Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու նախատեսվող մարդասիրական այցի մասին

Միջազգային կանանց մարդասիրական պատվիրակությունը պատրաստ կլինի մեկնել Բաքու, հենց որ հաջողվի համաձայնության գալ հայ բանտարկյալներին այցելելու հնարավորության և պատվիրակության մասնակիցների անվտանգության պայմանների շուրջ։ Մենք պատասխանատվություն ենք կրում նրանցից յուրաքանչյուրի համար, ուստի անհրաժեշտ ենք համարում նախապես ձեռք բերել այդ պայմանավորվածությունները։

Պատվիրակության կազմում ընդգրկված են տարբեր երկրներից ժամանած կանայք, որոնք հայտնի են իրենց հասարակական և մասնագիտական գործունեությամբ։ Նրանք ցանկացել են այցելել Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու ծանրոցները։

2026 թվականի հունիսից ես մի քանի անգամ դիմել եմ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։ Առաջարկել եմ այցի տարբեր ձևաչափեր՝ ամբողջ պատվիրակության, փոքր խմբի կամ պատվիրակության ներկայացուցչի գրասենյակի աշխատակցի ուղեկցությամբ այց։ Խնդրել եմ նաև համաձայնեցնել անվտանգության պայմանները։ Ցավոք, մինչ այժմ պատասխան չենք ստացել։

Այս ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ իմ՝ Բաքու ժամանելու դեպքում կարող եմ ձերբակալվել։ Մեզ մտահոգում է նաև այն հանգամանքը, որ օգոստոսի 25-ից Ռուբենին թույլ չեն տալիս հանդիպել իր տեղացի փաստաբանի հետ։ Հույս ունենք, որ այս հարցը կկարգավորվի։

Դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը՝ դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով։ Օգոստոսի 17-ին Սիրանուշ Սահակյանի հետ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած մեր հանդիպումից հետո մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել, իսկ մեր գրավոր դիմումը դեռևս անպատասխան է։

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական շփումները զարգանում են, իսկ հայկական պատվիրակություններն այցելում են Ադրբեջան։ Սա վկայում է, որ մարդասիրական այց կազմակերպելու համար կան բոլոր նախադրյալները, և հայ բանտարկյալներին այցելելու հարցը պետք է ներառվի նման այցերից մեկի օրակարգում։

Նամակները, որոնք պատվիրակությունը պետք է անձամբ փոխանցեր բանտարկյալներին, որոշել ենք այլևս չուշացնել։ Հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը փոխանցվել է բոլոր հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ՝ խնդրանքով աջակցել դրանք Բաքու հասցնելու հարցում։ Հույս ունենք, որ յուրաքանչյուր նամակ կհասնի իր հասցեատիրոջը։ Յուրաքանչյուր բանտարկյալ պետք է ստանա աջակցության խոսքեր և իմանա, որ իրեն հիշում են։

Շնորհակալ եմ պատվիրակության յուրաքանչյուր մասնակցի և աջակցության նամակ գրած յուրաքանչյուր մարդու։

Մեր նպատակը մնում է անփոփոխ՝ տեսնել մեր հարազատներին և վերականգնել բանտարկյալների կապն իրենց ընտանիքների հետ։ Մենք շարունակելու ենք այս աշխատանքը, մինչև նրանք բոլորը վերադառնան տուն։ Գիտակցում ենք, որ այս ճանապարհը կարող է երկար լինել, բայց հավատում ենք, որ այն կհանգեցնի արդարացի լուծման։

Վերոնիկա Զոնաբենդ

2026 թվականի նոյեմբերի 6

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30