Ալիևը գին է ուզելու ԱՄՆ-ից. Վենսը երեք անգամ «խուտուտ տվեց» նրան. Հայկ Նահապետյան

Ադրբեջանն ընտրվել է որպես տարածք՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններ սկսելու նպատակով։ Այսպիսի կարծիք հայտնեց 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների և Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Իրանին հարված հասցնելու հնարավորության մասին։

«Ադրբեջանն ընտրվել է որպես տարածք և պետություն՝ Իրանի դեմ գործողություններ սկսելու նպատակով և հիմնական պետություններից մեկն է լինելու Իրանի դեմ գործողությունների կապակցությամբ, եթե ոչ՝ ամենահիմնականը։ Եթե հիշում եք, Ադրբեջանն օդանավակայաններ էր կառուցում օկուպացված Արցախի տարածքում՝ Ֆիզուլիից սկսած, ընդ որում՝ բետոնի հաստությունը քաղաքացիական ինքնաթիռների համար չէր, ծանր ռազմական ինքնաթիռներ օդանավակայանում ընդունելու հնարավորություն էր ապահովում, և ակնհայտ է, որ այդ օդանավակայանները ռազմական նշանակություն ունեն առնվազն երկու ուղղությամբ՝ Հայաստան և Իրան։ Ադրբեջանը հրաշալի հասկանում է՝ եթե Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, այդ տարածքներն, ամենայն հավանականությամբ, ռմբակոծվելու և հրթիռակոծվելու են Իրանի օդուժի և հրթիռային կայանքների կողմից»,- մեկնաբանում է ռազմական փորձագետը։

Փորձագետի խոսքով՝ օկուպացված Արցախի տարածքում կառուցված օդանավակայաններն, ըստ պլանի, պետք է օգտագործվեն Իրանի վրա հարձակվող իսրայելական ռազմական ինքնաթիռները լիցքավորելու նպատակով, և այդպես է արվել նաև նախորդ տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ։

Կարդացեք նաև

«Հարված հասցնելու հետ կապված ռազմավարական խնդիրը և՛ Իսրայելի, և՛ Միացյալ Նահանգների համար Իրանում այաթոլլահների կառավարման համակարգը փոխելն է։ Խնդիրն այն չէ, որ ամերիկյան կամ իսրայելական զորքերը մտնեն և օկուպացնեն Իրանը։ Դա հնարավոր էլ չէ, հետևաբար՝ այս տարբերակն այս պահին բացառում ենք։

Իշխանափոխության նպատակով այն, ինչ արվեց 12-օրյա պատերազմի ընթացքում, փաստացի ձախողվեց, վերջերս փորձ արվեց գունավոր հեղափոխությունների գործիքակազմով, որը ևս ձախողվեց, և գործելու են 12-օրյա պատերազմի գործողությունների տրամաբանությամբ, բայց այս անգամ թիրախ են ընտրելու ոչ թե մի քանի հարյուր ռազմական, քաղաքական, կրոնական, գիտական ղեկավարների, այլ կոնկրետ մի քանի հոգու, ասենք՝ առաջին հինգ ամենաբարձրաստիճան ղեկավարներին՝ գերագույն հոգևոր առաջնորդ, ԻՀՊԿ հրամանատար, բանակի հրամանատար, շտաբի պետ և նախագահ»,- կանխատեսում է Հայկ Նահապետյանը։

Այսպիսով, Միացյալ Նահանգներն, ըստ ամենայնի, ևս մեկ փորձ կանի Իրանում իշխանափոխության իրականացնելու, սակայն, ինչպես շարունակում է իր խոսքը գնդապետը, Թրամփի վարչակազմը բավականին լուրջ թնջուկի առաջ է կանգնած, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի նահանջելու իր դիրքերից և չի հրաժարվելու ո՛չ իր միջուկային ծրագրից, ո՛չ ուրանի հարստացումից, ո՛չ բալիստիկ և հիպերձայնային հրթիռներից, և այաթոլլահների վարչակարգը մնալու է։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ Իրանի դեմ նոր ագրեսիայի դեպքում Իրանի ղեկավարությունը չի երկմտի հարված հասցնելու օկուպացված Արցախի տարածքում տեղակայված իսրայելական ռազմաբազաներին կամ հետախուզական կետերին։

«Ես կարծում եմ, որ Իրանի ղեկավարությունը չի սեթևեթի նման որոշում կայացնել։ Իր համար միևնույն է՝ ամերիկյա՞ն, թե՞ իսրայելական բազա է. եթե իր երկրի համար վտանգ է ներկայացնում, նա խփելու է։ Ի դեպ, եթե հիշում եք, երբ Ղասեմ Սոլեյմանիին սպանեցին, Իրանը պատասխան տվեց՝ խփեց ամերիկյան ռազմաբազաներին առանց սեթևեթանքի։ Նույնն էլ այստեղ է։ Եթե մենք վերլուծություն ենք անում բաց աղբյուրներով և գնահատում ենք, որ (Իրանի նախագահ) Ռաիսիի և (արտգործնախարար) Աբդոլլահիանի ուղղաթիռի կործանումը (2024 թվականի մայիսի 19-ին) կազմակերպված սպանություն էր՝ Ադրբեջանից վերադառնալիս, որովհետև ես չեմ բացառում՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ևս մասնակից են եղել։

Հիմա Իրանը դրա մասին չգիտի՞, կամ 12-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի երկնքի կամ օդային տարածքի օգտագործում եղավ Իսրայելի օդուժի կողմից, և այդ մասին, ի դեպ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն է ասել, դա չեն մոռացել, այնպես չէ, որ դա «ջրվեց» ու անցավ։ Այնպես որ, եթե վտանգ ներկայացնի Ադրբեջանի տարածքից, Իրանը չի սեթևեթի, առավել ևս, որ Իրանի ղեկավարությունն առ այսօր Ադրբեջանի տարածքը համարում է իր պատմական բնական հայրենիքի մի մաս»,- հավելեց Հայկ Նահապետյանը։

Խոսելով այն հարցի շուրջ, որ տարածաշրջանային այցով Հայաստան, այնուհետև Ադրբեջան մեկնած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել էր Բաքվում բանտարկված հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը, Հայկ Նահապետյանը նշեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը սակարկման առարկա է Միացյալ Նահանգների և ցանկացած այլ պետության համար։

«Եթե Ադրբեջանը, ենթադրենք, համաձայնում է ինչ-որ թվով մարդկանց բաց թողնել ԱՄՆ-ի միջնորդությամբ, գին է ուզելու, բայց ես կարծում եմ՝ այսօր Ալիևը հակված չէ սակարկելու, դրա համար էր բերել այն պատճառաբանությունները, թե ինչու բաց չի թողնի նրանց»,- մեկնաբանեց ռազմական փորձագետը։

Գնդապետի խոսքով՝ Վենսը «քաղաքական իմաստով երեք խուտուտ տվեց» Ալիևին։

Հունվարի վերջին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ Իրանը Միացյալ Նահանգների ցանկացած ագրեսիվ գործողություն կդիտարկի՝ որպես լայնածավալ պատերազմի սկիզբ, և պատասխանը կուղղվի՝ ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ՝ Իսրայելին, ինչպես նաև ագրեսիային աջակցող ցանկացած երկրի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ավելի ծանր հարձակումով, քան 2025 թվականի հունիսին էր, եթե Իրանի ներկայացուցիչները չհամաձայնեն բանակցություններ սկսել միջուկային ծրագրի հարցի շուրջ։ Իսկ հունվարի սկզբին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել էր, որ Թեհրանը թիրախավորելու է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները, եթե ամերիկյան զինուժը հարձակում սկսի Իրանի դեմ։

Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի էին ունեցել անուղղակի բանակցություններ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունների միջև։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս