«Պարզ է՝ ընտրվել են քաղհասարակության այն անդամները, որոնք համաձայն են եղել որևէ հարց չբարձրացնել Արցախի, հայ գերիների հետ կապված». Նարե Սիմոնյան
Հայաստանում արդեն տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների կլոր սեղան քննարկումը։
Նշենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։
Արցախից հասարակական գործիչ, իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նարե Սիմոնյանի խոսքով՝ երբ Ադրբեջանում կան հայ գերիներ, և նրանց հարցը որևէ կերպ չի բարձրաձայնվում, ապա նման հանդիպումները կասկածելի են և անընդունելի։
«Պարզ է, որ Հայաստանից ընտրվել են քաղհասարակության այն անդամները, որոնք համաձայն են եղել նման պայմաններում որևէ հարց չբարձրացնել Արցախի, հայ գերիների հետ կապված։ Այդ պայմաներում են նրանք նախընտրել հանդիպել ու համագործակցել օրվա իշխանությունների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարե Սիմոնյանը։
Նա իրատեսական չի համարում, որ Արցախից քաղհասարակության որևէ անդամ կմասնակցի ադրբեջանցիների հետ հանդիպումներին, կամ իշխանությունը կփորձի նրանց ներգրավել այդ քննարկումներում։
«Եթե Ադրբեջանի քաղհասարակության անդամները ցանկություն հայտնեն լուրջ զբաղվել գերիների հարցով, արցախահայերի խախտված իրավունքների վերականգնման հարցերը բարձրաձայնեն ու դրանցով զբաղվեն, գուցե դրանից հետո իմաստ կունենա որևէ հանդիպում ունենալ նրանց հետ։
Բայց այս դեպքում, երբ խոսք չկա գերիների մասին և երկուստեք՝ Ադրբեջանի և, ցավոք, Հայաստանի իշխանությունները որևէ էական ջանք ցույց չեն տալիս կուտակված բազմաթիվ հարցերը լուծելու համար, ապա ինչո՞ւ պետք է էթնիկ զտման, ցեղասպանության ենթարկված արցախահայերի ներկայացուցիչը հանդիպի ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանն այսօր որևէ կերպ չի զղջում իր կատարած հանցագործությունների համար, Ադրբեջանը համամարդկային հանցագործություն է կատարել, որը չի ընդունում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նարե Սիմոնյանը նաև ընդգծեց՝ ՀՀ իշխանությունը ցանկություն էլ չունի որևէ առիթ ու հնարավորություն ընձեռելու արցախահայությանը՝ խոսելու իրենց իրավունքների մասին։ Արցախահայերի ու օրվա իշխանությունների օրակարգը շատ տարբեր է։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության անդամները վերջին անգամ Հայաստանում հանդիպել էին հոկտեմբերին։



