Բաժիններ՝

Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են հայտարարել

Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են հայտարարել՝ սպառնալիքի տակ դնելով դպրոցական քննությունների անցկացումը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ապրիլի 8-ին երկրի բազմաթիվ դպրոցներում ուսուցիչները ձեռնամուխ չեն եղել աշխատանքի:

Նրանց հիմնական պահանջն աշխատավարձի բարձրացումն է ամսական հազար զլոտիով (շուրջ 263 դոլար): Մի քանի շաբաթ կառավարությունը բանակցություններ էր վարում ուսուցիչների արհմիությունների հետ: Բանակցորդների ղեկավար էր նշանակված փոխվարչապետ Բեատա Շիդլոն:

Կառավարության եւ արհմիությունների բանակցությունները շարունակվում էին մինչեւ վերջին պահը, կառավարությունն առաջարկել է ուսուցիչների դրամական վարձատրությունն ավելացնելու զանազան տարբերակներ:

Ապրիլի 7-ի երեկոյան հաջողվել է փոխըմբռնում ձեռք բերել արհմիութենական կազմակերպությունների մի մասի հետ, բայց խոշորագույնները՝ Լեհաստանի ուսուցիչների միությունը եւ Պրոֆեսիոնալ միությունների ֆորումը, չեն համաձայնել կառավարության պայմաններին եւ որոշել են գործադուլ սկսել: Վարշավայում գործադուլի հետեւանքներն իրենց վրա կարող են զգալ 200 հազարից ավելի երեխաներ:

Սպասվում է, որ ապրիլի 8-ին լիովին փակ կլինեն 150-ից ավելի մանկապարտեզներ, հարյուր տարրական դպրոց եւ շուրջ 30 լիցեյ: Այդ կապակցությամբ Լեհաստանի մայրաքաղաքի իշխանությունները գործատուներին խնդրել են՝ այնտեղ, որտեղ հնարավորություն կա, աշխատակիցներին թույլ տալ աշխատանքի գալ երեխաների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս