվում Հայաստանում եկեղեցու դեմ ասպատակության պատճառով: Որպես ուժի ցուցադրություն ներկայացվող այս քայլն իրականում վկայում է առնվազն եկեղեցու դեմ նողկալի այս պայքարում Նիկոլ Փաշինյանի տապալման մասին:
Մի քանի ամիս շարունակ ամենաայլանդակ, նողկալի արշավից հետո նրան այլ բան չի մնացել, քան ուժով արգելել Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից: Գերագույն ժողովը, այսպես թե այնպես, կայանալու է, անգամ Կաթողիկոսի ֆիզիկական բացակայության պայմաններում: Ավելին, այն որևէ ձևաչափով տեղի է ունենալու նույնիսկ այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանի բանականությունը մթագնի այնքան ու այնպես, որ նա Վեհափառ Հայրապետին կալանավորելու հանձնարարություն տա մանկավիկի վերածված իրավապահ մարմիններին:
Խնդիրը շատ ավելի խորն է, քան Ամենայն Հայոց կաթողիկոսի անձը, նրա ֆիզիկական ու տեղաշարժի ազատությունը: Հայաստանի ու Ադրբեջանի էլեկտրական համակարգերի ինտեգրման մասին էլեկտրահարվածի հրճվանքով խոսող իշխանությունն առանց հայտարարելու ինտեգրվել է ադրբեջանական քաղաքական ու ուժային համակարգին, ինտեգրվել է՝ որպես այդ երկրի նպատակադրումներն իրականացնող ենթահամակարգ: Իսկ քանի որ ստորադաս ենթահամակարգը պետք է գործի վերադասության սկզբունքը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ՝ ոչ ադրբեջանահաճո հայերի հանդեպ վերաբերմունքում Իլհամ Ալիևից հետ չմնալու համար: Ալիևը նրանց պահում է Բաքվի բանտերում, Նիկոլ Փաշինյանը մեծ բանտի է վերածում Հայաստանը:
Ադրբեջանի հետ Հայաստանի ինտեգրացիայի որևէ փուլում, էլեկտրական համակարգերից բացի, կարող են միասնականացվել նաև հոգևոր հաստատությունները: «Եկեղեցու բարենորոգման» շրջանակներում Նիկոլ Փաշինյանը որպես գլխավոր «բարենորոգիչ»՝ կարող է հռչակել նույն Փաշազադեին ու Նավասարդ Կճոյանին ուղարկել նրան Հայաստան բերելու սահմանազատված հատվածով: Եվ յուր «Բենթլիով», բնականաբար:
Հարություն Ավետիսյան



