«Եթե Ադրբեջանը հակաիրանական կոալիցիայում գնա զիջումների, ապա Հայաստանի նկատմամբ ագրեսիան կտրուկ կավելացնի»
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հայ-իրանական սահմանը դե ֆակտո կարող է ամեն պահի փակվել, նկատեց, որ դա իրատեսական է:
«Ծովային հատվածում կանգնած է Միացյալ Նահանգները, իսկ հարևան բոլոր երկրներում, բացի Կասպից ծովից, ըստ էության, փակված է ելքի հնարավորությունը։ Քանի որ Իրանում գլխավոր «դոնը» Չինաստանն է, ուստի Հայաստանը վերջին հնարավորությունն է, որպեսզի Չինաստանը պատկերացնի, որ վերջնականապես շրջափակված չէ։ Հետևաբար՝ Հայաստանի վրա լինելու է մեծ ճնշում հայ-իրանական սահմանը փակելու համար։ Մի քանի օր առաջ Չինաստանը կրճատեց իր ծրագրերն Իրանում, ինչը խոսում է այն մասին, որ ամեն ինչ բերում են այն վիճակին, որպեսզի Իրանը ստիպված գնա որոշակի զիջումների»,- նշեց Վարդան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այստեղ էական դեր է խաղում, և, եթե փակվի հայ-իրանական սահմանը, ապա կախման մեջ է ընկնում միայն հայ-վրացական սահմանից, ինչն ամենաթանկ ճանապարհներից մեկն է, քանի որ Հայաստանին պարտադրվում է որոշակի երկրի անվիճելի մենաշնորհը։
«Տարածաշրջանում Իրանը Հայաստանի համար ունի ստրատեգիական նշանակություն, ուստի անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը լուրջ վերանայի իր հարաբերություններն Իրանի հետ։ Չնայած այս հարաբերություններում Թուրքիան փորձում է հակակշիռ լինել, բայց Թուրքիայի ենթակայության աստիճանն աներևակայելի բարձր է, նրա բոլոր խաղերն ու խաղարկումները չեն կարող Արևմուտքին հուզել, որովհետև երկիրն Արևմուտքի ձեռքում է»,- ասաց Վարդան Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ Վարդան Խաչատրյանի՝ այդ երկիրն այսօր գտնվում է հակաիրանական կոալիցիայի մեջ, և եթե այստեղ գնա զիջումների, ապա Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ կտրուկ բարձրանալու է, քանի որ միջազգային քաղաքականության տեսանկյունից Իրանն Ադրբեջանին պարտք է մնալու։
Զվարթ Խաչատրյան