Ոսկե սարեր խոստացան, հակառակը եղավ․ «Արարատից» հեռացված աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել
Երևանի «Արարատ» («Նոյ») կոնյակի-գինու-օղու կոմբինատի 15 արդեն նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով իրենց վերականգնել նախկին պաշտոններում։
SputnikԱրմենիայի փոխանցամբ՝ լրագրողների հետ զրույցում նախկին աշխատակիցներից Գերասիմ Գասպարյանը նշեց, որ աշխատանքից ազատման մասին ծանուցումը ստացել են սեպտեմբերի 10-ին, որով իրենց 2 ամիս ժամանակ է տրվել։
«Մեզ տրվել է մի ծանուցում, որ բոլորս կրճատման հիմունքներով ազատված ենք գործից՝ մեզ համար անհասկանալի պատճառներով»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ հաստիքների կրճատումը հիմնավոր չէ, քանի որ իրենց հեռացումից հետո այլ աշխատակիցների են ընդունել։
Գործարանի անվտանգության հարցերով փոխտնօրենի նախկին տեղակալ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ երբ նոր կառավարիչները եկել էին, իրենց ոսկե սարեր էին խոստանում, բայց եղավ լրիվ հակառակը։
«Առաջին հանդիպումն այն էր, որ «դիմում գրի, գործից ազատվի»։ Ես հարցրեցի՝ ինչի՞ համար, 16 տարի աշխատել եմ։ Ասեցին՝ ֆոնդի կրճատում է, աշխատողների կրճատում․․․ Բանից պարզվեց՝ հաստիքների կրճատում չի, անձնավորված է։ Բոլորիս գործից հանում են, մեր տեղը բերում են ինչ-որ «Քինգ Մարշալ» ընկերության աշխատակիցների․․․ Նոյեմբերի կեսն ա, ձմեռ ա դեմը։ Մեկը հիվանդ մայր ունի, մեկը հիփոթեք ունի, պատերազմի մասնակից ունենք ստեղ, ոչ մի բան հաշվի չառան»,- նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ առաջնահերթ հենց անվտանգության աշխատակիցներն են թիրախավորվել։
Արդեն նախկին աշխատակիցները դիմում-բողոքներ են ուղղել կառավարություն և տեսչական մարմին։ 15 աշխատակիցները հույս ունեին հանդիպում ունենալ կառավարության որևէ ներկայացուցչի հետ, սակայն պարզվեց՝ այսօր նրանց ոչ ոք չի ընդունելու։ Դիմում-բողոքը զեկուցման փուլում է, խոստացել են վաղը մինչև կեսօր պատասխան տալ։

