Ուկրաինայում պատերազմը 2026 թվականին չի ավարտվի. Պապերգեր
Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի 2026 թվականին, հայտարարել է Rheinmetall-ի (Եվրոպայի ամենամեծ ռազմատեխնիկա և զենք արտադրող) գործադիր տնօրեն Արմին Պապերգերը։ Պապերգերն իր դիրքորոշումը փաստարկել է նրանով, որ «Ռուսաստանը հետաքրքրված չէ ռազմական գործողությունների դադարեցմամբ»։
Հետևաբար, ըստ նրա, Կիևին անհրաժեշտ է շարունակական աջակցություն, և գերմանական պաշտպանական ընկերությունը պատրաստ է Ուկրաինային մատակարարելու լրացուցիչ սարքավորումներ։
«Մենք կարող ենք օգնել բազմաթիվ ոլորտներում։ Այժմ մենք արտադրում ենք ավելի շատ զինամթերք, քան նախատեսված է Ուկրաինայի հետ կնքված պայմանագրերում», – ասել է Պապերգերը Բեռլինի Table Media մեդիա հարթակին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Rheinmetall-ը կարող է Կիևին մատակարարել ավելի շատ հակաօդային պաշտպանության զենքեր, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և նույնիսկ տանկեր։ Սակայն, Ուկրաինայի զինված ուժերի համար արտադրության ֆինանսավորումը որոշ ոլորտներում դեռևս չի ապահովվել, հավելել է նա։
2024 թվականի վերջին աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունները զենքի վաճառքից և ռազմական ծառայություններից ստացված եկամուտը մեծացրել են 5,9%-ով՝ հասցնելով 572 միլիարդ եվրոյի՝ ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցի, հաղորդում է DW-ն։
Դա մասամբ պայմանավորված է Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմով։ Գերմանական զենքի արտադրողները իրենց եկամուտը մեծացրել են 36%-ով։



