Զսպաշապիկների թագավորություն

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը»: Թերևս, ինքն էլ գիտակցելով, որ իր ներկայացրած այդ փաստաթուղթն առաջին հերթին դասվելու է Տիգրան Սարգսյանի կառավարության բազմաթիվ «ռազմավարությունների» շարքին, Հ. Թովմասյանը շտապել է հայտարարել. «Հայաստանի Հանրապետություն ծրագրերի պակաս չի եղել, և դժվար է գտնել որևէ ծրագիր, որը նույնքան համախոհ և հակառակորդներ չունենա: Հաճելի բացառություններից է այսօրվա ծրագիրը: Քայլերի ամբողջություն է` ավելի լավ Հայաստան ունենալու, կայացած դատական, իրավական համակարգ ունենալու համար, որը զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից և բյուրոկրատական քաշքշուկներից»: Այդքանից հետո նա ասել է, որ նման ծրագրին դեմ լինելը նշանակում է` դեմ լինել Հայաստանի զարգացմանը, գոյություն ունեցող մարտահրավերների հաղթահարմանը: Խնդիրն այն չէ, որ հաշվի առնելով Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայիս վիճակը` արդարադատության նախարարի ներկայացրած ծրագիրն ու հայտարարությունները, ծիծաղից բացի, որևէ այլ զգացում չեն առաջացնում: Ավելի հետաքրքիր է, որ Հրայր Թովմասյանը կարծես փորձում է «զոհի» դերի մեջ մտնել` ասելով, որ նման ծրագրերին դեմ լինել նշանակում է` դեմ լինել Հայաստանի զարգացմանը: Այսինքն` իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում իրավական երկիր կառուցելու համար, սակայն հասարակության մեջ կան չարամիտներ, ովքեր դեմ են արտահայտվում դրան: Հետաքրքիր է` իսկ նման երկարաշունչ անունով փաստաթուղթ գրելուց առաջ Հրայր Թովմասյանը մտածե՞լ է, որ որևէ նման ռազմավարության կարիք չէր լինի, եթե Հայաստանում պահպանվեին ամենագլխավոր փաստաթղթի` ՀՀ Սահմանադրության հիմնական դրույթները: Առաջին հերթին` անկախ դատական համակարգ ունենալու դրույթը: Եթե անգամ մտածած էլ լինի, հազիվ թե այդ մասին արտահայտվի, քանի որ դա կարող է նրան զրկել նման ռազմավարություններ գրելու հնարավորությունից: Ու ի՞նչ արժեն նրա այն խոսքերը, թե այս ծրագրի «գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանություններն են»: ՀՀ իշխանություններն են նաև մնացած ամեն ինչի, այդ թվում` դատարաններում կայացվող վճիռների պատասխանատուները: ՀՀ իշխանություններն են պատասխանատու նաև օրեր առաջ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ երիտասարդների նկատմամբ կայացված դատավճիռների համար, որոնցով ոստիկանների հետ ընդհարված երիտասարդներին ազատազրկեցին 2-6 տարի ժամկետով: Խնդիրն այստեղ այդ երիտասարդների քաղաքական հայացքները չեն, այլ պատժի համարժեքությունը, ավելի ճիշտ` անհամարժեքությունը, ինչը Հրայր Թովմասյանը, վստահաբար, շատ լավ հասկանում է: Հասկանում է, բայց գերադասում է լռել: «Եթե ես հիմա ասեմ, որ դատարանը արդար է գտնվել, կամ ասեմ, որ հակառակն է եղել, ապա ճնշում գործադրած կլինեմ դատական համակարգի վրա: Նախարարի պաշտոնը որոշակի առումով նաև զսպաշապիկ է հանդիսանում ինձ համար: Երբ ես փորձագետ էի` ազատ արտահայտել եմ իմ կարծիքը, սակայն հիմա արդեն այլ է»,- ի պատասխան ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճիռների վերաբերյալ հարցի` ասել է Հրայր Թովմասյանը: Նրա այս հայտարարությունն, ի դեպ, շատ ավելի արժեքավոր է, քան ներկայացրած քառամյա ծրագիրը: Հայաստանում ամեն ինչ կարգավորվում է «զսպաշապիկների» համակարգով: Իր համար «զսպաշապիկ» է նախարարի պաշտոնը, դատավորի համար` դատավորինը, ոստիկանության աշխատակիցների համար` ուսադիրները, և ևայդպես շարունակ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ իրականում զսպաշապիկի դեր են խաղում ոչ թե Սահմանադրությամբ ու օրենքներով յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները, այլ այդ պաշտոններին նշանակողները, այսինքն` ՀՀ իշխանությունները` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի:

Տեսանյութեր

Լրահոս