Եթե ադրբեջանական ցույցերը վերածվեն անհնազանդության շարժման, ալիևյան ռեժիմը կարող է կանգնել շատ լուրջ խնդիրների առջև. Արամ Շահնազարյան
Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։
Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կառավարությունը փոխել է դպրոցական համազգեստի կանոնները՝ արգելելով դպրոցներում կրել համազգեստից տարբերվող կամ կրթության աշխարհիկ սկզբունքին հակասող հագուստ։
168.am-ն Իրանի հարցերով փորձագետ, քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանի հետ զրույցում փորձել է հասկանալ՝ ինչ-որ առումով կրոնական պահանջների հողի վրա այս բախումներն Ադրբեջանում կարո՞ղ են լուրջ գործողության վերածվել, ընդլայնվել, համեմատականներ ենք անցկացրել նաև ազգամիջյան-կրոնական հողի վրա իրանական բախումների հետ:
«Ես Ադրբեջանի հարցերով մասնագետ չեմ, խորքային բաներ չեմ կարող ասել, բայց հետևում եմ այդ ցույցերին, գործընթացներին, ադրբեջանական իրադարձություններին առհասարակ: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, և ես նկատում եմ, չեմ կարծում, որ վերածվի մասշտաբային անկարգությունների և խնդիրներ ստեղծի իշխանությունների համար:
Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Չեմ տեսնում նման բան, որ այն, ինչ Իրանում տեղի ունեցավ, լինի Ադրբեջանում: Սա՝ գոնե այս պահի դրությամբ: Բայց, իհարկե, պետք է հետևել զարգացումներին:
Մի բան, սակայն, հստակ է՝ որքան էլ Ալիևը փորձի ներկայանալ որպես «երկաթե բռունցք», մեծ ժողովրդավարություն վայելող սիրված նախագահ, որը հաղթել է պատերազմում և Ադրբեջանին վերադարձրել է իր «կորցրած տարածքները», ավելին՝ փառքն ու հզորությունն է վերադարձրել, այդուհանդերձ, հասարակության լայն շերտերի մոտ կա շատ խորքային դժգոհություն ռեժիմի նկատմամբ: Դա ակնհայտ է:
Բոլոր անկողմնակալ վերլուծությունները և տեղեկությունները, որ ես ընթերցում եմ, դրա մասին են վկայում, որ կա ալիևյան ռեժիմի դեմ բողոք, քանի որ նավթադոլարներից ստացված հարստությունը չի «հասնում» ադրբեջանական հասարակությանը, այսինքն, դրանք ճիշտ չեն բաժանվում, տեղաբաշխվում: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում խիստ կոռումպացված համակարգ է, որի կապն ինչ-որ տեղ խզվել է հասարակության լայն խավերի հետ:
Կա նաև մի կարևոր հանգամանք. նման համակարգերը, որոնք գաղափարական չեն նաև, հասարակական սուր ցնցումների դեպքում անմիջապես ճաքեր են տալիս և սկսում են փլուզվել: Սա միանշանակ է: Եվ եթե այս ցույցերը վերածվեն լայն մասշտաբային անկարգությունների և անհնազանդության շարժման, ալիևյան ռեժիմը կարող է կանգնել շատ լուրջ խնդիրների առջև»,- մանրամասնեց նա:

