Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը պարտավորեցնում է Ադրբեջանին պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը

Monument Watch-ի հոդվածը․

ԱՄՆ Կոնգրեսը պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը և էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները վերադառնալու իրավունքը։ Դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ 119-րդ գումարման Կոնգրես (2025-2026 թթ.) ներկայացված H.R. 6840 օրինագիծը հստակ պահանջներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ։ Փաստաթղթի 2-րդ՝ «Հայաստանի անվտանգային աջակցության վերանայում» բաժնում ամրագրված 5 առանցքային կետերով ԱՄՆ օրենսդիր մարմինը պայմանավորում է Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ պարտավորեցնելով վերջինիս ճանաչել էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը, ինչպես նաև երաշխավորել հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը։

Կարևոր է արձանագրել, որ փաստաթուղթը պարտավորեցնում է Ադրբեջանին․

Ճանաչել էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները վերադառնալու իրավունքը և պարտավորվել պահպանել հայկական մշակութային և կրոնական վայրերը Լեռնային Ղարաբաղում։

Պահպանել Համատեղ հռչակագրով ստանձնած իր պարտավորությունները։

Ամբողջությամբ դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Դադարեցնել թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ։

Կարևոր է արձանագրել, որ վերոնշյալ 5 կետերի կատարումն ապահովելու նպատակով՝ ԱՄՆ Պաշտպանության քարտուղարը պարտավոր է օրենքի ընդունումից 180 օր անց, իսկ հետագայում՝ տարեկան կտրվածքով (այլ գերատեսչությունների հետ համակարգմամբ), Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովներին հավաստել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկել է էական քայլեր այդ ուղղությամբ։ Եթե Պաշտպանության քարտուղարը չի կարող հավաստել 5 կետերով նախատեսված տեղեկատվությունը, ապա նման հավաստման պահանջվող ժամկետից ոչ ուշ, քան 14 օր հետո, Քարտուղարը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող Միացյալ Նահանգների անվտանգային աջակցության անհապաղ վերանայում՝ գնահատելու Հայաստանի զսպման և ինքնապաշտպանական կարողություններում առկա բացերը։

Ընդգծենք, որ ԱՄՆ հետևողական կերպով փորձում է օգնել հայկական մշակութային ժառանգությանը պահպանությանը, ի մասնավորի մեջբերելով նաև 2025 թ․ հուլիսի 23-ին, ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամների պաշտոնական նամակը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ անդրադառնալով տարածքի պատմական եկեղեցիների ու վանքերի ոչնչացման՝ Ադրբեջանի քաղաքականությանը։ Այս մասին առավել մանրամասն՝ տես։

Բացի այդ, կարևոր է նշել, որ սա ԱՄՆ Կոնգրեսի միակ նախաձեռնությունը չէ։ Խոսքը վերաբերում է մի օրինագծի, որը նախատեսում է առաջիկա 5 տարիների ընթացքում ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկյան դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմությունը դասավանդելու և ուսուցիչներին վերապատրաստելու համար։ Փաստաթղթի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել իրազեկվածությունը 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրության իրագործած ոճրագործությունների մասին՝ կանխելով դրանց ժխտումն ու փաստերի խեղաթյուրումը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս