«Ասում են՝ «թամամ խոսքը էշին են ասում», Պուտինը «թամամ» խոսք ասաց, բառացի ասաց… ուղղակի ոտնակոխ կլինենք». Լևոն Ջավախյան
Երեկ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանց փաստերի, հերթական անգամ մեղադրեց Վեհափառ հայրապետին՝ ասելով, թե Կաթողիկոսը հեղափոխության է պատրաստվում։
«Հիշո՞ւմ եք Կիրանցի հետ կապված պատմությունը։ Ես գնացի, խոսեցի մարդկանց հետ, բայց այդ ժամանակ ահավոր նյարդային մթնոլորտ էր, որովհետև իրադրությունը մի քիչ այլ հանգամանքներում էր ծագել։ Բայց հիմա ես այդ թեմայի նյարդը հանել եմ վերջնականապես, և էլ այդ թեմայի շուրջ լարվածություն չկա։
Երեկ էլ տեղեկացանք, որ Կտրիճ Ներսիսյանը պատվիրակություններ է ուղարկել տարբեր գյուղեր և բնակավայրեր՝ նոր հեղափոխություն մեկնարկելու նպատակով։ Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ սա է սկսելու՝ Կտրիճի հեղափոխությունը։ Գալու է այստեղ ու ասելու՝ «15 րոպե եմ տալիս, նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հրապարակախոս, արձակագիր Լևոն Ջավախյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ուզածը, որի անունը դրել է «Չորրորդ Հանրապետություն», թուրքահպատակ Հայաստանի ստեղծումն է։ Բնականաբար, այդ շրջանակների մեջ Հայ Առաքելական եկեղեցին չի տեղավորվում։
«Թուրքիայից ու Փաշազադեից եկող այդ մեսիջներն ամբողջությամբ ուղղված են մեր հավատքի դեմ։ Մենք ինչո՞վ ենք տարբերվում, որ հայ ենք. նախևառաջ այդ ամենը բնորոշվում է լեզվով և հավատով, այսինքն, որպես հայ՝ մենք այս երկու հենասյուների վրա ենք։ Հիմա այդ մարդն իր հայհոյախոսությամբ մեր լեզուն աղճատում է, իսկ հավատքի մասով ուզում է այնպես անել, որ իրեն հպատակ եկեղեցի ստեղծի։ Այնպիսի մի եկեղեցի, որը չի կրելու մեր ավանդները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Ջավախյանը։
Ըստ մեր զրուցակցի, ստեղծված այս կոնֆլիկտը միայն Հայաստանի կոնֆլիկտը չէ, այն Արևմուտքի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտ է, քանի որ Արևմուտքը թշնամի է Ռուսաստանին և Հայաստանին էլ մեսիջ է ուղարկել՝ «ձեռք քաշել» ռուսներից էլ, Ռուսաստանից էլ։
«Արևմուտքն ասողն է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ կատարողը, ընդ որում՝ Արևմուտքը մեր տարածաշրջանում ներկա է Թուրքիայի դեմքով։ Թուրքիան ինչ թելադրում է, այստեղ անում են, որպեսզի վերջնականապես ազատվեն Ռուսաստանից։ Բայց այս ամենի մեջ տուժողն ո՞վ է, բնականաբար, հայ ժողովուրդն է լինելու։
Ասում են՝ «թամամ խոսքը էշին են ասում», Պուտինը «թամամ» խոսք ասաց, որ Ուկրաինայում էլ է ամեն ինչ այսպես սկսվել, բառացի ասաց։ Ինչպես այդ ամենը շարունակվեց՝ բոլորս էլ տեսնում ենք։ Եթե նույն զարգացումները Հայաստանում լինեն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակ կարող է լինել, ուղղակի ոտնակոխ կլինենք, իսկի թուրքահայաստան էլ չի մնա»,- հավելեց Լևոն Ջավախյանը։
Ինչ վերաբերում է Վեհափառ հայրապետի վերաբերյալ այսօրվա դատական նիստից ունեցած սպասելիքներին, Լևոն Ջավախյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը բառացի ասում է՝ Սահմանադրությունն էլ է ինքը, արդարադատությունն էլ՝ հետը։
«Բառացի ասում է՝ եթե իր ասածները դատավորները չանեն, ուրեմն հօդս կցնդեն, դատախազն էլ՝ հետը։ Ստացվում է, որ եթե մեկը հանձն է առել դատելու Կաթողիկոսին՝ կդատի։ Մնում է մենք սպասենք Աստծո դատին, կտեսնենք՝ այս ամենը մարսելո՞ւ են, թե՞ ոչ»,- ընդգծեց Լևոն Ջավախյանը։

