Որտե՞ղ է ավարտվում իրավունքը և սկսվում պատասխանատվությունը. Պատերազմի ու պարտության քաղաքական գինը

Մարտի 21-ին 168.am-ը՝ «Սեպտեմբերյան պատերազմներից առաջ և հետո. Ի՞նչ է այսօր փոխվել, և ի՞նչ չի փոխվել, իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում հանրության հիշողության վրա «խաղալը»» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ որպես արձագանք սեպտեմբերյան նոր աղետաբեր պատերազմի մասին փաշինյանական զգուշացման կամ սպառնալիքի, ինչը շարունակվում է:

Իսկ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե սեպտեմբեր ամիսը պայմանական է ասվել՝ նկատի ունենալով ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ նման հեռանկար կարող է լինել, Միրզոյանը միանշանակ համաձայն է իր քաղաքական առաջնորդի հետ:

«Մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք՝ խաղաղության կուսակցությունն ենք, իսկ մյուսների ասածն այնքան անհեռանկար է և վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Սա այնքան ճիշտ է և անխոցելի, որ գալիս մեզ ասում են՝ լավ էլի, էդ մի ասեք, որովհետև ընտրական մրցապայքարում մենք կարող է այդքան հաջողակ չլինենք»։

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ եք որոշել, որ իրենք պատերազմի ուժեր են, նա կարճ արձագանքեց. «Դա մեր քաղաքական իրավունքն է։ Ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ, ո՛չ, չեմ տեսնում։ Ինչո՞ւ ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է, և մենք օրենք չենք խախտում»։

Կարդացեք նաև

Տվյալ դեպքում խնդիրն օրենք խախտել-չխախտելը չէ, ենթադրենք, քաղաքական մրցակցություն է, նախընտրական քաղաքական տակտիկա, հարցը նրանում է՝ Արարատ Միրզոյանն ընդունո՞ւմ է, որ ընդդիմության կամ դիմության հայտարարությունը կարող է պատերազմ հրահրել: Եթե այո, ապա կարող ենք ասել, որ 44-օրյայից առաջ Նիկոլ Փաշինյանի հայտնի բոլոր հայտարարությունները հրահրե՞լ են 44-օրյա պատերազմը, կամ՝ առնվազն մոտեցրել, որոնց պակասը չի եղել: Իհարկե, այստեղ Արարատ Միրզոյանը կարող է արդարանալ, որ այդ պատերազմի արմատները խորն են, ինչպեսև հետո արել է:

«Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետևանք է եղել. ամենապարզունակ և միամիտ քայլը կլինի ասել, որ էսինչը կամ էնինչը պատերազմ է բերել, պատերազմը հետևանք էր: Մեր օրոք լրիվ ուրիշ բան է: Այո՛, մեր օրոք է եղել, բայց անհեթեթություն է ասել, թե՝ դուք եք բերել պատերազմ։ Դա հետևանք է 30 պլյուս տարիների, այդ թվում՝ սխալ քաղաքական մտքի շրջանակներում մնալու, չհասկանալու հետևանք է, որ պետք է այդ հարցը լուծվեր և այլ կերպ չէր կարող լուծվել, և այլն»,- շարունակել է ՀՀ արտգործնախարարը:

Բայց այս պնդումը ևս կարող է չդիմանալ քննադատության, քանի որ մի կողմից՝ Փաշինյանը որոշել էր բանակցությունները զրոյական կետից սկսել, մյուս կողմից՝ ավելի ուշ խոստովանել էր, որ իր համար ի սկզբանե պարզ էր՝ «Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու», որ բանակցությունները հենց սկզբից «դրա շուրջ են եղել»:

Բայց չգիտես՝ ինչու, սա չի խանգարել Փաշինյանին Արցախի կարգավիճակի հարցում «էվոլյուցիոն» ճանապարհ անցնել և «համոզել» հանրությանը, որ տվյալ պահին այս կամ այն տեսակետն է ճիշտ, որոնք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին չէին: Բացի այդ՝ եթե 44-օրյա պատերազմը հետևանք էր 30 տարվա բանակցությունների, և ենթադրենք՝ Փաշինյանն էլ չի սկսել զրոյական կետից, ինչո՞ւ կամ ինչո՞ւմ է ձախողել Փաշինյանի իշխանության դիվանագիտությունը, որ պատերազմ սկսվեց, երբ երկու տարի հրադադարի ռեժիմը համեմատաբար պահպանվում էր:

Ալիևի ասա՞ծն է պատճառը. նա 2020 թվականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի սկզբին, ասել էր հետևյալը.

«Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»:

Խոսքը, ըստ էության, վերելակային պայմանավորվածությունների մասին է:

Կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանը պայմանավորվածություն է խախտել, կամ՝ առնվազն խաբել հանրությանը, եթե, մասնավորապես, հաշվի առնենք հետպատերազմյան երկու դրվագ:

Առաջին, 2020 թվականի նոյեմբերի 29-ին Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ մի ուշագրավ ձևակերպում էր թույլ տվել, ավելի ճիշտ՝ խոստովանություն:

«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»: Եվ սա այն դեպքում, որ պատերազմից մեկ օր առաջ իր ընտանեկան թերթի միջոցով հերքել էր Թուրքիայի ուղիղ դերակատարությունը հնարավոր պատերազմում կամ հակամարտության կարգավորման հարցում:

Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո՝ 2022 թվականի ապրիլին, ևս մեկ խոստովանություն էր արել՝ կարող էր «կանխել պատերազմը, և կունենայինք նույն վիճակը՝ առանց զոհերի»: Իհարկե, հարց է, թե ո՞ր վիճակը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ եղա՞ծի, թե՞ 7 շրջանների հանձնման կամ 30 տարվա բանակցային փաթեթներում նկարագրվածը, հնարավոր է՝ վերջինը, քանի որ խոսքն ասվել է նախկինների բանակցածների համատեքստում:

Ամեն դեպքում, Արարատ Միրզոյանը որքանո՞վ է ճիշտ, երբ չի խոսում իրենց իշխանության պատասխանատվության մասին, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի համատեքստում, հատկապես, երբ իշխանափոխությունից հետո արտաքին գործերի մի քանի նախարար է փոխվել: Չէ՞ որ պատերազմը պետությունն է վարում, ինչո՞ւ, բացի բանակից, այլ կառույցներից պատասխան տվողներ չկան:

Ի դեպ, գործող Արտաքին գործերի նախարարը համաձա՞յն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որ հուլիսյան մարտերը բանակցային իրավիճակ են փոխել, որ վնասել են բանակցային գործընթացին:

Այն նույն հուլիսյան մարտերը, որի համատեքստում Փաշինյանը սադրիչ հայտարարություններ և քայլեր էր անում, իսկ գուցե Արարատ Միրզոյանը կարծում է, որ ընդհակառակը՝ այդ օրերին Ադրբեջանի լուրջ պլան է ձախողվել մեր բանակի շնորհիվ, որի մասին ամբողջապես հայտնի էլ չի:

Չմոռանանք, որ Տավուշում 3-րդ բանակային կորպուսի շնորհիվ դեռ 2019 թվականին ունեցել ենք դիրքային լուրջ բարելավումներ, որոնց տրամաբանական շարունակությունն էին գուցե ինչ-որ առումով 2020 թվականի հուլիսյան մարտերը, իսկ այդ օրերին այսօր արդեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ոգևորված գրառումներ էր անում:

Մասնավորապես, 2019-ի օգոստոսի 19-ին նա ֆեյսբուքյան իր էջում նախ գրել էր, թե՝ «Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունն ապահովված է, Չինարին էլ չի կարող գնդակոծվել», այնուհետև գրառումը թեթևակի սրբագրել էր՝ «Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը»:

Տավուշում դեռ շարունակվելիք սահմանազատման գործընթացում արդյո՞ք մենք չենք կորցնելու այս հաջողությունը, որը ոգևորությամբ արձանագրում էր Միրզոյանը:

Ով քանի որ արտաքին գերատեսչության ղեկավարը խոսեց պատերազմի՝ որպես հետևանք լինելուց, կարո՞ղ է ասել՝ ինչի՞ հետևանք էին 2021-2022 թվականների ադրբեջանական առաջխաղացումները, սեպտեմբերյան հայտնի մարտերը և, ինչո՞ւ չէ՝ 2023 թվականի Արցախի հայաթափումը, ինչ փաստաթուղթ էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրադադարի՞, խնդիրների անցումային լուծմա՞ն, թե՞… Կամ՝ ինչի՞ հետևանք է ԹՐԻՓՓ-ը, որը թուրք-ադրբեջանական խոսույթում դեռ մնացել է «Զանգեզուրի միջանցք», որի վերաբերյալ պահանջի հարցում Բաքուն հղում էր անում նոյեմբերի 9-ի փաստաթղթին:

Ի դեպ, երեկ երևանյան նախընտրական իր շրջայցի ժամանակ Փաշինյանը հանկարծ հիշել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին՝ նշելով.

«ՀՀ-ում քաղաքական էլիտան ինձ մեղադրում էր դավաճանության մեջ, բայց մի կին ինձ ասաց՝ շնորհակալ է, որ ստորագրել ենք «Նոյեմբերի 9-ի» թուղթը»:

Իհարկե, գուցե ընդդիմությունը եռակողմ հայտարարությունը պետք է թիրախում պահեր այլ տրամաբանության մեջ, որ դրա քիչ թե շատ հայանպաստ կետերը պահպանվեին, բայց Նիկոլ Փաշինյանը չպետք է մոռանա, որ այդ փաստաթղթի առաջին խախտողն ինքն է եղել, երբ դրա ստորագրումից մեկ ամիս հետո Սյունիքից զորքի հետքաշման հրաման տվեց, թեև կողմերը պիտի մնային պատերազմից հետո զբաղեցրած դիրքերում: Ավելին՝ դեռ փաստաթղթի ժամկետը չլրացած՝ տեղի է ունեցել Լաչինի միջանցքի փակում, ապաշրջափակում և հետո արդեն Արցախի ամբողջական հայաթափում, իսկ ՌԴ-ն էլ դուրս է մղվել ապաշրջափակման գործընթացից, որի վերաբերյալ մի քանի եռակողմ հայտարարություն է ստորագրվել:

Սրան հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմից հետո հայտարարել էր, որ՝ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն ավելի շատ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայմանն էր վերաբերում»: Այսինքն, այն հրադադարի փաստաթուղթ էր, որը պիտի կարողանար Փաշինյանի իշխանությունը պահպաներ և ամրապնդեր, այլ հարց էր, որ հրադադարի փաստաթղթում կային կետեր, որ չպետք է լինեին կամ հատուկ չէին հրադադարի փաստաթղթին:

Վերադառնալով նոր պատերազմի հավանականությանը՝ նշենք ևս մեկ փաստ. 2026 թվականին առնչվող ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցում նշվում է. «Երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները»:

Ավելին, Արտաքին հետախուզական ծառայությունն արձանագրում է, որ՝ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։

Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։

Բացի այս, ԱՀԾ-ն ուշադրություն է հրավիրվել նաև հետևյալի վրա.

«Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ, դրանք ունեն մեծ ներուժ՝ մի կողմից՝ բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից՝ տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով»:

Այսինքն՝ ինչպես խաղաղությունը, այնպես էլ էսկալացիան գին ունեն, հարց է՝ կողմերից ով ինչ գին է վճարում, և արդյո՞ք բոլոր կողմերն են գին վճարում, և սրա մեջ գործող իշխանություններն են մտել: Այստեղից հարց է առաջանում՝ գործող իշխանության չհաղթելու դեպքում հնարավոր նոր պատերազմը կարո՞ղ ենք Արարատ Միրզոյանի օրինակով համարել Փաշինյանի իշխանության միակողմանի զիջումներ և շահեր ենթադրող բանակցությունների հետևանք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031