Գևորգ Պապոյանի հրապարակած «ցնցող» ցուցանիշների հետևում խայտառակ վիճակ է

Իր ղեկավարած գերատեսչության «փայլուն» աշխատանքը ցույց տալու համար Գևորգ Պապոյանը պարբերաբար գրառումներ է անում ու «ցնցող» ցուցանիշներ հրապարակում։ Օրերս հերթական գրառմամբ արձանագրել էր, թե ինչպես է արդյունաբերությունը «հրաշքներ» գործում։

«2026թ. հունվար-օգոստոսին արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7,4 տոկոսով:

Իսկ մշակող արդյունաբերությունն աճել է 5 տոկոս»,- գրել էր էկոնոմիկայի նախարարը։

Այս «հրաշքների» հետևում, սակայն, Գևորգ Պապոյանը, ինչպես միշտ, թաքցրել էր այն խայտառակ վիճակը, որն առկա է իր ղեկավարած ոլորտում։ Ոչ մի խոսք այն մասին, որ օգոստոսին արդյունաբերության մեջ 4.3 տոկոս անկում է գրանցվել։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է ու գերազանցապես մշակող արդյունաբերության խոր անկման հետևանքով։

Կարդացեք նաև

Արդյունաբերության անկումը շատ ավելի մեծ կլիներ, եթե ընդերքն այսքան ակտիվորեն չշահագործեին։ Միայն հանքարդյունաբերության մեջ է աճ գրանցվել։

Օգոստոսին ընդերքի արդյունահանման ծավալները շարունակել են ավելանալ։ Դրա շնորհիվ էլ հաջողվել է որոշ չափով մեղմել արդյունաբերության ակումը։ Բայց անգամ դա բավարար չի եղել  կանխելու արդյունաբերության անկումը։ Հավանաբար այդ անկումը թաքցնելու համար էլ Գևորգ Պապոյանը որոշել էր կիսվել իր ղեկավարած գերատեսչության «փայլուն» հաջողություններով ու շեղել հասարակության ուշադրությունը։ Փոխարենը բացատրություն տար, թե ի՞նչ է տեղի ունենում արդյունաբերության մեջ, ինչո՞ւ է մշակող արդյունաբերությունը հայտնվել այսպիսի անկման մեջ։

Հանքարդյունաբերությունը, անշուշտ, առանցքային դեր ունի՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ արտահանումների գործում։ Բայց միամտություն է դրա հետ կապել տնտեսության կայուն զարգացումը։ Առավել ևս, որ հանքարդյունաբերության կախվածությունը բավական մեծ է արտաքին շուկաներից, ու այստեղ արձանագրվող գնային տատանումները սովորաբար էական ազդեցություն են թողնում այդ ճյուղում տեղի ունեցող դրսևորումների վրա։

Այսօր էլ, որ հանքարդյունաբերությունը բարձր տեմպերով աճում է, ուղիղ կապ ունի արտաքին շուկաների հետ։ Մետաղների բարձր գները լուրջ  խթան են դարձել դրա համար։ Սակայն, եթե վաղն այնպես ստացվի, որ մետաղների գները նվազեն, այս աճերը միանգամից կանգ կառնեն։

Հիշեցնենք, որ տարեսկզբի 8 ամիսներին հանքարդյունաբերության աճը 24-25 տոկոսի սահմաններում է։

Դրա արդյունքում էապես ավելացել է այս ճյուղի բաժինն արդյունաբերության մեջ։ Արդյունաբերական ամբողջ արտադրանքի գրեթե 24 տոկոսը հանքարդյունաբերությանն է։ Անցած տարի ընդամենը 17.6 տոկոսն էր։

Բայց տնտեսության ապագան ոչ թե հանքարդյունաբերությունն է, այլ մշակող արդյունաբերությունը։ Այնինչ՝ մշակող արդյունաբերության կշիռը գնալով նվազում է։

