Արցախի մասին չխոսելով՝ մենք ճանապարհ ենք բացում դեպի Սյունիք, Տավուշ, Երևան․․․ Նարե Սիմոնյան

«Շատ ծանր և զարմանալի ժամանակներ ենք ապրում, երբ ամենաֆանտաստիկ երազում չէիր կարող պատկերացնել, որ կարող է մի օր թույլ չտան խոսել Արցախի մասին, հնարավորինս բոլոր ձևերով փորձեն փակել Արցախի հարցը․ հենց հիմա ունենք իրավիճակ, երբ քաջություն է պահանջվում Արցախի մասին խոսելու համար»,- 168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի ժամանակ Արցախի մասին իր մտահոգությունները բարձրաձայնեց արցախցի հանրային գործիչ Նարե Սիմոնյանը։

Նա ցավով արձանագրեց, որ Արցախյան հարցը փակելով՝ հետաքրքրված են ոչ միայն մեր սահմանից դուրս եղած թշնամիները, այլև Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները։

«Նրանք, կարծես, Արցախի հարցը փակելու առաջնային շահառու են դարձել Ալիևի ռեժիմի հետ»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Արցախ հավաքական վերադարձի մասին իր տեսլականը ներկայացնելիս՝ Նարե Սիմոնյանը շեշտեց․ «Այս փուլում մենք հասկանում ենք, որ չենք կարող 1 ամսից, 3 ամսից, 6 ամսից վերադառնալ Արցախ, բայց շատ կարևոր է խոսել այդ իրավունքի մասին, բարձրաձայնել, որ շուրջ 150 000 արցախցիներ ունեն հիմնային շատ կարևոր իրավունքներ, որոնք խախտված են․ դա իրենց հայրենիքում ապրելու, արարելու իրավունքներն են, նաև ինքնորոշման իրավունքն է, որի մասին ավելի քիչ է խոսվում, բայց պետք է խոսվի։

Միջազգային տարբեր հարթակներում պետք է խոսել վերադարձի իրավունքի մասին, խոսել մեր խախտված իրավունքների մասին և թույլ տալ, որ այդ միջազգային հանրությունը կամ միջազգային դերակատարներն առաջարկեն տարբերակներ, որովհետև երբ դու չես խոսում քո խնդրի մասին, այդ խնդիրը կարող են բոլորը փակված համարել»։

Դիտարկմանը, որ այս արդարացի մտահոգությունների բարձրացումը հաճախ իշխանությունների կողմից սաստվում է՝ ինչպես, օրինակ, երբ Արցախում  էթնիկ զտման մասին խոսելը Փաշինյանը համարում է վնասակար, կամ՝ մետրոյի հայտնի դրվագը, ինչպես նաև՝ երբ արդեն «Արցախ» բառից են իշխանավորները խուսանավում, մեր զրուցակիցն արձագանքեց՝ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին պարտադրանքի արդյունք է այս ամենը։

«Ներքաղաքական դաշտում օրվա իշխանությունները փորձում են գտնել ներքին թշնամիներ և կոնսոլիդացնել իրենց ընտրազանգվածն այդ թշնամիների դեմ, այդ թշնամիներն են ազգային արժեքների և ազգային ինքնության առաջնային կրողները՝ Արցախը, Հայ Առաքելական եկեղեցին․․․։ Նիկոլ Փաշինյանն օգտվում է այդ տեխնոլոգիայից, և, մի կողմից՝ ներքին թշնամիներ հորինելով՝ մեղմացնում է արտաքին թշնամու ընկալումը, որն օրհասական է, և մեզ ամեն օր սպառնում է դրսից, իսկ մյուս կողմից՝ իր ընտրազանգվածը մոբիլիզացնում ընտրություններից առաջ՝ ներքին թշնամու դեմ։

Այն, որ նա արցախցիներին թշնամի է համարում՝ քույրեր և եղբայրներ ասելով, բազմիցս երևացել է, և, այո՛, նաև մետրոյի դրվագում, երբ արցախցի հերոսի դուստրը շատ հանգամանալից, շատ տեղին և գրագետ ձևով ցույց տվեց, որ արցախցին չի փախել, արցախցին կռվել է, մենք տեսանք, որ այն թեզերը, որը նախկինում շրջանառվում էին ֆեյքերի մասշտաբներով՝ երբեմն նաև՝ իր կամակատարների, պապոյանների, ալենսիմոնյանների և այլոց, Փաշինյանի բերանից հնչեց՝ «միլիարդավոր հարկեր, մեր հարկերի հաշվին ապրել եք, թողել փախել եք» և այլն»,- ասաց արցախցի հանրային գործիչը։

Հստակեցմանը, թե խաղաղության օրակարգերը մեզ ո՞ւր են տանելու, եթե Արցախին առնչվող հարցերը լռեցվեն, Նարե Սիմոնյանը պատասխանեց՝ այս հարցերը լռեցնելով՝ սա շատ պարզ և հստակ ճանապարհ է՝ ոչ թե խաղաղության, այլ՝ մեր համար նոր խնդիրներ առաջ բերելու։

«Արցախի մասին չխոսելով՝ մենք ճանապարհ ենք բացում դեպի Սյունիք, Սյունիքի միջանցք, Տավուշ, ադրբեջանցիների՝ այսպես ասած, «վերադարձ», Երևան և այլն։ Այսինքն՝ մենք մեր իրավունքներից հրաժարվելով՝ նաև հնարավորություն ենք տալիս թշնամուն նոր պահանջներ ներկայացնել։

Պարզ է, որ սա խաղաղության ճանապարհը չէ․ զուտ «խաղաղություն»-ն ընտրվել է ներքաղաքական պայքարում՝ որպես բրենդ, բայց մյուս կողմից էլ անհեթեթ է, որ խաղաղությունից խոսում է մի իշխանություն, որը պատմության ընթացքում ամենաշատ պատերազմներն է բերել, ամենաշատ պարտություններն է բերել։

Ու արդեն իշխանությունները չեն խորշում նույնիսկ սպառնալ իրենց քաղաքացուն պատերազմով․ եթե մենք չընտրվենք, պատերազմ է լինելու, անգամ կարծես ամիս են ասում պատերազմի համար․ ի՞նչ է սա նշանակում, պայմանավորվածությո՞ւն թշնամու հետ, ի՞նչ եք թաքցնում։

Ես համոզված եմ, որ այն ճանապարհով, որով տանում են մեզ օրվա իշխանությունները, մենք ոչ թե կունենանք խաղաղություն, այլ է՛լ ավելի կվտանգենք Հայաստանի Հանրապետության լինելիությունը։

Սա խաղաղության ճանապարհը չէ, սա վերացման ճանապարհն է»,- եզրափակեց Նարե Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031