Որքան շատ եմ ճանաչում հայերին, այնքան ավելի շատ են ինձ դուր գալիս. Ալեքսանդր Ռոմանովսկի
Աշխարհում մեծ ճանաչում վայելող դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին ապրիլի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ռոմանովսկին կներկայացնի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը, դաշնակահարի խոսքով, իր ամենասիրելի գործերից է:
«Այն նվագում եմ 16 տարեկանից: Ռախմանինովի առաջին կոնցերտներից է, որ սովորել եմ, նվագել եմ մրցույթներին, դրա հետ կապված շատ հիշողություններ կան: Այն, կարելի է ասել, թագավորական կոնցերտ է մասշտաբի ու գեղեցկության առումով: Լեգենդներ են պտտվում, որ այն բարդ է: Ուրախ եմ, որ կներկայացնենք այս գործը Հայաստանում: Եթե չեմ սխալվում՝ այս կոնցերտն այստեղ երբևէ չեմ ներկայացրել»,- նշում է Ալեքսանդր Ռոմանովսկին:
Ռոմանովսկու արվեստին հայ երաժշտասերները ծանոթ են։ Դաշնակահարը վերհիշում է՝ առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել 7-8 տարի առաջ՝ Սերգեյ Սմբատյանի հրավերով: «Այդ ժամանակ մենք դեռ անձնապես ծանոթ չէինք, բայց ես գիտեի, թե ինչ կարևոր գործ է անում Սերգեյը Հայաստանում: Ինձ հետաքրքրել էր այն ամենը, ինչ անում էր, և երբ հրավիրեց այստեղ, հաճույքով համաձայնեցի: Այդ ժամանակից ամեն տարի, երբեմն էլ՝ ավելի հաճախ, հանդես ենք գալիս համատեղ ծրագրերով: Շատ ուրախ եմ այդ առթիվ»,- նշում է դաշնակահարը:
Ալեքսանդր Ռոմանովսկին առանձնահատուկ շեշտում է՝ հիացած է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքից: Փաստում է՝ իրեն շատ դուր է գալիս նվագախումբը, կոլեկտիվում տիրող մթնոլորտը և երաժիշտների յուրատեսակ նվիրումը երաժշտությանը:
Հավելում է, որ շատ է սիրում հայ հանդիսատեսին: «Հայ ունկնդիրը շատ ջերմ է, բաց է ցանկացած արտիստի համար, մասնակցում է այն ամենին, ինչ կատարվում է բեմում, մեծ հետաքրքրությամբ, աչալուրջ լսում է, և եթե այն ամենը, ինչ կատարվում է բեմում, իրեն հուզում է, հանդիսատեսն արտահայտում է իր զգացմունքները: Ես պաշտում եմ Հայաստանը, հայ ժողովրդին՝ ի դեմս իմ ընկերների: Մենք երկիրը ճանաչում ենք մարդկանց շնորհիվ: Եվ այդ մարդկանց միջոցով դու ավելի շատ ես հասկանում ողջ ժողովրդին: Ինչքան շատ եմ ճանաչում հայերին, այնքան ավելի շատ եք ինձ դուր գալիս: Բացահայտելու դեռ շատ բան կա: Հայաստանն ինձ շատ է հետաքրքրում»,- ընդգծում է աշխարհահռչակ երաժիշտը:
Դաշնակահարը փաստում է՝ իրեն երջանիկ է համարում, քանի որ անում է այն ամենը, ինչ սիրում է: Հավելում է՝ յուրաքանչյուրը, անկախ ամեն ինչից, պետք է ինքն իրեն երջանիկ համարի: Ռոմանովսկին վստահ է՝ ամեն ինչ կյանքում հենց այնպես չի կատարվում, այլ բան է, որ մեզ շատ բան դուր չի գալիս: Չափից դուրս սիրում է ռիսկի դիմել. վերջերս բռնցքամարտով է զբաղվել, ձեռքն էր կոտրել: «Հասկացա՝ դաշնակահարի համար այնքան էլ հարմար մարզաձև չէ: Ռիսկի գնալ շատ եմ սիրում, բայց երբեմն պետք է հետ կանգնել»,- կատակում է երաժիշտը:
Հայաստանյան համերգից հետո բազում այլ ծրագրեր ունի, բայց նաև մեր երկրի հետ կապված բազում գաղափարներ ու նախագծեր կան, որոնք, երաժշտի խոսքով, հերթով իրականություն են դառնալու:
«Նյու Յորք Թայմսը» Ռոմանովսկու մասին գրել է. «Ալեքսանդրը յուրահատուկ է։ Նրա մեջ ոչ միայն համատեղված են երևակայությունն ու կատարողական տեխնիկայի արտասովոր տաղանդը, այլև զգացմունքայնությունն ու երաժշտության գեղեցիկ մեկնաբանությունը»։