Գևորգ Պապոյանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դեռ նախորդ կառավարությունն էր իր գործունեության ծրագրում ամրագրել, որ մինչև 2026թ. մշակող արդյունաբերության կշիռը տնտեսության մեջ պետք է հասցնի 15 տոկոսի։ Սակայն ոչ միայն չկարողացավ հասնել դրան, այլև եղածն էլ աստիճանաբար ոտնատակ տվեց։ Մշակող արդյունաբերության մասնակցությունը տնտեսության մեջ անցած տարի կազմեց հազիվ 11 տոկոս։ Դատելով նրանից, թե ինչ է տեղի ունենում հիմա, շուտով դա էլ չի լինի։ Այս տարվա առաջին կեսին այն իջել է 8 տոկոսից։

Օգոստոսին մշակող արդյունաբերության մեջ գրեթե 7 տոկոս անկում է գրանցվել։

Ավելի քան կիսով չափ կրճատվել է հիմնական մետաղների արտադրությունը։ Շուրջ 64 տոկոսով նվազել է՝ համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքերի, ավելի քան 12 տոկոսով՝ էլեկտրական սարքերի արտադրությունը։ Մեքենաների ու այլ սարքավորանքի արտադրության անկումն օգոստոսին անցնում է 30 տոկոսից։

Նվազել է ծխախոտի արտադրատեսակների, հագուստի, թղթե իրերի արտադրությունը։

Այս բոլորի հանրագումարում օգոստոսին մշակող արդյունաբերությունը հայտնվել է անկումային իրավիճակում։ Այդ անկումից հետո էապես նվազել է նաև մշակող արդյունաբերության 8 ամիսների աճի տեմպը։ Հունվար-օգոստոսին այն կազմել է հազիվ 5 տոկոս։ Մինչդեռ ընդամենը 1 ամիս առաջ 7.2 տոկոս էր։

Մեկ ամսում նահանջել է 2.2 տոկոսային կետով, ինչը թռիչքային հետընթաց է։

Այսպիսի տեմպերով շատ շուտով կզրոյանան այն աճերը, որոնք դեռ պահպանվում են։ Ու դրանից չպետք է զարմանալ՝ տեսնելով, թե ինչպես են ընկել բիզնեսների հետևից։ Օգոստոսին արդյունաբերության մեջ տեղի ունեցող անկումները նաև բիզնեսները խլելու ու բիզնեսին ճնշելու հետևանք է։ Քաղաքական շարժառիթներով բազմաթիվ ընկերություններ են անհարկի կապարակնքել ու ստիպել, որպեսզի դադարեցնեն իրենց գործոնեությունը։ Խոսքն ընդհուպ մի քանի տասնյակ ընկերությունների մասին է։

Ոչ մեկը պատասխանատվություն չի կրում նրա համար, թե սրա հետևանքով ինչքան վնաս են տվել ու տալիս՝ ինչպես  բիզնեսին, այնպես էլ՝ պետությանը։ Փակում են բիզնեսների դռներն ու մարդկանց շպրտում փողոց։ Երբ կբարեհաճեն, այն ժամանակ էլ կբացեն կամ չեն բացի։ Չկա ոչ մի պատասխանատվություն։

Միայն Հայաստանում կարող է լինել, որ հարկային ստուգումների պատճառաբանությամբ՝ կապարակնքեն բիզնեսներն ու թույլ չտան աշխատել։ Ոչ մի հիմնավորում չկա, որ բիզնեսի գործունեությունը պիտի դադարեցնեն, որպեսզի հարկային ստուգումներ անեն։ Ինչպե՞ս կարող է բիզնեսի աշխատանքը խանգարել հարկային ստուգումներին, առավել ևս, որ դրանք փաստաթղթային ստուգումներ են։

Զարմանալի չէ, որ հետևանքներն էլ այսպիսին պիտի լինեն։ Այն, որ նույն ցեմենտի շուկան վերջին շրջանում ճգնաժամի մեջ է, լուրջ դեֆիցիտ է առաջացել, նաև այսպիսի բռնություններով ու բիզնեսին ճնշելով է պայմանավորված։ Ցեմենտի արտադրությունն էլ է կրճատվել՝ չնայած առկա բարձր պահանջարկին։

Եթե համարենք, որ ցեմենտի ամենախոշոր արտադրողը Հայաստանում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտն» է, որը խլելու պրոցեսները դեռ ամիսներ առաջ էին սկսել, ամեն ինչ շատ ավելի պարզ ու հասկանալի կլինի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031