«Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու, ականջները քաշելու, և այլ բացառապես դեմոկրատական լոզունգներով սկիզբ է դրվում քաղաքականությունից բիզնեսի տարանջատմանը»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի 1 տարին կամ՝ շնորհավոր տոնդ, սիրելի համաքաղաքացի.

1. Ընդդիմադիր մի փոքրիկ խումբ որոշեց քայլերթով Գյուրմրիից հասնել Երևան:

2. Գործող իշխանությունների կողմից ստեղծված լիարժեք ժողովրդավարության պայմաններում, մի քանի մարդկանց կողմից սկսված սովորական քայլարշավը վերածվեց հանրային բնականոն կյանքի խաթարման, շանտաժի, որոշ դեպքերում նաև հակաօրինական գործողությունների:

3. ՀՀԿ-ական իշխանությունը առաջին իսկ օրից հրաժարվեց օրենքով սահմանված կարգով լեգիտիմ ուժ կիրառելու իր հնարավորություններից, ինչից օգտվելով ընդդիմությունը կարողացավ օրեցօր մեծացնել հանրային մասնակցությունը:

4. Երկրի օրինական ընտրված վարչապետը հրաժարական տվեց:

5. Փողոցի վրա ունեցած բացարձակ ազդեցությամբ և կիրառված մանիպուլյացիոն հնարքներով (օրինակ՝ պարտադրված օրակարգով հրապարակային բանակցությունների հրավեր ՀՀԿ-ին, համագործակցության հրավեր խորհրդարանական ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, մամլո ասուլիս օտարերկրյա լրատվամիջոցներին, իշխանության համար մղվող պայքարի հռչակումը իբրև թավշյա հեղափոխություն և այլն) Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն լեգիտիմացրեց՝ հանդես գալով որպես ժողովրդի թեկնածու:

6. Ազգային Ժողովի վրա կազմակերպված երկու գրոհներից (մայիսի 1-ին և մայիսի 8-ին) և պատգամավորների վրա գործադրված՝ այդ թվում նաև անօրինական ճնշումներից (ընտրիր մեր թեկնածուին և կներվեն քո բոլոր «մեղքերը» կարգախոսի ներքո) հետո Նիկոլ Փաշինյանը ընտրվում է վարչապետ:

7. Առաջին անցումային-անբովանդակ-անծրագիր կառավարության ձևավորումից հետո սկսվում է մարտի 1-ի գործով վենդետան: Առայժմ դեռ պարզ չէ դա արդարության ու օրինականության վերականգնման, անձնական հաշիվների, թ՞ե քաղաքական հորիզոններ ունեցող հաշվեհարդար է:

8. ՀՀԿ-ն խորհրդարանում և Երևանի ավագանիում դեռ մեծամասնություն էր ՝ հետևաբար իշխանափոխությունը ավարտված չէր կարելի համարել: Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու, ականջները քաշելու, և այլ բացառապես դեմոկրատական լոզունգներով սկիզբ է դրվում քաղաքականությունից բիզնեսի տարանջատմանը:

9. Երևանի ավագանին հանկարծ որոշում է, որ քաղաքի փրկության, յուրաքանչյուր երևանցու երջանիկ ապագայի, ինչպես նաև Երևանի տարբեր փողոցները հերոսաբար փակած երիտասարդների աշխատանքի հարցերը լուծելու համար պետք է գնալ արտահերթ ընտրությունների:

10. Արդյունքում «տարանջատված բիզնեսը»` ոգեշնչվելով իշխանափոխության վեհ գաղափարներով և միանալով անուշահամ էյֆորիային, Երևանի ավագանու, ինչպես նաև Ազգային Ժողովի ընտրություններում իր վճռորոշ քվեն է տալիս «Իմ Քայլը» դաշինքին՝ առանց թեկնածուներին անգամ ճանաչելու:

11. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով ավարտվում է իշխանափոխության երկրորդ փուլը, սակայն հասարակության էյֆորիան դեռ շարունակվում է և այն պետք է արդյունավետ ուղղորդել:

12. Հոկտեմբերի սկզբին կազմակերպվում է երրորդ գրոհը Ազգային Ժողովի վրա, որի արդյունքում ԲՀԿ ու ՀՅԴ-ն ևս հայտնվում են ընդդիմության շարքերում՝ իշխանական բոլոր լծակները թողնելով հայ ժողովրդի դարերով երազած միակ քաղաքական ուժին՝ “Իմ Քայլը” դաշինքին:

13. Սահմանադրության դեմքը փրկելու և Ազգային Ժողովը ինքնալուծարման տանելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է վարչապետի պաշտոնից, ու վայն եկել ու տարել է նրան, ով այս երկրում հանկարծ կորոշի վարչապետի թեկնածու առաջադրվել: Թավշյա թատրոնի երրորդ արարը ևս հաջողությամբ ավարտվում է:

14. Հետո այս ամբողջ մղձավանջային խառնաշփոթի մեջ հիշում ենք, որ երկիրը նախագահ ունի, որն էլ հայտարարում է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մասին, որի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության լիարժեք ձեռքբերումն ու ՀՀԿ-ի քաղաքական մեկուսացումն է:

15. Սկսվում է նոր խորհրդարան-նոր վարչապետ-նոր կառավարություն (դեռևս անհայտ կառուցվածքով) փուլը, որը շարունակում է կռիվ տալ անցյալի հետ՝ առանց ապագայի վերաբերյալ պատկերացում ունենալու:

Սա մեր պետության վերջին մեկ տարվա պատմությունն է: Սրանք են եղել մեր «գաղափարական ու ծրագրային պայքարի, աշխարհայացքի ու տեսլականների» բախման արդյունքները: Պարզ, սովորական իշխանափոխություն: Ենթադրվում էր, որ այն արվում է քաղաքացու պահանջներն ու ակնկալիքները բավարարելու համար:

Հարկ է նշել, որ անմիջապես իշխանափոխությունից հետո հարցում է իրականացրել միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ համաձայն որի Հայաստանի ՔԱՂԱՔԱՑԻՆ ակնկալում էր, որպեսզի ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ.

1-ին ստեղծի աշխատատեղեր,

2-րդ վերացնի կոռուպցիան,

3-րդ ապահովի ծանոթությունից և կոռուպցիայից զերծ աշխատաշուկա,

4-րդ ապահովի մատչելի բնակարան և ցածր տոկոսադրույքներ,

5-րդ. իջեցնի կոմունալ վճարների, հարկերի (եկամտահարկի), երթևեկության տուգանքների և սննդի ու վառելիքի գները,

6-րդ. էականորեն բարձրացնի աշխատավարձերը և կենսաթոշակները,

7-րդ. բարելավի ենթակառուցվածքները (ճանապարհներ, բնակֆոնդ),

8-րդ . Հայաստանում ավելացնի ներդրումները,

9-րդ . զարգացնի փոքր բիզնեսը և այլն:

ՔԱՂԱՔԱՑՈՒ

1-ին ակնկալիքը գոյություն չունի ընդհանրապես,

2-րդով պայքարը սկսված է, սակայն պարզվում է, որ նրանում ընդգրկվում են նաև թավշյա տղերքը,

3-րդով ասում են բան չի փոխվել. քաղծառայության մրցույթներով նշանակվում են միմիայն յուրայինները,

4-րդի վերաբերյալ ինչ որ աղոտ հույսեր հեռու ապագայի համար գուցե լինեն,

5-րդի դեպքում հակառակն է տեղի ունենում,

6-րդով որոշ ոլորտներում հայտարարվում է 10%-անոց աճ ապագայի համար,

7-րդով դեռ տեղաշարժ չկա,

8-րդի վերաբերյալ առայժմ միայն կենացներ են ասվում,

9-րդի մասին վիճակագրությունը լռում է:

Շնորհավոր տոնդ սիրելի համաքաղաքացի»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ կամ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻ1. Ընդդիմադիր մի փոքրիկ խումբ որոշեց քայլերթով Գյուրմրիից…

Gepostet von Artak Zakaryan am Montag, 22. April 2019

Տեսանյութեր

Լրահոս