Բրիտանիայի Համայնքների պալատը անթույլատրելի համարեց Brexit-ն առանց Եվրամիության հետ գործարքի
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամները պաշտպանել են այն օրինագիծը, որը կառավարությանը պարտավորեցնում է Brexit-ի հետաձգում խնդրել` առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալուց խուսափելու համար։
Օրինագիծը, որի հեղինակը Լեյբորիստական կուսակցության անդամ Իվետա Քուպերն է, կոչված է բացառել ԵՄ-ից, առանց Բրյուսելի հետ գործարքի, Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը, երրորդ ընթերցմամբ ընդունվել է մեկ ձայնի գերակշռությամբ: 313 պատգամավոր կողմ է քվեարկել, 312-ը՝ դեմ:
Այսպիսով, ԵՄ-ից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակն այլեւս չի քննարկվելու, եւ Լոնդոնին հարկ կլինի ԵՄ-ի հետ համաձայնության հասնել Brexit-ի գործընթացի երկարացման շուրջ այն դեպքում, եթե գործարքն այդպես էլ մինչեւ ապրիլի 12-ը հավանության չարժանանա բրիտանական խորհրդարանում:
Այժմ օրինագծին պետք է հավանություն տա Լորդերի պալատը: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա արդեն ապրիլի 5-ին կամ ամենաուշը՝ երկուշաբթի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



