Էլի հրատապ, էլի առանց մրցույթի․ ՆԳՆ-ն միլիոնավոր դրամների հերթական գնումն է կատարել «Արտ լանչ»-ից
Ներքին գործերի նախարարությունն իր հերթական առանց մրցույթի, հրատապ մեկ անձ ընթացակարգով գնումն է կատարել «Արտ լանչ»-ից՝ իրավաբանական անվանումը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ։ Էլեկտրոնային գնումների հարթակից տեղեկանում ենք, որ կողմերի միջև «սննդի մատուցման» ծառայությունների պայմանագիրը կնքվել է հուլիսի վերջին։ Պայմանագրի գին է նշվել 72 միլիոն 204 հազար դրամը` շուրջ 196 հազար 178 դոլար։ Այս գումարի շրջանակում ՍՊԸ-ն պարտավորվել է հուլիսից դեկտեմբեր ծառայություններ մատուցել ոստիկանության ծառայողների համար։
Մեկ անգամ չէ, որ 168.am-ը գրել է, թե ինչպես այս իշխանությունների օրոք «Արտլանչ»-ի գործերն «առաջ ընկան»․ այս ՍՊԸ-ին վստահվեցին մի քանի ՔԿՀ-ների, ՊՆ զորամասերի սննդամատակարարումը։
Ի դեպ, մի քանի ամիս առաջ գրել էինք՝ ՆԳՆ-ն դարձյալ ՀՄԱ ընթացակարգով մարտի 18-ին «Ռեդի-Սթեդի»-ից գնել է 160 միլիոն դրամի ճաշարանների կառավարման ծառայություններ․ մատակարարման ժամկետ է նշվել մարտի 7-ից մինչև դեկտեմբերի 29-ը ներառյալ։
«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն՝ «Արտ լանչ»-ը, գրանցվել է 2002 թվականից, իսկ պետգնումներում հայտնվել է 2017 թվականից, իսկ 2018 թվականից սկսել գերակտիվությունը պետգնումներում՝ 100 միլիոնավոր դրամների հարյուրավոր պայմանագրեր՝ պետական տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ոչ մրցակցային գնման եղանակով։
Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Բակուր Մելքոնյանի տիկնոջը՝ Գայանե Մարգարյանին:

