«Հարյուրավոր գիտնականներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, մնալու են առանց աշխատանքի». Հովակիմ Զաքարյան

ՀՀ կառավարության կողմից 2018թ. դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը  սահմանվել է՝  որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

Որոշման համաձայն՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) թվով 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը։ Օրեր առաջ նրանք ծանուցումներ են ստացել, որում ասվում է՝ մարտի 31-ից ազատված են աշխատանքից։ ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա:

Այդ ենթակառուցվածքներում աշխատում է ավելի քան 450 մասնագետ, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն, կանգնած են աշխատանքն ընդհանրապես կորցնելու վտանգի առաջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլևս չկա բազային ֆինանսավորում:

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի կարծիքով՝ նման նախագիծ կազմողը չպետք է լինի ՀՀ Ֆինանսների նախարարությունը, որովհետև նրանք չեն գիտության ոլորտը համակարգողը:

Կարդացեք նաև

«Եթե նույնիսկ լավ ֆինանսիստներ են այնտեղ նստած՝ վստահ եմ, որ  շատ վատ պատկերացում ունեն այն մասին, թե ինչպես է գիտությունն աշխատում, և ի՞նչ խնդիրներ կան: Այսպիսի չմտածված քայլերով ոչ մի դրական արդյունքի չեն հասնի, եթե նույնիսկ նման նախագիծ մշակողները դրական քայլ անելու ցանկություն են ունեցել: Այո՛, շատ լավ է, որ մրցույթով, ավելի ազնիվ ու արդար լինի, մրցակցությունը բարձրանա, բայց շատ արագ չի կարելի անել:

Ավելին, ցանկացած խոշոր փոփոխություն չի կարելի ընդունել՝ առանց համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկելու: Առանց քննարկման, ճանապարհային պլան գծելու, նորմալ ժամանակացույց մշակելու, դաշտն ուսումնասիրելու ու ռիսկերը հաշվի առնելու՝ մարդկանց  պարզապես իրազեկել են, որ առաջվա նման չի լինելու ֆինանսավորումը, իսկ թե ինչպե՞ս է լինելու՝ ասում են՝ մրցույթով: Բայց մինչև այդ մրցույթն արվի, հաղթողները որոշվեն, հարյուրավոր գիտնականներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, մնալու են առանց աշխատանքի: Ի՞նչ են անելու ամիսներով,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովակիմ Զաքարյանը, հավելելով,- Մրցույթի գաղափարի մեջ որևէ վատ բան չկա, բայց հարցն այն է, թե ինչպե՞ս է այդ ամենը ծրագրավորվում:  Նախագիծ են մշակում, հաստատում դեկտեմբերի վերջին և  համալսարաններին այդ մասին տեղյակ են պահում հունվարին, որ այլևս բազային ֆինանսավորում չի լինելու:

Այս դեպքում տարբեր համալսարանների գիտաշխատողների աշխատավարձերի խնդիրն է առաջ գալիս, որովհետև այդ մարդկանցից շատերի աշխատավարձը գոյանում է բազային ֆինանսավորումից, մի մասն էլ՝ գուցե թեմատիկ այլ մրցույթներից:

Այս մարդկանց համալսարանները չեն կարող ֆինանսապես ապահովել, եթե չեն ստանում բազային ֆինանսավորում: Ստացվում է, որ շտապողականությամբ ծրագիր են մշակում, այդ մասին  չեն տեղեկացնում, չեն ասում, որ, ասենք, մրցութային կարգով կլինի 2020 թվականից, մեկ տարի ժամանակ ունեք, լավ պատրաստվեք, ուղղակի մարդկանց փաստի առջև են կանգնեցնում»:

Նշենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի փոխանցմամբ՝ այդ որոշմամբ անմիջապես Գիտության պետական կոմիտեից կամ կառավարությունից բազային ֆինանսավորում ստացող գիտահետազոտական միավորներն այլևս չեն ստանալու այդ ֆինանսավորումը. այն փոխարինվելու է մրցութայինով՝ տենդերի պես։ Ընդ որում, խոսքը միայն ԵՊՀ-ին չի վերաբերելու, այլ նաև՝ Բժշկական համալսարանին, Ֆիզիկայի ինստիտուտին, Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, և այլն։ Փակվելու են մի քանի տասնյակ գիտական ինստիտուտներ, կենտրոններ ու լաբորատորիաներ, որտեղ աշխատում են անվանի և միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, որոնք այդ հաստիքները զբաղեցնում են մրցութային կարգով (3-5 տարի ժամկետով)։ Որոշումը տարածվելու է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Մատենադարանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմերի վրա։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս