«Պետք է անպայման Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեր, նոր ահազանգ լինե՞ր». Սաքունցը՝ անցումային արդարադատության մասին
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանում այսօր թիվ մեկ օրակարգային հարցերից մեկը անցումային արդարադատությունն է, թեև այսօր դեռևս չի ընկալվում, թե Հայաստանում ինչու է պետք անցումային արդարադատություն։
«Ընդհանրապես ինչո՞ւ ենք կարծում, որ անհրաժեշտ է արմատապես փոխել իրավիճակը։ Շատ տեղին է դիտարկվում, որ չգիտես՝ ինչո՞ւ, Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելուց հետո հանդես եկավ այդ հայտարարությամբ։ Սա՝ այն դեպքում, երբ դատական իշխանության արմատական փոփոխության հարցը մենք ոչ թե թավշյա հեղափոխությունից հետո, այլ մշտապես ենք բարձրաձայնել»,- այսօր «Անցումային արդարադատության իրականացման մեխնիզմները» թեմայով քննարկման ժամանակ նշեց Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանում խախտվել են մարդու իրավունքները, կան բազմաթիվ «զոհեր», որոնց իրավունքներն այսօր չեն վերականգնվել։ Նույնիսկ կան այնպիսի մարդիկ, որոնք տուժել են, սակայն չեն դիմել դատական համակարգին, քանի որ չեն ունեցել վստահություն համակարգի նկատմամբ, ոմանք էլ եթե դիմել են, ապա հաջողության չեն հասել։
Նա նկատեց, որ իշխանափոխությունից անմիջապես հետո իրենք բարձրաձայնել են դատական համակարգի փոփոխության հարցը, բայց այդ հարցը հնչեղություն ստացավ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելուց հետո, որի համար ինքը կարող են նեղանալ։
«Բանից դուրս է գալիս, որ տեղակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների տարիներ շարունակ հնչեցրած գնահատականները՝ հե՞չ։ Պետք է անպայման Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեր, նոր ահազանգ լինե՞ր։ Այստեղ ես տեսնում եմ ֆրագմենտացված կամ կոնկրետ ինչ-որ դրդապատճառով պայմանավորված փոփոխության գիտակցություն»,- շեշտեց Ա. Սաքունցը։
Նրա դիտարկմամբ՝ դատական համակարգում պետք է իրականացնել ոչ թե մասնակի, այլ արմատական փոփոխություններ։
Զվարթ Խաչատրյան