Սիրիայում ՌԴ ներկայության նոր մոդելը և Ֆիդանի՝ կովկասյան պակտի մասին ակնարկը. Անկարայի չերևացող և երևացող հաշվարկները
Սիրիայի Արաբական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տեղի ունեցած մոտ 1.5 տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը կարգավորում է Տարտուսում և Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմական բազաների ապագան։
Ըստ դրա՝ քաղաքացիական օբյեկտները լինելու են Սիրիայի վերահսկողության ներքո, իսկ ռուսական ռազմաբազաները դառնալու են համատեղ ուսումնական կենտրոններ:
Հուշագիրը սահմանում է առավելագույնը երեք ամիս ժամկետ անցումային շրջանն ավարտելու համար, որից հետո ուժի մեջ կմտնեն նոր պայմանավորվածությունները։
Նշենք, որ 2026 թվականի հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել էր Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել էին Սիրիայում ռուս զինվորականների ներկայության կամ ռուսական ռազմաբազաների ճակատագրի հարցը:
Ի՞նչ է ենթադրում Դամասկոս-Մոսկվա նոր ձևաչափի համագործակցությունը, կամ ո՞րն է դրա ռազմավարական նշանակությունը
Սիրիան վերականգնում է լիակատար ինքնիշխանությունը սեփական տարածքային ու քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ՝ միաժամանակ պահպանելով ռազմատեխնիկական կարևոր աջակցությունը։ Իսկ Ռուսաստանը պահպանում է իր աշխարհաքաղաքական ներկայությունը Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովում, սակայն նվազեցնում է ռազմական ծախսատարությունը և ուղղակի ռազմական ռիսկերը։
Այստեղ չենք կարող չնկատել Թուրքիայի երևացող և չերևացող գործոնը, հատկապես, եթե հիշենք հունիսին Ռուսաստան կատարած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այցը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների բովանդակությունը և դրանից հետո արված հայտարարությունները: Մասնավորապես, Լավրովը հայտարարել էր.
«Պայմանավորվել ենք անվտանգության ապահովման հարցերում սերտորեն փոխգործակցել Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև՝ Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում։ Մենք ամենուր լավ կապեր ունենք թուրք գործընկերների հետ: Աշխատում ենք փոխլրացման սկզբունքով կամ հիմունքով»։
Այսինքն, ըստ էության, Սիրիայում ռուսական ռազմական ներկայության ձևափոխումը (ռազմաբազաների վերածումը համատեղ ուսումնական կենտրոնների) տեղի է ունենում Անկարայի հետ նախապես համաձայնեցված և փոխադարձ պայմանավորվածությունների շրջանակում, եթե չասենք, որ Դամասկոս-Մոսկվա հուշագիրը Մոսկվա-Անկարա ավելի լայն ռազմավարական սակարկությունների և տարածաշրջանային ազդեցության գոտիների վերաբաշխման արդյունք է։
Նշենք, որ մոտ երկու տարի առաջ Թուրքիան ակտիվորեն սկսեց աջակցել Սիրիայում նոր կանոնավոր բանակի ձևավորմանն ու զարգացմանը՝ ներգրավելով թուրք ռազմական մասնագետների և խորհրդատուների: Իսկ այժմ Թուրքիան հայտարարում է, որ ցանկանում է զարգացնել տնտեսական հարաբերությունները Սիրիայի հետ՝ համապատասխանեցնելով ժամանակակից աշխարհի պահանջներին, ինչը, մասնավորապես, ենթադրում է երկկողմ առևտրի ծավալը մեծացնելու նպատակով տրանսպորտային ենթակառուցվածքների ներդաշնակեցում:
Հիմա մի փոքր շեղվելով թեմայից, հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել մի դրվագի վրա: Օրերս Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև ստորագրվեց «Մեքքայի համատեղ պաշտպանության» համաձայնագիրը, որին, ինչպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն է ասել, հույս ունեն, որ «հաջորդ փուլին կմիանա Եգիպտոսը»։ Միաժամանակ նա, առանց անուններ տալու, նշել է, որ կան նաև այլ պետություններ, որոնք ցանկանում են միանալ այս համաձայնագրին։ Բայց ուշագրավ դրվագը վերաբերում է Ֆիդանի մեկ այլ հայտարարությանը.
«Օրինակ՝ Ադրբեջանն ու Հայաստանը գնում են դեպի վերջնական խաղաղության համաձայնագրի կնքում, և Անկարան աջակցում է այդ գործընթացին։ Այդ դեպքում հեռանկարներ են հայտնվում անվտանգության և տնտեսության ոլորտում։ Եվ ժամանակի ընթացքում Կովկասում նույնպես կարող է անհրաժեշտություն առաջանալ նմանատիպ համաձայնագրի՝ պաշտպանական դաշինքի ստեղծման»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանի դիտարկմամբ, կարևոր է ամրապնդել հանձնառությունը տարածաշրջանի նկատմամբ, քանի որ արտաքին հեգեմոնները չեն լուծում տարածաշրջանի խնդիրները, այլ միայն սրում են դրանք, և դրա գինը շատ բարձր է լինում։
«Տարածաշրջանի երկրներին անհրաժեշտ է շարժվել առավել ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, ինչը թույլ կտա երաշխավորել սեփական անվտանգությունը, տնտեսական կայունությունը, զարգացումն ու բարգավաճումը»,- ընդգծել է նա:
Ըստ էության, չբացառելով Հարավային Կովկասում պաշտպանական պակտի հնարավորությունը, Ֆիդանը «գաղտնազերծում» է Անկարայի ռազմավարական ամենաամբիցիոզ պլաններից մեկը։
Թեև նշվածը դեռևս հայտարարության մակարդակում է, բայց կարո՞ղ ենք համարել ՀԱՊԿ-ին զուգահեռ կամ դրան փոխարինող կովկասյան դաշինքի ստեղծումը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրսմղման փորձ: Այսինքն, Հայաստանին առաջարկվում է «անվտանգության նոր համակարգ», որտեղ երաշխավոր է դառնում Թուրքիան: Դեռ չենք խոսում, որ Թուրքիայի ազդեցության մեծացումը Թեհրանի համար լուրջ սպառնալիք է:
Ի՞նչ է ստացվում. մի կողմից՝ Սիրիայում Ռուսաստանը «ռազմական» սահմանափակումների է գնում՝ փորձելով պահպանել իր ներկայությունն ուսումնական կենտրոնների տեսքով, փոխարենը՝ Թուրքիան բարձրացնում է Կովկասում պաշտպանական դաշինքի ստեղծման հարցը՝ ըստ պահի անհրաժեշտության:
Իսկ թե այս դեպքում ինչպես պետք է հասկանալ Լավրովի միտքը, թե «Ռուսաստանը թուրքական կողմի հետ սերտորեն փոխգործակցում է նաև Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցերում», այս պահին թողնենք ժամանակի քննությանը:
Ամեն դեպքում, մի քանի հիշեցում անենք: Առաջին, ՀԱՊԿ անդամները նոյեմբերին քննարկելու են Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու հարցը՝ անդամավճարը չվճարելու պատճառով: Իսկ վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ տարբեր մակարդակներում քննարկվում էր Իրան-Ռուսաստան-Հայաստան կամ Իրան-Հայաստան ռազմական դաշինքի անհրաժեշտության մասին, հատկապես, երբ գոյություն ունի Թուրքիա-Ադրբեջան Շուշիի հռչակագիր:

