35 տարի առաջ այս օրերին Բաքվում հայությունը ենթարկվում էր ջարդերի, որոնք կազմակերպված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից։
«Այստեղ մի մեծ հարց կա՝ ովքե՞ր են այս մարդկանց բերել իշխանության։ Առաջին անգամ չէ, որ այսպես է, այսպես եղել է դարեր շարունակ, երբ Հայաստանը սկսել է ոտքի կանգնել, բերել են դրածոների, ճիշտ ընտրություն չեն կատարել, և Հայաստանի առաջընթացը մի քանի տարի հետ է ընկել, կորցրել է տարածքներ և այլն։ Ցավով եմ ասում, բայց մեր երկրում մեր ժողովուրդը ճիշտ չի գնահատում իրավիճակը և մարդկանց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Բակուր Կարապետյանը։
«Ես այս ամենը Նիկոլի վրա չեմ բարդում, նա ո՞վ է առհասարակ, որ նման մասշտաբի բան անի, ո՞վ նրան բերեց իշխանության, մեր հանրությունը սա պետք է պարզի, պարզ է, չէ՞, որ նա թիկունքին այլ մարդիկ են»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։
«Ես չեմ մեղադրում նախկին նախագահներին, չեմ կարող նրանց ասել՝ թալանչի են և այլն, իսկ այս նորին՝ Նիկոլ Փաշինյանին, դավաճան չեմ կարող ասել, որովհետև նա ավելին է՝ նա թշնամի է հայ ազգին։ Ժողովուրդը չէր կարող նման ղեկավար ընտրել, պարզապես չէր կարող։ Թուրքերը թշնամիներով են լցրել ամբողջ Հայաստանը, գործակալներ են այստեղ լցրել»,- ընդգծեց նա։
Հրապարակախոս, սումգայիթյան, Մարաղայի ջարդերի վավերագրող Բակուր Կարապետյանի խոսքով՝ արցախահայերի ինտեգրումն Ադրբեջանի կազմ և ադրբեջանցիների հետ համակեցությունն անհնարին բան է, այսօր այս ամենն ավելի անհնարին է դարձել, քան, օրինակ, 30-40 տարի առաջ էր, քանի որ Ադրբեջանը վայրագ ու ցեղասպան քաղաքականությամբ պայմանավորված՝ գործընթացը դժվարացրել է։