Հիջաբը՝ որպես քաղաքական մարտահրավեր․ ինչո՞ւ է Ալիևի իշխանությունը զգուշանում
Ադրբեջանում դպրոցական հիջաբի շուրջ ծավալվող հակասությունը բացահայտում է Իլհամ Ալիևի իշխանության առջև ծառացած ավելի խորքային երկընտրանքը՝ ինչպես պահպանել իսլամը որպես ազգային ինքնության և պետական լեգիտիմության բաղադրիչ՝ միաժամանակ թույլ չտալով, որ կրոնական պատկանելությունը վերածվի իշխանությունից անկախ համախմբման և քաղաքական ինքնուրույնության աղբյուրի։
Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցն այստեղ միայն դպրոցական համազգեստը կամ աշխարհիկ կրթության սկզբունքները չեն։
Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունների համար աշխարհիկությունը ոչ միայն պետական կառավարման սկզբունք է, այլև հասարակության նկատմամբ վերահսկողության քաղաքականության կարևոր բաղադրիչ։
Ըստ նրա, պետությունը պատրաստ է իսլամը դիտարկել որպես պատմության, մշակույթի և ազգային ինքնության մաս, սակայն շատ ավելի զգուշավոր է, երբ կրոնը դուրս է գալիս այդ շրջանակներից և դառնում ինքնուրույն կազմակերպման, հանրային համախմբման հիմք։ Ուստի, նրա կարծիքով, հենց այստեղ է հիջաբի քաղաքական նշանակությունը․ այն կարող է լինել ոչ միայն հավատքի արտահայտություն, այլև պետական միջամտության սահմանները վիճարկելու խորհրդանիշ։
«Դեռ 2010 թվականի դիմադրությունը նմանատիպ թեմայով ցույց տվեց, որ կրոնական հարցը կարող է համախմբել մարդկանց նույնիսկ այնպիսի քաղաքական միջավայրում, որտեղ ընդդիմադիր գործունեության և հանրային բողոքի հնարավորությունները սահմանափակ են։ Սակայն սրանից չի հետևում, որ ներկայիս դժգոհությունն անպայման կվերածվի համազգային շարժման։ Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ կրոնական համոզմունքը կարող է մարդկանց միավորել առանց ավանդական քաղաքական ընդդիմության միջնորդության՝ ձևավորելով իշխանության վերահսկողությունից դուրս կապեր։ Իսկ դա իշխանության համար միշտ էլ զգայուն խնդիր է»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Իրավիճակի աշխարհաքաղաքական բաղադրիչը, ըստ նրա, պայմանավորված է առաջին հերթին՝ Իրանի գործոնով։
«Ադրբեջանն ու Իրանը շիա մուսուլմանական մեծամասնություն ունեցող պետություններ են, սակայն կրոնական ընդհանրությունը չի վերացրել նրանց միջև ռազմավարական հակասությունները։ Բաքուն զգուշանում է Թեհրանի հնարավոր ազդեցությունից երկրի ներսում՝ հատկապես այն իրավիճակում, երբ Ադրբեջանի համագործակցությունն Իսրայելի հետ խորացնում է երկու հարևանների անվստահությունը։ Այս համատեքստում կրոնական ինքնուրույն գործունեությունը կարող է իշխանությունների կողմից դիտարկվել նաև ազգային անվտանգության տեսանկյունից։ Սակայն Իրանի հետ կրոնական կամ մշակութային կապերի առկայությունն ինքնին չի ապացուցում քաղաքական ենթակայություն Թեհրանին»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Ալիևի իշխանության հնարավոր մտահոգությունը, հետևաբար, ոչ այնքան հիջաբն է, նրա կարծիքով, որքան կրոնական դժգոհության քաղաքականացման ներուժը։
«Եթե բողոքները սահմանափակվեն դպրոցական հագուստի կանոնների վերանայման պահանջով, իշխանությունները կարող են փորձել խնդիրը կառավարել վարչական միջոցներով։ Բայց եթե հարցին միանան ծնողների, ուսուցիչների, կրոնական համայնքների և քաղաքացիական ազատություններով մտահոգված այլ խմբերի պահանջները, այն կարող է ընդլայնվել՝ վերածվելով պետական վերահսկողության սահմանների մասին ավելի լայն քննարկման։ Այդ դեպքում կրոնական հարցը կարող է դառնալ տարբեր դժգոհությունների միավորման կետ, նույնիսկ, եթե դրանց մասնակիցները չունեն ընդհանուր քաղաքական ծրագիր»,- գտնում է վերլուծաբանը։
Այդուհանդերձ, նրա գնահատմամբ, բողոքի ներուժը չպետք է գերագնահատել։ Նրա որակմամբ, այս պահին ավելի հիմնավոր է խոսել քաղաքական ռիսկի մասին, ոչ թե Ադրբեջանում անխուսափելի ճգնաժամի կամ իշխանափոխության նախանշանների։
«Հիջաբի շուրջ իրավիճակն այս իմաստով Ադրբեջանի փորձությունն է։ Խնդիրը վաղ թե ուշ դուրս է գալիս դպրոցական համազգեստի շրջանակներից։ Բաքվի համար գլխավոր ռիսկը ոչ թե հիջաբ կրող աշակերտուհիների թիվն է, այլ այն հնարավորությունը, որ կրոնական ազատության շուրջ ձևավորված դժգոհությունը միավորվի այլ սոցիալական ու քաղաքական խնդիրների հետ։ Այդ դեպքում հիջաբի շուրջ վեճը կարող է դառնալ ավելի խորքային հակասության խորհրդանիշ»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

