Ինչո՞ւ է Գալուզինը դժգոհում պաշտոնական Երևանի քաղաքականությունից
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերթական անգամ է անդրադարձել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին: Նա նշել է, որ Արևմուտքում չեն թաքցնում Հայաստանի հետ կապված իրենց ծրագրերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի շահերին վնաս հասցնելն իշխանության օրակարգում չկա, չի եղել և չի լինելու: «Դա բացառված է, ոչ ոք չի կարող մեզ ներքաշել Ռուսաստանի դեմ գործողությունների տրամաբանության մեջ»,- ասել էր Գալուզինը, միևնույն ժամանակ նշելով, որ Երևանը միշտ առաջնորդվելու է իր շահերով:
Թեև Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի քաղաքական գիծը չի ենթադրում դեմ գնալ Ռուսաստանի շահերին, այնուամենայնիվ, Գալուզինը պնդում է, որ տեսնում են՝ Երևանը մեծացնում է արևմտյան երկրների և միավորումների հետ ռազմաքաղաքական և տնտեսական մերձեցման տեմպերը։ «Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար, և դա նրանք արդեն չեն թաքցնում, Մոսկվայի հետ դիմակայության գործում Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է»,- ասել է Գալուզինը:
Նրա խոսքով՝ Երևանում տեղյակ են ԵՄ-ին անդամակցելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամ մնալու անհամատեղելիության մասին Մոսկվայի սկզբունքային գնահատականներին: Փոխնախարարն ընդգծել է, որ այլ ինտեգրացիոն միավորման անդամակցելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով:
«Ակնկալում ենք, որ հանրապետությունը կվարի իրատեսական քաղաքականություն. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը, գնաճի ցածր մակարդակը, ամուր ազգային արժույթը, հայկական արտադրանքի սպառման ընդարձակ շուկան՝ այս ամենի գրավականը Ռուսաստանի հետ կոոպերացիան է նաև ԵԱՏՄ շրջանակներում»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Գալուզինն ընդգծել է, որ, ինչպես և նախկինում, ՌԴ-ն ելնում է նրանից, որ Երևանը Մոսկվայի բնական դաշնակիցն է Հարավային Կովկասում, իսկ եվրասիական ընդհանուր կառույցների շրջանակներում երկկողմ համագործակցությունը, համակարգված աշխատանքը Հայաստանի հետագա բարգավաճման գրավականն են:
ՌԴ դիվանագետը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության հետ կապված Հայաստանի քայլերին: Գալուզինի խոսքով՝ ՀԱՊԿ-ում փոխգործակցության համատեքստում Մոսկվայի համար գլխավորը, ինչպես բազմիցս ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ:
«Հայաստանը դուրս չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից, հանրապետության համար պահպանում ենք կազմակերպության գծով մշակվող բոլոր լուծումներին միանալու հնարավորությունը։ Դրա հետ մեկտեղ, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել Արևմուտքի հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններին նրանց համապատասխանության մասով գործընկերների քայլերին»,- նշել է նա։
ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը հաճախ է անդրադառնում ՀՀ արտաքին քաղաքականությանն ու այդ կոնտեքստում քննադատում Արևմուտքի ջանքերը Հարավային Կովկասում, Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում: Սակայն, եթե Արևմուտքի քաղաքականությունը և հետաքրքրությունն այս փուլում պարզ ու հստակ են, ապա ռուսական կողմից պարզը միայն դժգոհություններն են Հայաստանի ու Արևմուտքի արտաքին քաղաքականությունից: Թվում է, որ ռուսական դիվանագիտությունն այս փուլում սահմանափակվում է միայն պաշտոնական Երևանի քաղաքականությունից դժգոհություններով ու գնահատականներով: Անհասկանալի է նաև դիտարկումը, որ Մոսկվայի համար կարևորը ՀՀ ՀԱՊԿ անդամակցությունն է, որը գոյություն ունի միայն թղթի վրա բավականին տևական ժամանակ:
Հայ-ռուսական հարաբերությունների ապագան մեծապես կախված է նաև նրանից, թե որքան արագ և ճշգրիտ կվերագնահատի իր տարածաշրջանային քաղաքականությունը Ռուսաստանը՝ հատկապես Հարավային Կովկասում։ Նման վերանայում 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն չի արել, շարունակելով ռեգիոնը դիտարկելով նախկին տեսլականով ու ձևաչափով:
Վերջին տասնամյակներին Մոսկվայի գլխավոր հաշվարկներից մեկը եղել է այն ենթադրությունը, որը շրջանառում էին նաև ռուսաստանցի վերլուծաբանները, թե ՌԴ ազդեցությունը կպահպանվի Հայաստանում ու Ադրբեջանում, քանի որ դրան այլընտրանք չկա: Մեկ այլ խնդրահարույց հաշվարկ կարծես ՀՀ ԵԱՏՄ անդամակցության գործոնի ուռճացումն է:
44-օրյա պատերազմից հետո որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների պայմաններում ՀՀ իշխանությունները մեծ թափով փոխեցին ՀՀ արտաքին քաղաքականության կոնցեպտը, այն անվանելով հավասարակշռման քաղաքականություն, թեև փորձագիտական շրջանակներն իրականում այն որակում են՝ որպես արևմտյան կողմնորոշման քաղաքականություն: ՀՀ իշխանությունները ևս վաղուց չեն թաքցնում, որ ձգտում են ԵՄ անդամակցության, պարզապես ԵՄ անդամակցության իրական երաշխիք Հայաստանը ստանալ չի կարող: Սակայն շատերի համար դեռևս բաց հարց է շարունակում մնալ՝ Ռուսաստանը ցանկանո՞ւմ է պահպանել իր «ներկայությունը» ռեգիոնում, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս:
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մոսկովյան հաշվարկներին և քաղաքականությանն այս փուլում, ասաց, որ ՌԴ արտաքին քաղաքականության հարավկովկասյան ուղղությունը կարևոր է, սակայն ռեսուրսներն այս փուլում՝ անբավարար՝ մղվող պատերազմի պայմաններում:

Նրա կարծիքով, սխալ հաշվարկներ եղել են: Իսկ ներկայումս, նրա խոսքով, գլխավոր հանգամանքը, ինչ պետք է հասկանալ, այն է, որ Հարավային Կովկասն աստիճանաբար անցնում է բազմաբևեռ մրցակցության փուլ։ Դրա ամենապարզ օրինակն, ըստ նրա, այն է, որ լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով տնտեսական հարաբերություններ ու շահեր Ռուսաստանի հետ, ՀՀ-ն զարգացնում է հարաբերությունները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ:
«Այս պայմաններում ազդեցության պահպանման ավանդական ռուսական մոդելն ու տեսլականն այլևս տեղին չէ, բավարար չէ, և դա է ցույց տալիս հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակը: Զուգահեռաբար, կարծում եմ, որ այդ լուրջ վերանայումներն այս փուլում չեն արվելու, դրանք արվելու են ավելի ուշ, երբ ձեռք բերվի կոնսենսուս Ուկրաինայի հարցում և դադարի պատերազմը: Այդ նոր իրավիճակում Ռուսաստանը կվարի վերանայված քաղաքականություն, գուցե ինտեգրացիոն նոր ուղղություններով ու մոդելներով»,- ասաց վերլուծաբանը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ռուսաստանը որոշ ջանքեր է ներդնում Հարավային Կովկասում առևտրատնտեսական բնույթի: «Խոսքը վերաբերում է թե մատակարարման նոր երկաթուղային ճանապարհին, թե ձևավորվող ենթակառուցվածքներին միանալու պատրաստակամությանը: Հաշվի առնելով հարաբերությունների քաղաքական բաղադրիչում խնդիրները, ՌԴ-ն փորձում է շեշտը դնել առևտրատնտեսական հարաբերությունների վրա, հաշվի առնելով ՌԴ փորձը, կապերը ռեգիոնում: Ասել, որ դա բավարար է, կդժվարանամ, սակայն գլխավորն այն է, որ հետագայում կա մեծ վերանայման կարիք, ինչը կախված է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակից»,- ասաց Սիմոնովը։



