«Այս իշխանությունները չեն կարողանում անգամ նորմալ ասֆալտ փռել, ուր մնաց՝ TRIPP-ը գործարկեն»․ Նանե Կարապետյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ուսանողական կազմակերպության փոխնախագահ Նանե Կարապետյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի կողմից AI գործարանի հիմնումը՝ ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական հետևանքներ կարող է ունենալ։
«Պահանջվելու են ոչ միայն գումարային ներդրումներ, այլ նաև, երբ, օրինակ, գործարանը հիմնվի, այն բաղկացած է լինելու գերհզոր համակարգիչներից և միայն այդ գործարանն աշխատեցնելու համար այնքան էլեկտրաէներգիա է պետք, որքան ամբողջ Երևանը մատակարարելու համար է օգտագործվում։ Հիմա, նոր շենքերի կառուցման ֆոնին էլեկտրաէներգիայի պակաս է նկատվում ՀՀ-ում, և մեկ հատ էլ այդպիսի գործարան, որը մայրաքաղաքի չափ էլեկտրաէներգիա է սպառելու, ունի շատ բացասական և վտանգավոր հեռանկար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
Նրա խոսքով՝ 2026թ․ հունվարի Հայաստանում ինֆլյացիան կազմում է 3,8%, ինչը տարբեր ապրանքատեսակների վրա ազդում է գնաճի տեսքով․ «Օրինակ՝ հացաբուլկեղենի շուկայում մենք ունենք 3,5%, մսի շուկայում՝ 3,8%, ձկնամթերքի պարագայում՝ 15,2%, կաթնամթերքի պարագայում՝ 8%, մրգերի պարագայում՝ 4,5%, և նույնիսկ ջրի պարագայում մենք ունենք 4,1% աճ։ Իհարկե, սա բացասական է անդրադառնում քաղաքացիների վրա, քանի որ, երբ ապրանքների գները բարձրանում են, և մարդը նույն աշխատավարձն է ստանում, նա ստիպված որոշակի ապրանքատեսակներից հրաժարվում է։ Տնտեսագիտության մեջ ամենատարածված օրինակն այն է, որ երբ մարդկանց աշխատավարձը նույնն է մնում և գները բարձրանում են, մարդը հրաժարվում է առաջին հերթին՝ մսից և հիմնականում օգտվում է հացաբուլկեղենից, ինչն էլ մարդկանց առողջության վրա բացասական է անդրադառնում։ Փաշինյանը երբ պատգամավոր էր, նշում էր՝ եթե միսը թանկացել է, խառը կանաչի կերեք, հիմա այդ քաղաքականությունն իրենք են վարում»։

Նանե Կարապետյանի խոսքով՝ 2025 թվականին գրանցվել է շարունակաբար նվազող արտաքին առևտրաշրջանառություն․ «Ընդհանուր պատկերում 29 տոկոսով անկում ենք ունեցել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում։ Արտահանումը նվազել է 36,1%-ով, իսկ ներմուծումը՝ 23,6%-ով։ Արտահանումն ավելի կարևոր է ցանկացած երկրի տնտեսության համար, քան ներմուծումը, բայց երբ շարունակաբար ունենում ենք նվազում թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ոլորտում, սա նշանակում է, որ հայ գործարարներն, ովքեր տարբեր երկրներից ապրանք էին ներմուծում, ուղղակի չունեն բավարար չափով գումար, իսկ ՀՀ քաղաքացին չունի բավարար չափով գումար այդ ամենը ձեռք բերելու համար, ինչը ժողովրդի աշխատավարձերի ցածր լինելու արդյունքն է»։
Անդրադառնալով TRIPP-ի վերաբերյալ քննարկումներին և իշխանությունների խոստացած տնտեսական օգուտներին, նա նկատեց․ «Հաշվի առնելով, որ այս իշխանությունները նույնիսկ նորմալ ասֆալտ չեն կարողանում փռել, վարորդներն ընկնում են փոսերի մեջ, այդ մարդիկ չեն կարող TRIPP գործարկել»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



