Ռուբիոն Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Իսրայելի հետ կնքված եռակողմ համաձայնագրի իրագործումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ռուբիոն վերահաստատել է Միացյալ Նահանգների հաստատակամ հանձնառությունն՝ աջակցելու Լիբանանին եռակողմ շրջանակային համաձայնագրի իրականացման գործում, ինչը Լիբանանի և Իսրայելի միջև կայուն խաղաղության հասնելու միակ ուղին է։ Նա բարձր է գնահատել վարչապետ Սալամի կառավարության ջանքերն՝ ուղղված պետական ​​իշխանության տարածմանը, և վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն ինքնիշխան Լիբանանի պետությանը, որը «զերծ կլինի «Հեզբոլլահ»-ի և Իրանի կործանարար ազդեցությունից»։

Լիբանանի վարչապետն իր հերթին X հարթակում գրառման մեջ նշել է, որ հանդիպման ընթացքում ընդգծել է եռակողմ շրջանակային համաձայնագրի ակտիվացման փուլ անցնելու և փոխադարձության ու փուլային իրականացման սկզբունքները գործնական քայլերի և տեղում շոշափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։

«Սա կհանգեցնի Լիբանանի լիակատար ինքնիշխանության վերականգնմանը, Իսրայելի լիակատար դուրսբերմանը Լիբանանի տարածքից և երկրի ողջ տարածքում զենքի նկատմամբ պետության վերահսկողության ապահովմանը», – նշել է նա։

Վարչապետը նաև ընդգծել է համաձայնագրում նշված պարտավորությունների իրականացման համար հստակ ժամանակացույց սահմանելու կարևորությունը։

Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելցի զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

Չնայած ստորագրված համաձայնագրին՝ Իսրայելը շարունակում է թիրախավորել Լիբանանի հարավային շրջանները, որի հետևանքով հազարավոր մարդիկ տեղահանվել են, զոհվել ու վիրավորվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930