«Ապրիլ-մայիսյան իշխանափոխությունից հետո ընտրակեղծիքների ինստիտուտը ոչնչացվել է». Արմեն Բադալյան
Քաղտեխնոլոգներն ու վերլուծաբանները գրեթե բացառում են ընտրակաշառքի ու ընտրակեղծիքների կիրառումը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ի՞նչ տեղ կունենան ընտրակաշառքն ու կեղծիքները առաջիկա ընտրությունների ժամանակ, հատկապես՝ հաշվի առնելով, որ կառավարությունը խստացնում է պատասխանատվությունը, նշեց, որ ընտրակեղծիքների ինստիտուտի հիմքը դրվել է 1995 թ. խորհրդարանական ընտրություններով և գագաթնակետին է հասել 2017 թ. ապրիլի 2-ին, երբ ընտրակեղծիքները ձևավորեցին ԱԺ-ն ու վերջնականապես ձևավորվեցին՝ որպես ինստիտուտ։
«Այս ապրիլ-մայիսյան իշխանափոխությունից հետո այդ ինստիտուտը ոչնչացվել է»,- ասաց Ա.Բադալյանը։
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն էր դրա պատվիրատուն, այժմ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, վարչական ռեսուրսը, որը մաս էր կազմում այդ ինստիտուտին, այժմ չկա, իրավապահ համակարգը գտնվում է վարչապետի վերահսկողության տակ, նախկինում օլիգարխիան, որը փող էր տալիս տեղեր գնելու համար, այժմ չի մասնակցում, թաղի հեղինակություն կոչվածներն էլ այլևս չեն աշխատելու. «Այսինքն՝ ընտրակեղծիքն այլևս որակ չի ստեղծելու։ Մանր-մունր խախտումներ կլինեն, անհնար է՝ իդելական ընտրություն լինի»։
Վերլուծաբան Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ավանդական ընտրախախտումները չեն լինի, առավել ևս, եթե խստացվում է պատասխանատվությունը։ «Ընտրախախտումները Հայաստանում մեծ էվոլյուցիա էին ապրել՝ սկսելով ծեծուջարդից, ընտրական արկղերը գողանալուց, վերջին տարում 2 գործիք էր մնացել՝ ընտրակաշառքը և վարչական ռեսուրսը, դրա համար տեղամասերում սկանդալներ չէին լինում։ Հիմա հայտարարվում է, որ ընտրակաշառքի գործոնը բացառվում է, բայց վարչական ռեսուրս անգամ զարգացած երկրներում է կիրառվում, դա չի կարող իսպառ բացառվել։ Նույնիսկ, եթե վերևներում առաջին դեմքերն ունենան քաղաքական կամք, ներքևում կլինեն մարդիկ, որ կփորձեն ավելի կաթոլիկ լինել»,- ասաց Վ.Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում