«Ձևական խաղաղության օրակարգի շուրջ խոսակցություններ են՝ լուրջ չէ, գերիներին ինչո՞ւ չեն վերադարձնում». Արտակ Մկրտչյան

Փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, Հայաստան էին եկել Ադրբեջանի քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ, նրանց և ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում։

Այսօր արդեն Հայաստանում հայաստանյան քաղհասարակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով, նշեցին, որ Ադրբեջանի հետ պետք է խաղաղության գնալ, ավելին՝ երկուստեք ունեն նախագծեր, որոնք պետք է իրականություն դարձնեն։ Նաև ասացին՝ գերիների մասին անդրադարձ եղել է, սակայն Ադրբեջանի քաղհասարակության անդամները կարող են միայն Ադրբեջանում հանրային կարծիք ձևավորել՝ որոշումների վրա չեն կարող ազդել։

«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական հ/կ նախագահ, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանի խոսքով՝ նախ եթե ՀՀ իշխանությունն իմանա, որ այս ամենը ժողովրդի կողմից ընկալվում է, ամեն ինչ գաղտնի չի անի, քանի որ ադրբեջանցիների գալուց հետո հայտնի դարձավ, որ նման այց է նախատեսված։

«Ի՞նչ հարցերի շուրջ էր լինելու նրանց հանդիպումը, հայտնի չէր, խոսում են միայն խաղաղության մասին։ Ինքս միայն տեսել եմ, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն է հանդիպել նրանց հետ, որևէ մանրամաս չկա նաև այս հանդիպման մասին։ Միայն ընդհանուր տեղեկություն են տալիս, թե խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերից են խոսել։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ սա զուտ ձևական խաղաղության օրակարգի շուրջ խոսակցություններ են, այս ամենը լուրջ չէ»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արտակ Մկրտչյանը։

Մանրամասնելով, թե ինչո՞ւ է այս ամենն անլուրջ, Արտակ Մկրտչյանը նկատեց՝ եթե Ադրբեջանը Հայաստանի հետ գնում է խաղաղության, ապա Բաքվում հայերին պատանդի կարգավիճակում չէր պահի։ Հետևաբար, ըստ նա՝ այս ամենը ոչ թե խաղաղություն է, այլ միակողմանի թելադրանք՝ Ադրբեջանի կողմից ուղղված Հայաստանին։

«Եթե Ադրբեջանը որոշել է գնալ խաղաղության, ապա պետք է հաշտվի որոշակի քայլերի հետ։ Արցախը մենք կորցրեցինք իբրև թե խաղաղության համար, Արցախ էին ուզում, որ խաղաղության գնան, ստացան, բա գերիներին ինչո՞ւ չեն վերադարձնում, որ խաղաղություն լինի։ Կամ՝ այսօր ՀՀ որոշակի տարածքներ դեռևս Ադրբեջանի կողմից օկուպացված են, ինչո՞ւ այդ տարածքները չեն ազատում ու վերադառնում իրենց նախկին դիրքեր»,- հավելեց Արտակ Մկրտչյանը։

Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ խիստ կասկածում է, որ Բաքվում պահվող գերիների հարցն այդ հանդիպման ընթացքում քննարկել են, սակայն, եթե լրագրողները հարց տան, նրանք կվստահեցնեն, թե հարցին անդրադարձ եղել է։

«Այս ամենը ձևական բնույթ է կրում։ Մենք չպետք է վախենանք, եթե այդ հանդիպումներում արծարծվելու է Արցախի հարցը, մենք ևս պետք է ներկա լինենք, բարձրացնենք մեր ձայնը, եթե իհարկե Ադրբեջանի քաղաքասարակություն կոչվածն իրական է, այլ ոչ թե իշխանության կողմից ձևական ուղարկված անձինք։

Թեպետ, ըստ իս, դժվար թե Արցախից որևէ մեկին ներգրավվեն այդ հանդիպումներին, կամ կներգրավվեն այնպիսի մարդկանց, որոնք ՀՀ օրվա իշխանություններից գոհ են»,- ընդգծեց Արտակ Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս