ՍՐԱՆՔ ՍՈՒՐԲ ԽՈՐԱՆԻՆ ԷԼ ՔԱՑՈՎ ԿԽՓԵՆ… ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ԹՇՆԱՄՈՒ ԾՐԱԳԻՐ. ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՄԱՐՏԸ՝ ԲԱՆԱԴՐԵԼ, ՍԱՀՄԱՆԸ ԳԾԵԼ. ՎԱՀԵ ԲԵԳՈՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը դիրիժոր Վահե Բեգոյանն է:

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի իրականացմամբ արգելվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ելքը Հայաստանից: Այս մասին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

«ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Վեհափառին հարցաքննել են: Ավարտին Վեհափառն օրհնել է քննիչին ու նրա ընտանիքին: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- գրել էր Զոհրաբյանը:

Կարդացեք նաև

Վահե Բեգոյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այս իշխանությունների գործողություններում որևէ բան անսպասելի չէր, և արդեն իսկ կարող ենք միայն ենթադրել՝ ինչ կարող էր լինել, եթե Եպիսկոպոսաց ժողովն անցկացվեր Հայաստանում: Խորապես համոզված եմ՝ ա՛յս իրավիճակում Ամենայն Հայոց կաթողիկոսն այլևս միանձնյա որոշումներ կայացնելու բոլոր լեգիտիմ հիմքերն ունի: Այս իրավիճակում, երբ Եկեղեցու համար բացառիկ ճնշումների շրջան է, նաև բացառիկ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: 
  • Ի սկզբանե զավեշտալի է, որ Գերագույն հոգևոր խորհրդի՝ միայն հոգևորական անդամների նկատմամբ է խափանման միջոց ընտրվել, երբ բոլոր, նաև աշխարհիկ անդամները ձայնի նույն իրավունքն ունեն: Եթե անգամ ընդունենք, որ ՀՀ դատարաններն իրավասու են քննելու Վեփափառ Հայրապետի կողմից ստեղծված թեմի իր իսկ կողմից նշանակված առաջնորդին հեռացնելու հարցը (ինչն ապօրինի է արվել), ապա ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել նաև աշխարհիկ անդամներին: Խնդիրը Եպիսկոպոսաց ժողովին նրանց մասնակցությունը թույլ չտալն է, բայց դա ոչնչով չի՛ խանգարելու. Եպիսկոպոսաց ժողո՛վն էլ կլինի, որոշումնե՛րն էլ: 
  • Նիկոլ Փաշինյանն իր անձն ու կուսակցական խմբակը նույնացրել է պետության հետ: Հայկական Սփյուռքն ու Հայոց եկեղեցին Հայաստան պետության հետ ոչ մի խնդիր չունեն, խնդիր ունեն օրվա իշխանության հետ, որը փոփոխելի է:
  • Մայր Աթոռում պահվող բոլոր գանձերը նյութական չեն, հոգևոր են: Գեղարդը երկաթե կտոր է: Վերնիսաժում էդ գեղարդից 2000 տարի հին գեղարդներ Լճաշենից վաղուց վաճառվել են: Մայր Աթոռի գանձերը Մյուռունի կաթսան է, գեղարդը, Նոյան տապանի ու խաչափայտի մասունքները: Մայր Աթոռի գանձերն այսօր նաև Մատենադարանում են, որը Եկեղեցունն էր, 1930-ականներին վերցրեցին եկեղեցուց: Աշխարհահռչակ գործարար մեծահարուստ հայերը, բարերարները, ովքեր հայտարարություն են արել՝ ի պաշտպանություն եկեղեցու, այդ գանձերի կարիքը չունեն: Թող սրանք զգույշ մնան: Պատմությունը փաստել է՝ Աստծո պատիժն այնպես է վրա հասնում իրենց ու իրենց սերունդների վրա, որ չեն էլ սպասում հաստատ:

Հիշեցնենք, օրերս աշխարհահռչակ սփյուռքահայեր Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե  Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ  Սեդրակյանը Փաշինյանի կառավարությանը կոչ էին արել չխառնվել Եկեղեցու ներքին գործերին. 

Հայտարարության հեղինակները պնդում են, որ Եկեղեցու ներքին հարցերը, ներառյալ՝ Կաթողիկոսի պաշտոնավարումը, պետք է լուծվեն բացառապես եկեղեցական կանոնադրությամբ և Ազգային-եկեղեցական ժողովի միջոցով, այլ ոչ թե կառավարության պահանջով։ Նշվում է հոգևորականների բանտարկության և եպիսկոպոսների տեղաշարժի սահմանափակման մասին (մասնավորապես՝ Վիեննայի ժողովին մասնակցելու արգելքը), ինչը որակվում է որպես անընդունելի միջամտություն։ Շեշտվում է, որ Եկեղեցին պատմականորեն եղել է հայապահպանության և հոգևոր վերածննդի միակ կառույցը, հատկապես՝ Ցեղասպանությունից հետո և Սփյուռքում։

Նրանք հիշեցնում են, որ 10 միլիոն հայերի մեծ մասը բնակվում է արտերկրում և Եկեղեցու դեմ ցանկացած հարձակում ընկալում է որպես հարձակում իր հոգևոր իրավունքների վրա։ Սփյուռքահայերը պատրաստ են դիմել իրենց երկրների կառավարություններին՝ իրենց կրոնական իրավունքները պաշտպանելու համար։ Հեղինակները կողմ են Եկեղեցու «ինքնաբարեփոխմանը» և նորացմանը, սակայն շեշտում են, որ դա պետք է տեղի ունենա ներսից՝ ավանդույթների համաձայն, առանց պետական հարկադրանքի։ Նրանք համոզված են, որ պետություն-Եկեղեցի բաժանումը և ներքին թշնամանքը թուլացնում են հայ ազգը պատմական ծանր ժամանակաշրջանում։ Կոչ է արվում «հանգստացնել ճգնաժամը»՝ հանուն բարգավաճման։

Արցախին և Հայաստանին տասնամյակներ շարունակ աջակցություն ցուցաբերած սփյուռքահայերին Արցախը հանձնած, Հայաստանին կորուստներ, պարտություն, զոհեր բերած Փաշինյանը սպառնացել էր.

«Զգուշացնում եմ նաև սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ էս դավադիր պլանի մեջ ներգրավվելը լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը, և ՀՀ-ն չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու, և շատ կոշտ հակազդեցություն է լինելու։ Բարերարի դիմակի տակ թաքնված, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները․․․ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք լրիվ ուրիշ կողմ՝ ՀՀ-ին հասու բոլոր միջոցներով»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև հավելեց՝ եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, ապա դա էլ կարվի։ Նրա խոսքով՝ կաթողիկոսությունը տեղափոխելու փորձերի վերաբերյալ ինքը որոշակի տեղեկություններ ունի։

«Մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին, նպատակներին, պլաններին, քննարկումներին։ Չի լինելու թռնեն ներքև, իջնեն ներքև, չի լինելու… Ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն էդ ուղղությամբ։ Զգուշացումները չեն լսել, ուրեմն կզգան այդ զգուշացումները»,- հոխորտացել էր նա:

  • Այս իշխանությունը հայրենի իշխանություն չէ, օտարի լուծ է մեզ համար:
  • Այդ ո՞վ ու ո՞ւմ է ասում գանձագող: Վեհափառ Հայրապետը միայն գանձերն ավելացրել է: Վեհափառ Հայրապետը Սկևռայի զարդատուփը՝ ամենամեծ սրբություններից մեկը, վերադարձրեց Սանկտ Պետերբուրգից Երևան: Ամենայն Հայոց կաթողիկոսն է ցկեանս այդ գանձերի լավագույն խնամակալը: Բազմաթիվ գանձեր է վերադարձրել Հայաստան, նոր թանգարաններ հիմնել ու համալրել դրանք արվեստի գործերով: Մարդն, ով փոշիացրել է սերունդների ձեռքբերումները, հիմա իրեն երևակայում է գանձերի պահապան, իսկ մարդն, ով իր ողջ կյանքն  է դրել այդ գանձերի պահպանման համար, հայտարարվում է թշնամի: 

Կիլիկյան Հայաստանի նվիրական մասնատուփում ամփոփված են 20-ից ավելի համաքրիստոնեական և հայազգի սրբերի՝ Պողոս, Պետրոս, Թադեոս, Բարդուղեմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի, Հովհան Ոսկեբերանի, Նիկողայոս Սքանչելագործի, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Աստվածաբանի մասունքները։ 1283 թվականին եպիսկոպոս Կոստանդին Պահեսնացին փնտրում և հավաքում է սրբերի մասունքները, որոնց համար Կիլիկիայի Հեթում թագավորի հրամանով 1293 թ.-ին պատրաստվում է եռափեղկ պահարան՝ մասնատուփ։ Արտաքին դռների գլխավոր պատկերն է ՍԿույսի Ավետումը, վերևում՝ ՍՀովհաննես է, ներքում՝ ՍԴավիթը։

Մասնատուփի գտնվելու վայրը մոտ 5 դար անհայտ է եղել։ Ըստ պատմական աղբյուրների՝ երբ Սկևռա վանքն այլևս չի գործել, մասունքարանն անհայտ ճանապարհներով հայտնվել է Եվրոպայում։1880 թ.-ին ռուս դիվանագետ, կոլեկցիոներ Ալեքսանդր Բազիլևսկին այն գնել է իտալացի մի հնավաճառից։ 5 տարի անց Ալեքսանդր 3-րդ կայսրը մասնատուփը գնում է Սանկտ Պետերբուրգի Կայսերական Էրմիտաժի համար։

2000 թվականին Եզրաս վարդապետ Ներսիսյանի (այժմ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ) ջանքերով, Սանկտ Պետերբուրգի ՍԿատարինե եկեղեցու վերաօծման առիթով հայ և ռուս Եկեղեցիների առաջնորդներ Գարեգին 2-րդի և երջանկահիշատակ Ալեքսի 2-րդի ներկայությամբ, սրբությունը փոխանցվում է Հայ Եկեղեցուն։ Այժմ այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և ամեն տարի Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձի առիթով դուրս է բերվում հավատացյալների երկրպագության համար։ 

  • Ամենայն Հայոց կաթողիկոսության նստավայրը կլինի այնտեղ, որտեղ կորոշի Կաթողիկոսը: Դա ի՛ր որոշելիքն է: Հայ ժողովրդի մեծամասնությունն ու հայ եպիսկոպոսների մեծամասնությունն ապրում են դրսում: Եթե դու այսօր քո աղանդավորական խմբակներով ու պետական լծակներն օգտագործելով՝ Եկեղեցուն դրել ես անասելի ճնշումների տակ, Եկեղեցին էլ կարող է պաշտպանվել, ինչպես կարող է: Դա բացառապես Վեհափառի որոշելիքն է: Կարող են Վեհափառին ձերբակալել, տունտունիկ խաղալ, իրենց ուզած կաթողիկոսին նշանակել իրենց խամաճիկներից մեկին. Ո՞ւմ համար է դա հիմք, ո՞վ է դրան ընդունելու: Ամենայն Հայոց կաթողիկոսը բանտում էլ լինի, նրա որոշումները լինելու են Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշումներ:
  • Երբ հերթը հասնում է հանդուգն լպիրշությանը, այս իշխանությունները մրցակից չունեն: Ես չեմ զարմանում Աննա Հակոբյանի այսօրվա գրառումից: Մենք պետք է մարտն ընդունենք ու հասկանանք՝ մենք պատերազմի մեջ ենք: Նիկոլն իր աշխարհիկ իշխանությունն է գործադրում, եկեղեցին էլ իր հոգևոր իշխանությունը պետք է գործադրի. ուրիշը չունի: Պետք են և կարգալուծություններ, և նիկոլական աղանդին հարողների բանադրանքը: Այդ քայլը պետք է նաև Եկեղեցու սպասավորներին, օրինապահ քահանաներին պաշտպանելու համար: Դա կփաստի, որ տեղի է ունենում օտար աղանդի արտաքին անեքսիա Հայ Առաքելական մեր եկեղեցու վրա: Այդ սահմանը պետք է գծել: Մայր Աթոռի դռներին քացով խփելուց հետո ինչի՞ն պետք է խփեն… Իջման սուրբ սեղանի՞ն, սուրբ խորանի՞ն… Է, սրանք կխփեն: Սրբապիղծները սահման չունեն: Սա թշնամու ծրագիր է, պատվեր, որ իրենք կատարում են: 

Հիշեցնենք. այսօր հերթական լկտի գրառումն է արել Աննա Հակոբյանը՝ հրապարակելով այս լուսանկարը և գրելով.

«Ինչ-որ մեկը համադրել է այս լուսանկարները և ինչ-որ բաներ գրել:

Իրականում դրանցում ամեն ինչ այնքա՜ն ճիշտ է, այնքան ճիշտ են արտահայտված բովանդակությունները, որ ավելի ճիշտ պարզապես չի լինում։ Առաջին լուսանկարի «հոգևորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը։ Համապատասխանաբար նույնը վերաբերվում է երկրորդ լուսանկարի հոգևորականին, ում երեկ մատուցած պատարագի հոգին անփոխանցելի է։ Դա կարելի է միմիայն զգալ»։  

  • 1920-ականներին՝ բոլշևիկյան ժամանակներում էլ կային «Կենդանի եկեղեցի», «Ազատ եկեղեցի» շարժումները: Բոլշևիկները գրավում էին եկեղեցիներ, ինչպես այսօր Հովհաննավանքն են գրավել: Կանոնական հոգևորականներն անասելի հալածանքների, զրկանքների ու խեղդամահության էին ենթարկվում… Պիղծ արյունը նույնիսկ 100 տարի չպարփակվեց, դուրս եկավ: Եթե այսօր էլ սրանք ունենային նույն գործիքակազմը, չկասկածեք՝ էլի հոգևորականներին գնդակահարելու էին կամ խեղդամահ էին անելու: Նույն հալածանքներն են, նույն կերպարները, որոնք իշխանության ձեռքին բութ գործիք են դառնում… կօգտագործեն ու դեն կնետեն:

  • Եթե իրենք շատ հեռավոր ակնարկի մակարդակի մանկապղծության կես փաստ ունենային, ինչ աղմուկ կբարձրանար, ու ինչ ձերբակալություններ կլինեին: Եթե անգամ այդպիսի հոգևորականներ լինեին էլ, վստահաբար իրենց կողքին կլինեին հիմա: Ինչո՞վ եք զբաղված եղել: 7 տարվա իշխանություն եք: Եթե կային այդպիսիք, քրեական գործերն ո՞ւր են, ինչո՞ւ չեք դատել: 
  • Արշակ սրբազանին արատավորող տեսանյութերը, որոնք տարածեցին այս իշխանությունները, կրկին պարզվեցին, որ կեղծ են:
  • Նիկոլ Փաշինյանի՝ Հայ եկեղեցու քարոզները ծայրահեղ իսլամի հետ համեմատելու խոսույթը դրսի համար էր արված, որպեսզի արդարացնի այն այլանդակությունները, որոնք ինքն անում է հայ եկեղեցու դեմ: Մանկապղծությունն ու ծայրահեղ իսլամիզմն այն արտահայտություններն են, որոնցից ցանկացած եվրոպացի դողում է, և ուրեմն մտածել է, որ պետք է եկեղեցուն դրա մեջ մեղադրել: Էս մարդն իր խմբակի շահից այն կողմ ոչինչ չի հասկանում, չի հասկանում՝ իր այդ խոսքն ինչպես կազդի Սիրիայում, Իրաքում, Իրանում ապրող հայերի վրա, որովհետև ինքը հայի նկատմամբ պատասխանատվության զգացում չունի, ինչպիսին ունի Վեհափառ Հայրապետը:
  • Եկել է սեփական օրակարգով գործելու ժամանակը: Մենք անընդհատ վերլուծում ու արձագանքում ենք այս իշխանության ծրագրված, մտածված բարբաջանքին: Քաղաքական գործիչները պետք է ոտքի հանեն ժողովրդին, օրակարգ ու ծրագիր ներկայացնեն: Նույնը եկեղեցին պետք է անի, պիտի իր օրակարգով գնա առաջ՝ ունենալով հնարավոր սցենարների դեպքում իր անելիքի ծրագիրը: 
  • Հայ ժողովուրդը միշտ պայքարի պատրաստ է եղել, երբ գտնվել է օտարի լծի տակ: Մարդիկ՝ իրենց ընտանիքներում, քահանաները՝ եկեղեցիներում պահել են հայկականությունը: Բայց մենք դեռ պետություն ունենք ու քաղաքական կուսակցություններ, իսկ դա ենթադրում է կոնկրետ լուրջ գործողություններով պայքար: 
  • Նա դրած երկիրն է ավերում, մենք զբաղված ենք արհեստական բանականությամբ անբովանդակ նկարներ ու երգեր գեներացնելով:

  • Ինչի՞ էր պետք մեկ ամիս առաջ գրել, որ Եպիսկոպոսաց ժողովը տեղի է ունենալու Ավստրիայում: Չէ՞ր կարելի այդ մասին չխոսել, 10 օր առաջ Վեհափառը գնար հովվապետական այցի ու այնտեղ հայտարարվեր Ժողովի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս